ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ ԲԽՈՒՄ Է ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԻ ՇԱՀԵՐԻՑ» ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ Երեկ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Այսօր տեղի ունեցող նախագահ Սարգսյանի երդմնակալության հատուկ նիստին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցում: Արդյոք նրանց հանդեպ պատժամիջոցնե՞ր են կիրառվելու. «Ես կանխատեսումներ չեմ անում եւ գտնում եմ, որ պատգամավորները պետք է ներկա լինեն հատուկ նիստին, չեմ ակնկալում, որ չեն մասնակցի»: Րաֆֆի Հովհաննիսյանը հրավիրել է Սերժ Սարգսյանին Ազատության հրապարակ` իր երդմնակալմանը. «Անլուրջ եմ համարում այդ հրավերը»: Ժողովրդի՞ն եք անլուրջ համարում, ճշտեց լրագրողը. «Դուք ժողովրդի անունի՞ց եք խոսում, Դուք դրա իրավունքը չեք վաստակել: Տրամաբանություն տեսնո՞ւմ եք այդ պահանջի մեջ»: Պատասխանելով «Ինչպե՞ս կհանգուցալուծվի այդ իշխանություն- ընդդիմություն վեճը» հարցին` Հ. Աբրահամյանը նշեց, թե որեւէ վեճ չկա, կան սահմանադրություն, օրենքներ եւ ԿԸՀ որոշումը, ըստ որի նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը. «Այլոց խոսակցություններով, դատարկաբանությամբ չեմ զբաղվում, դատարակ խոսակցություններին չեմ ուզում պատասխանել: Եվ իմ կարծիքով` արդեն ժամանակը սպառվել է այդ հարցերը տալու կամ դրանց լուրջ պատասխան ակնկալելու»: Ի վերջո Սարգսյան-Հովհաննիսյան երկխոսությունը կկայանա՞. «Առաջարկը եղել է երկկողմ եւ իրենց դաշտում է, իրենք էլ կորոշեն` կհանդիպեն-չեն հանդիպի. ես գտնում եմ` հանրապետության նախագահը շատ ճիշտ է վարվում, որ հրավիրում է Րաֆֆի Հովհաննիսյանին նախագահական շենք, այնտեղ քննարկելու հարցերը: Դա ճիշտ է, կոռեկտ է: Հանրապետության նախագահը շատ տրամաբանական դիմել էր Ր. Հովհաննիսյանին, որ գրիչ-թուղթ վերցնի, այցելի նախագահական` նստեն-քննարկեն: Իմ կարծիքով` Սերժ Սարգսյանը կպատասխանի հարցերին: Ես չեմ բացառում եւ ես գտնում եմ, որ երկխոսությունը միշտ պետք է լինի շարունակական, եւ ինչքան որ քաղաքական ուժերը երկխոսեն, այնքան կշահի պետությունը, ժողովուրդը: Ես գտնում եմ, որ համերաշխությունը բխում է մեր պետության եւ ժողովրդի շահերից»: Սադրանքներ, ուժի կիրառում կարո՞ղ է լինել այսօր, իշխանության նախատրամադրվածությունն ինչպե՞ս է այս առումով. «Գոյություն ունեն անվտանգության ծառայություններ, իրենք կզբաղվեն իրենց վերապահված լիազորություններով»: Եթե մյուս խմբակցությունները չմասնակցեն հատուկ նիստին, ի՞նչ հետեւություններ կանի Հ. Աբրահամյանը. «Ես հետեւություններ կանեմ, երբ նիստը սկսվի-ավարտվի», ասաց: Լրագրողներն ուզում էին իմանալ` Գագիկ Ծառուկյանը գալո՞ւ է հատուկ նիստին. «Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ հարցերով ինչո՞ւ եք ինձ դիմում, իրեն դիմեք»: Ինչու երկրորդ նախագահին հրավեր կա, առաջինինՙ ոչ. «Ես տեղյակ չեմ` հրավեր կա՞, թե՞ ոչ: Մենք որեւէ մեկին ի՞նչ ունենք չհրավիրելու»: Իսկ թե Րաֆֆուն ինչո՞ւ չեն հրավիրել` «Ինքը համարում է, որ ընտրված նախագահ է, ինքն