ԱԿԱՆԻ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ ԶՈՀՎԱԾ ՊԱՏԱՆԻՆԵՐԸ ՌԱԶՄԱԲԱԶԱՅԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄԵՏԱՂ ԷԻՆ ՀԱՎԱՔՈՒՄ Հ. Հ. Կիրակի ցերեկըՙ ժամը 4-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարությունից ահազանգ են ստացել, որ Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի մոտակայքումՙ ՌԴ թիվ N տանկային հրաձգարանի տարածքում, պայթյունից մահացել է 2 երեխա: Հրաձգարանի տարածքում ականի պայթյունից զոհվել են Վահրամաբերդ գյուղի բնակիչներ 12-ամյա Արթուր Մկրտչյանն ու 16-ամյա Մուշեղ Գեւորգյանը: Ռուսական ռազմակայանը գտնվում է գյուղի տարածքի դաշտում: Վահրամաբերդի գյուղապետ Վահրամ Մարտիրոսյանի փոխանցմամբՙ Արթուր Մկրտչյանի հայրը կիրակի գնացել է դաշտ ոչխարներին արածացնելու, տղաներն էլ հետեւել են նրան: «Երբ հայրը գնացել է ջուր բերելու, երեխաները տեսել են ականները, գնացել են մոտը, խաղացել, հարվածել են, ու ականները պայթել են: Հայրը, պայթյունի ձայնը լսելով, վազել է դեպի երեխաները, սակայն նրանց մահացած է գտել», «Ազգ»-ի հետ զրույցում ասաց գյուղապետըՙ հավելելով, որ տարածքն արգելված չէ, 1000 հա է, պարսպապատված չէ: Մարտիրոսյանի խոսքերովՙ գյուղում բոլորը գիտեն, որ տարածքը վտանգավոր է, սակայն այլ ելք չունենալով այդ դաշտում են իրենց անասուններն արածեցնում: «Հիմա գյուղում բոլորը շոկի մեջ են, Արթուրի եւ Մուշեղի ընտանիքները բազմանդամ են, ապրում են ծայրահեղ ծանր պայմաններում: Նրանց տան կերակրողները տան տղամարդիկ են, ովքեր հովիվներ են: Մկրտչյանների ընտանիքումՙ 8, իսկ Գեւորգյանների ընտանիքում 6 երեխա կան: Նրանց վիճակը սարսափելի է, անգամ գումար չունեն հուղարկավորություն անելու»: Մեզ հետ հեռախոսազրույցում Ռուսաստանի Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայության սպա, կապիտան Կիրիլ Կիսիլեւը ասաց, որ «պատանիները արհամարհել են ռուսերեն եւ հայերեն տառերով գրված ցուցանակը, որը արգելում է մուտքը դեպի տարածք, անօրեն կերպով մտել են «Կամխուդ»-ի զինափորձարանՙ մետաղ հավաքելու: Ներս մտնելու ժամանակ երիտասարդները նկատել են ական եւ փորձել են վերցնել: Տեղի է ունեցել պայթյուն, եւ մետաղ հավաքողները զոհվել են», ասաց Կիսիլեւըՙ հավելելով, որ հետաքննությունը շարունակվում է: Գործի առնչությամբ դեռեւս քրեական գործ չի հարուցվել: Հիշեցնենք, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան իրականացնում է մարտական հերթապահություն ԱՊՀ ՀՕՊ միասնական համակարգի շրջանակներում: 2010-ին Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդեւը երկարաձգեցին բազայի տեղակայման պայմանագրի ժամկետը մինչեւ 2044 թվականը: Բազան, որտեղ շուրջ 4,5 հազար զինվորական է ծառայում, զինված է U300Վ համակարգերով եւ «Էրեբունի» ավիաբազայում տեղակայված ՄԻԳ-29 կործանիչներով: |