ՊՈԵԶԻԱ, ՈՐ ՋՆՋՈՒՄ Է ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՌՈՒԲԵՆ ՆԱՀԱՏԱԿՅԱՆ Օրերս «Ապոլոն» հրատարակչությունը լույս ընծայեց սերբ անվանի բանաստեղծուհի Լյուբիցա Միլետիչի «Արարատի հողմերը» երկլեզու ժողովածուն Լյուբիցա Միլետիչը սերբական ժամանակակից պոեզիայի նշանավոր դեմքերից է, լայնորեն ճանաչված ոչ միայն իր հայրենիքում, այլեւ նրա սահմաններից դուրս: Շուրջ տասը գրքերի հեղինակ է: Բանաստեղծությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, առանձին գործեր նաեւ հայերեն, որոնք տեղ են գտել 20-րդ դարի սերբական պոեզիայի «Կոսովյան արեւ» անթոլոգիայում («Ապոլոն» հրատարակչություն, 2003): Նրա բանաստեղծական ներկապնակը հարուստ է հայրենի եզերքի պատկերներով: Իր ժողովրդի արյունոտ անցյալը կրող բանաստեղծուհին միաժամանակ մտահոգ է նրա ներկայով ու ապագայով: Նրան հանգիստ չի տալիս հայրենի Կոսովոյի արնածոր ու չսպիացող վերքը եւ գուցե դա է պատճառը, որ նա բանաստեղծական խոսքով բարձրաձայնում է ճշմարտությունը: Նրա խոսքը դիպուկ է, սթափեցնող եւ ամոքող` համակված պատկերայնությամբ ու ինքնատիպ գուներանգներով: Այն նորություն ու թարմ խոսք է պոեզիայում: Տարբեր արտահայտչաձեւերով եւ այլաբանական պատկերներով բանաստեղծուհին հարկադրում է կարեւորն ու առանցքայինը փնտրել տողատակին` հանձնելով այն բանալին, որով բացվում է հեռու ու անհիշելի ժամանակների խորհրդավոր դարպասը` իմաստության դարպասը: «Այսօր, երբ արդի եվրոպական պոեզիան ողողված է կեղծ ու ծամածուռ մոդեռնիզմի հաճախ անարմատ ու անհասցե դրսեւորումներով, այդ համապատկերում սերբ բանաստեղծուհու ստեղծագործությունները առանձնանում են, դրանցից ճառագող լույսի ու հույսի, ազնվամտության ու արդարության շողերը, բարության սերմեր են սփռում ընթերցողի հոգում, ցրում է հազարամյակների մշուշը` մոռացությունից ոգեկոչելով քաղաքակրթության արժեքները»,- գրում է առաջաբանի հեղինակը: Եվ, իհարկե, անափ հույս ներշնչում ապագայի հանդեպ: Բանաստեղծուհին ավելի հեռուն է տեսնում` հայացքը հառելով սերբ ժողովրդի պատմության ամենադրամատիկ խաչմերուկներին` 1389 թվականի Կոսովոյի ճակատամարտին, շարունակում է ճամփորդել Բյուզանդիայում ու Հայաստան աշխարհում, որոնում ու գտնում է քաղաքակրթության ակունքները, քրիստոնեության` հրաշքով փրկված սրբալույս նշխարները: Նրա աչքից չեն վրիպում Հայոց մեծ եղեռնի անանց ու անամոք վերքերը, մարտիրոսությունների մեր դարավոր ուղին, նաեւ հաղթանակած ժողովրդի հպարտությունը, ազատագրված Արցախը: Առաջաբանի հեղինակը` բանաստեղծ-թարգմանիչ Բաբկեն Սիմոնյանը հաճախ է առիթներ ունեցել Լյուբիցա Միլետիչի հետ զրուցելու հայերի ու սերբերի պատմական ճակատագրերի ընդհանրության մասին: Ամեն անգամ նրան զարմացել է, թե երբ եւ ինչպես է Լյուբիցան հասցրել այդքան բան իմանալ Հայաստանի, նրա պատմության ու մշակույթի մասին: Ավելի քան քսան տարի առաջ, երբ նրանք ծանոթացան Բելգրադում, Միլետիչը մեծ ցանկություն հայտնեց այցելելու մեր երկիրը: Տարիներն անցնում էին, իսկ Հայաստանի հանդեպ նրա սերն ավելի էր խորանում: Սիմոնյանը, խոստումի համաձայն, կազմակերպեց նրա այցը: 2012 թվականին Միլետիչը առաջին անգամ այցելեց Հայաստան ու Արցախ: Արարատի երկրում նա տեսավ այն ամենը, ինչի մասին միայն լսել ու երազել էր: Ոգեշնչված մեր երկրի հիասքանչ պատկերներով, բանաստեղծությունների մի ամբողջ շարք գրեց, որոնցում հառնում են մեր սրբությունները` Արարատն ու Գառնին, Երեւանն ու Արցախը, Սուրբ Մեսրոպ Մաշտոցն ու Տրդատ արքան, մեր դարավոր վշտերն ու չսպիացող վերքերը, նաեւ` արյամբ սրբագործված հաղթանակները: Նույն ցավով է գրում Լյուբիցա Միլետիչը թե կորուսյալ Կոսովոյի, թե մեր դարավոր կորուստների մասին: Այնքան հայաշունչ են Հայաստանին ու Արցախին նրա խոստովանությունները, որ մի տեսակ լեզուդ կարկամում է, մտորում եսՙ մի՞թե դրանց հեղինակը օտարազգի է: Թերեւս դա էլ առիթ հանդիսացավ, որ Բաբկեն Սիմոնյանը իր գրչընկերոջ` բանաստեղծ-թարգմանիչ Գագիկ Դավթյանի հետ ձեռնամուխ լինի Լյուբիցա Միլետիչի բանաստեղծությունների հայերեն գրքի ստեղծմանը: Գագիկ Դավթյանը ձեռքի տակ ունենալով Միլետիչի` Մոսկվայում լույս տեսած սերբերեն-ռուսերեն երկլեզու գիրքը, իր անթաքույց հիացմունքն արտահայտելով Լյուբիցայի պոեզիայի հանդեպ, մի ամբողջ շարք թարգմանեց, որ լույս տեսավ մամուլում: Սերբ բանաստեղծուհին, այնուհետեւ, ուղարկեց Հայաստանին նվիրված ստեղծագործությունների մի ամբողջ շարք, որը ոգեշնչեց երկու բանաստեղծներին, իսկ այդ ամենի արդյունքում էլ ծնունդ առավ Միլետիչի բանաստեղծություններն առանձին գրքով ներկայացնելու գաղափարը: Լյուբիցա Միլետիչի «Արարատի հողմերը» ժողովածուն դարձավ գրական ինքնատիպ կամուրջ, խոսք` ուղղված ոչ միայն հայ եւ սերբ ժողովուրդներին, այլեւ քրիստոնեական աշխարհին, առողջ բանականությամբ առաջնորդվող բոլոր մարդկանց: Նշենք նաեւ, որ գիրքը տպագրվել է պետական պատվերով, Երեւանում` ապրիլի 16-ից 21-ը կայանալիք Պոեզիայի միջազգային առաջին փառատոնի շրջանակներում, որին հրավիրված է մասնակցելու սերբ բանաստեղծուհին: Այդ օրերին տեղի կունենա նաեւ Լյուբիցա Միլետիչի «Արարատի հողմերը» գրքի շնորհանդեսը: |