«ՓԱԿ ՇՈՒԿԱ». ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆԸ Հ. Հ. Երեւանի համայնքային բյուջեն այս տարի 23 միլիարդ դրամ կհատկացնի կանաչապատման, նորոգման, հիմնանորոգման եւ վերանորոգման աշխատանքների համար: Աշխատանքներ կկատարվեն բոլոր համայնքներումՙ այդ կերպ նպաստելով մայրաքաղաքի համաչափ զարգացմանը: Վստահեցումը փոխքաղաքապետ Կամո Արեյանինն է: Նա շեշտում է, որ առաջնային խնդիրը փողոցների վերանորոգումն է: Այս տարի կշահագործվի 18 ֆուտբոլային դաշտ, կավարտվի նաեւ Իսկաով-Լենինգրադյան եւ Ուլնեցի-Ռուբինյան ավտոճանապարհների կառուցումը: Բնակարանային շինարարությունը նույնպես քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է: Այս տարի շահագործման կհանձնվի 226 բնակարանով երկու շենք, որտեղ կբնակվեն չորրոդ աստիճանի վթարային շենքերի բնակիչները: «Փակ շուկայի» խնդիրն էլ շարունակում է Երեւանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում մնալ: Մայրաքաղաքի գլխավոր պատասխանատուներն այժմ սպասում են մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի եզրակացությանը շուկայում ընթացող շինարարության վերաբերյալ: Կամո Արեյանը շեշտում է, որ միայն լիազորված մարմնի եզրակացությունից եւ առաջարկից հետո իրենք կքննարկեն հետագա նախագծերը: Փոխքաղաքապետը հիշեցրեց, որ իրենք տվել են շինթույլտվություն հիմքերի ամրացման համար: Իսկ ստորգետնյա հատվածի կառուցման համար թույլտվություն տվել են միայն այն բանից հետո, երբ մշակույթի նախարարությունը դրական եզրակացություն է տվել: «Սակայն կառուցապատողը դուրս է եկել աշխատանքների շրջանակներից եւ երկու անգամ քաղաքապետի որոշմամբ ենթարկվել վարչական տույժի», ասաց Կամո Արեյանը: Անդրադառնալով հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ստեղծված անհարմարությանը, երբ նախկին քաղաքապետ, ներկայիս կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանն Արեյանին «բռնացրել» էրՙ ասելով, որ կառուցապատողների կողմից տուժած մարդիկ շատ կան ու ինքը պատրաստ է անգամ հասցեներ տալ, Արեյանն ասաց, որ կառավարության նիստերին մասնակցում է քաղաքապետի հանձնարարությամբ, պատրաստված է ու կոմպետենտ իր ոլորտում ծառայական պարտավորություններին առնչվող հարցերին: «Վարչապետի տված հարցինՙ կա՞ն նման ռիսկեր, տվել եմ համարժեք պատասխան: Տարբեր մտքերի փոխանակությունից հետո խնդրել եմ պարզաբանում տալ, առաջարկել եմ տարանջատել նման ռիսկային գոտիները երկու խմբիՙ գոտիներ, որոնք վերաբերում են իրացման գոտուն, որտեղ չկա քաղաքացուց գումարի գանձման խնդիր, այլ այսօր կա պայմանագրային պարտավորությունների ժամկետների խախտում, եւ գոտիներ, որոնք դուրս են իրացման գոտուց, երկու սուբյեկտների քաղաքացիաիրավական հարաբերություն. մարդիկ, մասնավոր շենքեր են կառուցել, ունեցել են գործարքներ անհատ քաղաքացիների հետ, ձախողվել են այդ գործարքները, եւ նրանք պարտավոր են դատական կարգով պարզել իրենց հարաբերությունները: Սա ռիսկի առանձին խումբ է, ինչը վերաբերում է ավելի շատ զեկուցվող հարցերին», ասաց Արեյանըՙ հավելելով, որ նախկին վերադասի հակադարձումը չի պատրաստվում մեկնաբանել, քանի որ դրա պարտավորությունը չի զգում: |