էլ մեզ չի հրավիրել: Մի բանի վրա զարմանում եմ` դուք լուրջ մարդիկ եք, լուրջ գործով զբաղվեք, ի՞նչ հարցեր եք տալիս»: Քաղաքական իրավիճակի հանգուցալուծումը լուրջ հարց չէ՞, որ մի քիչ մեղմվի իրավիճակը, հետաքրքրվեցինք. «Դրա համար մենք պետք է ավելի կազմակերպված աշխատենք, վեր հանենք բոլոր պրոբլեմները, խնդիրները, հանրությանը հուզող հարցերը, եւ փորձենք այդ հարցերին շատ արագ պատասխանել, դա է մեր խնդիրը լինելու ապագայում: Եվ ճիշտը դա է: Թե մեկը հայտարարում է` ինքն է նախագահ, մեկն ասում է` այս հրապարակում, մեկն ասում է` այն հրապարակում, ով է եկել, ով չի եկել` դրանք կարեւոր հարցեր չեն»: Քաղաքական դաշտում ճամփաբաժան տեսնող լրագրողին էլ հակադարձեց. «Դուք դրան եք ձգտո՞ւմ լրագրողներով: Հատուկ ձեզ համար պատասխանում եմ` Սերժ Սարգսյանն ընտրվել է նախագահ, երկրորդ ժամկետում, մնացած բոլոր խոսակցությունները դատարկ խոսակցություններ են: Կարող է` մեկն էլ Մեղրիում իրեն նախագահ հռչակի, մեկն էլ` Շիրակում, լուրջ մարդիկ ենք: Գոյություն ունի ԿԸՀ, գոյություն ունեն ընտրական արդյունքներ, դրանցով ենք ուղղորդվում, կողմնորոշվում»: Այսինքն` Րաֆֆի Հովհաննիսյանի գործողությունները իրավական հարթությունից դո՞ւրս են` ճշտեց լրագրողը. «Բա ինչ են, իրավապահ մարմիններին դիմեք այդ հարցով»: Հովիկ Աբրահամյանն ինքը հաշտության ու համերաշխության կողմնակից է: Նա մեջբերեց նախագահին, որը կոչ էր արել քաղաքացիական հասարակությանը, քաղաքական ուժերին` միասին լուծել երկրի խնդիրները. «Օրինակ` շատ լավ առաջարկ է արել նախագահը Ր. Հովհաննիսյանին` սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը գլխավորի: Իմ կարծիքով` դա շատ ճիշտ առաջարկ է, կկարողանա իրականացնել սահմանադրական բարեփոխումները, ինչ խնդիր տեսնում էր` միասին կլուծեինք» «Կեղծիքներ են եղել` սահմանադրական բարեփոխում իրականացնի՞», հարցրեց լրագրողը. «Ի՞նչ կեղծիք է եղել, մի օրինակ չկարողացան բերել, խոսելով չէ: Մի տեղամաս բացեցին` ի՞նչ եղավ»: Ինքը` ԱԺ նախագահը մի անգամ Րաֆֆուն առաջարկ արել է, պետք է` մի անգամ էլ կանի: Լրագրողը հետաքրքվեց` բացառու՞մ է Հովհաննիսյան-Սարգսյան հանդիպում. «Ես չեմ բացառում որեւէ հանդիպում, որեւէ քննարկում, ես ուզում եմ, որ բոլոր քաղաքական ուժերը համագործակցեն ի շահ պետության: Դա իմ ցանկությունն է: Ես առաջարկեցի` քննարկել խորհրդարանում: Այնպիսի հարցեր են առաջարկում դնել օրակարգում, որ անընդունելի են: Ես չեմ կարող մի հարց քննարկել, որ սահմանադրությանը հակասում է, օրինակ` նախագահական նոր ընտրություններ, արտահերթ խորհրդարանական ընտրություններ... դա ողջամիտ առաջարկություն չէ, որ քննարկենք, կստացվիՙ անլուրջ առաջարկ ենք քննարկում»: Անդրադառնալով ավագանու ընտրություններին` Հ. Աբրահամյանը նշեց, որ ամեն ինչ անելու են, որ ընտրություններն անցնեն կոռեկտության սահմաններում եւ... «Հաղթի Հանրապետակա՞նը», լրացրեց լրագրողներից մեկը: «Եվ հաղթի Հանրապետականը` եթե գիտեք, էլ ինչու եք հարց տալիս»: Նա նշեց, որ ՀՀԿ-ի մրցակիցը համարում է բոլորին, ովքեր մասնակցում են ընտրություններին: |