ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱՆԿԵՐՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ՉԵՆ Հ. Ծ. Ինչպես հայտնի է, Լոս Անջելեսի դաշնային-շրջանային դատարանը որոշում էր ընդունել անցյալ ամիս թուրքական կառավարության դեմ բացված մի հայցի առնչությամբ, որը սխալ մեկնաբանության հետեւանքով պարտություն էր համարվել հայցվոր կողմի համար: Իրականում դա հաղթանակ էր, եւ դատարանը, ըստ Վարդգես Եղիայանի իրավաբանական գրասենյակից ստացված հաղորդագրության, համաձայն է հայ հայցվորների այն պնդումներին, որ թուրքական բանկերը կարող են պատասխանատվության կանչվել 1915-ի կոտորածների ժամանակ հայերի ունեցվածքը առգրավելու համար, քանի որ նման հարցը ուղղակիորեն կապվում է մարդու իրավունքների խախտման հետ: Նման որոշում վերոնշյալ դատարանը ընդունել էր մոտ 15 ամիս անց այն օրից, երբ թուրքական Կենտրոնական բանկն ու «Թ. Ս. Զիրաաթ բանկասի» պետական ագրարային բանկը դիմել էին, որ չեղյալ համարվի իրենց դեմ հարուցված հայցը, քանի որ իրենք ինքնուրույն, անձեռնմխելի բանկեր են: Հիշեցնենք, որ հայցերը (գործ համար 2:10-CV-09596 եւ գործ համար 2:10-CV-05636) թուրքական այդ բանկերի եւ Թուրքիայի կառավարության դեմ Լոս Անջելեսի Դաշնային-շրջանային դատարան էին ներկայացրել Ալեքս Բալաքյանն ու Կարպիս Դավոյանը դեռեւս 2010 թվականին, բողոքելով որ 1915-ի ցեղասպանության ժամանակ թուրքական կողմը ապօրինաբար խլել էր իրենց պատկանող հողը, կալվածքները եւ օգտվել հետագայում դրանց բարիքներից, երբ օսմանյան զորքերը բռնի քշել են իրենց հարազատներին Ադանայից եւ Թուրքիայի այլ վայրերից: Ամերիկյան դատարանը նշել է, որ չնայած միջազգայնորեն ճանաչված անձեռնմխելիության կանոններ գոյություն ունեն, վերոնշյալ հայցերի դեպքում դրանք չեն կարող գործել, քանի որ խոսքը վերաբերում է մարդու իրավունքների խախտմանը եւ այլ երկրների, այդ թվում նաեւ Մ. Նահանգների հետ առեւտրական գործունեության խափանմանը, որոնց շուրջը Թուրքիան ստորագրել է միջազգային պայմանագրեր: |