ԵՐԲՎԱՆԻՑ Է ՄԱՐԴՆ ԱՊՐԵԼ ՀՐԱԶԴԱՆԻ ԿԻՐՃՈՒՄ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ Հրազդանի ձորը մարդկության ամենաառաջին եւ ամենահին բնակատեղիներից է: Անհիշելի ժամանակներից կյանք է եռացել կիրճում: Այստեղ եղած բնակատեղիները դարեր շարունակ հսկել են հաղորդակցության առափնյա ուղին` ծաղկելով եւ մեծ օգուտ քաղելով հարմար դիրքից: Հրազդանի ձորի տարբեր շերտերը կրում են Երեւանի ողջ տարածքի` հազարամյակների խորքը գնացող կյանքի ու կենցաղի հետքերը: Հրազդանի կիրճում գտնված բազմաթիվ քարայր-կացարաններում մարդիկ բնակվել են Սառցի ժամանակաշրջանից, հետագայում ջերմացման ժամանակ դուրս են եկել քարայրներից եւ բացօթյա կացարաններ կառուցել հենց քարայրների հարեւանությամբ, հետո անցել պատմության բոլոր ժամանակահատվածներով` ձորափերում թողնելով բերդերի, բնակատեղիների, կիկլոպյան ամրոցների, դամբարանադաշտերի հետքերը` ուրարտական փառավոր պետության վկայագրերից սկսած մինչեւՙ Ձորագյուղի անապատ», բանավոր զրույց առասպելներից մինչեւ գրավոր կավե սալիկներով արքունի դիվանատուն: Մեզ փոխանցված հսկա ժառանգությունը կարող է խոսել մի լեզվով, որը կոչվում է մշակույթի լեզու: Այդ լեզուն չիմացողը իրերի հետեւում չի կարող գտնել թաքնված բուն իմաստը: Իրերը շատ երեսներ ունեն, մեկ երեսը կարդալը դեռեւս չի նշանակում, որ ըմբռնեցինք երեւույթը խորությամբ: Այնքան շատ են Հրազդանի կիրճի հնությունները, նրանցից շատերը` ոչ վաղ անցյալում հայտնաբերված, որ ինչպես քարայրագետ Բենիկ Երիցյանն էր ասում` իմաստունի կարիք կա, որ կարդա ու հասկանա, թե ինչի մասին է այս կամ այն վկայագիրը, սովորական մարդը դժվար ըմբռնի մեզ փոխանցված ժառանգության թաքնված գիտելիքը: Անգամ գրավոր մատյաններում մեզ փոխանցված պատմությունները նորովի կկարդանք, եթե վերջապես կարողանանք ուսումնասիրել թեկուզ Հրազդանի կիրճի նյութական հսկայական մշակույթի կրող պալեոլիթյան քարայրերը, որ ընդամենը կես դար առաջ դեռ հայտնագործված չէին Հայաստանում: 1966 թվականից կիրճի պարբերական եւ համակարգված ուսումնասիրություններն ի հայտ բերեցին տարբեր ժամանակների շուրջ 120 քարայր, որոնցից 6-ում հայտնաբերված են հնագույն` մինչեւ 100 հազար տարվա խորքերը գնացող նյութական մշակույթի իրեր: Բայց Հրազդանի քարեդարյան անցյալի մասին կպատմենք իր տեղում` 70 հազար տարվա հնության «Երեւան-1» քարայրի օրինակով: Գետի հոսանքով` դեպի Երեւան Հրազդանի երեւանամերձ կիրճ մտնենք գետի հոսանքով` հեռահար դիտարկելով կամրջից կամուրջ (Հրազդանի կամրջից մինչեւ «Հաղթանակ») եւ դրանից էլ մի քիչ ավելի տարածք: Ճանապարհ ընկնենք Զովունի գյուղից. առաջինը, որ կտեսնենք Հրազդանի աջ ափին` ավերված Կարմիր բերդ ամրոցի միջին բրոնզի եւ վաղ երկաթի դարաշրջանների դամբարանադաշտերն են` մի քանի հարյուր դամբարանով: 1960-ական թվականներին այստեղ հայտնաբերվեցին մ.թ.ա. երկրորդ հազարամյակի խեցեղեն, բրոնզե եւ երկաթե զենքեր, պերճանքի առարկաներ (12 բրոնզե գոտի): Ցավալի է, բայց գտնվածը Մոսկվայում եւ Պետերբուրգում է: Միջնադարյան ջրանցքն անցնելուց հետո արդեն ֆիզիկայի ինստիտուտի մոտ կտեսնենք մ.թ.ա. I հազարամյակում հիմնված Ձորաբերդի ավերակները, ուշ շրջանի բազմաթիվ քարանձավներ: Հրազդանի կիրճի վրա իշխող Ծիծեռնակաբերդը գոյություն է ունեցել անհիշելի ժամանակներից. այստեղ եղել է ուշ բրոնզեդարյան կիկլոպյան ամրոց` իր ընդարձակ դամբարանդաշտերով (այժմ` հիմնականում ավերված): Ծիծեռնակաբերդի մասին հնագույն ժողովրդական ավանդություն կա. այստեղ եղած բերդը սիրո աստվածուհի Աստղիկի անունով կոչվել է Աստղկաբերդ: Նույն տեղում է եղել նաեւ հայոց այդ աստվածուհու տաճարը, որի երկրորդ հարկում ապրող ծիծեռնակները, որպես սուրհանդակներ, լուրեր էին տանում Աստղիկի սիրեցյալ Վահագն աստծուն: Իսկ բյուզանդացի պատմագիր Կեդրենոսի վկայությամբ` բյուզանդական զորքը 1047 թ. պաշարում է Խելիդոնիոն կոչված բերդը, որը զառիթափ լեռան վրա էր կառուցված, եւ կգրավեր անսպասելի հարձակմանը չսպասող-պարեն չմթերած բերդեցիներին, եթե անսպասելիորեն արեւմուտքում չբռնկվեր Լեւոն Թոռնիկի ապստամբությունը: Մասնագետները Խելիդոնիոնը նույնացնում են Ծիծեռնակաբերդի հետ (խելիդոն-ծիծեռնակ): 1925 թվականին, երբ այդ հատվածում Հրազդանի վրա կառուցվում էր Երեւանի հիդրոէլեկտրակայանը, գետի ձախ ափին հայտնաբերվեցին բրոնզեդարյան դամբարաններ, որոնցում գտնվել են նախշավոր խեցեղեն, բրոնզե ջարդված թուր, մարդկանց եւ կենդանիների ոսկորներ: Իսկ մոտերքում գտնվում էր անմշակ քարերից կառուցված եւ մանր քարերով լցված պարսպով կիկլոպյան ամրոց: Մեծ եղեռնի հուշարձանի կառուցման ժամանակ բացված դամբարաններց մեկում հայտնաբերվել են (1967 թ.) լավ պահպանված գունազարդ կճուճներ, իսկ հուշարձանատեղիից արեւելք` անտառի մեջ եւս պահպանվել են հնագույն շինվածքների հետքեր: Ծիծեռնակաբերդը, փաստորեն, ոչ լավ պեղված է եւ ոչ էլ` լավ ուսումնասիրված, եւ բազմաթիվ գաղտնիքներ ունի իր մեջ: |