RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#053, 2013-04-05 > #054, 2013-04-06 > #055, 2013-04-09 > #056, 2013-04-10 > #057, 2013-04-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #55, 09-04-2013



Մշակույթ

Տեղադրվել է` 2013-04-09 00:21:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1861, Տպվել է` 79, Ուղարկվել է էլ.փոստով` 82

ԱՐՍԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆԸ ԿԲԵՄԱԴՐԻ «ՊԱՏԱՆԻ ՊԱՐՈՂՆԵՐԻ ԵՎՐՈՏԵՍԻԼԻ» ՄԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՊԱՐԸ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

«Պատանի պարողների Եվրոտեսիլ» միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցչի` Վահագն Մարգարյանի պարը կբեմադրի Արսեն Մեհրաբյանը:

Նա սովորել է Հայաստանի ազգային բալետի դպրոցում, իսկ հետո ուսումը շարունակել է Համբուրգի բալետի դպրոցում` ուսանելով Ջոն Նոյմայերի մոտ: 2000թ. ընդունվել է համբուրգյան բալետի կազմակերպություն եւ արդեն 2002թ. դարձել մենակատար: Հետագայում ընդունվել է Ցյուրիխի բալետ` որպես գլխավոր մենակատար, ապա միացել է Շվեդիայի թագավորական բալետին` որպես գլխավոր մենակատար: Արժանացել է «Ամադեուս» բալետի մրցույթի ոսկե մեդալի, միջազգային բալետի մրցույթի Prix-de-Lausanne եւ Վագանովի միջազգային բալետի մրցույթի 3-րդ մրցանակներին, Վառնայի միջազգային բալետի մրցույթի գրան պրիի, Համբուրգի դոկտոր Վիլհելմ Օբերդորֆերի մրցանակին, իսկ Նագոյա միջազգային բալետի մրցույթում Ժյուրիի հատուկ մրցանակին: Որպես մենակատար հանդես է եկել հետեւյալ դերերով` Սոլոր, Բրոնզե Կուռք` «Բայադերա», Բոնվոլիո` «Ռոմեո եւ Ջուլիետ», Կոլար` «Շելկունչիկ», Դիմոտրոս` «Ամառային գիշերվա երազ», Գաստոն` «Կամելիազարդ տիկինը», Ամոր Սեգեն` «Քնած դշխուհին», Տելեմակ` «Ոդիսեւս», Իվան Ցարեւիչ` «Կրակի թռչուն», Շոպեն` «Նոկտյուրն», Ռոտբարտ` «Կարապի լիճ», եւ այլն: Հյուրախաղերով հանդես է եկել մի շարք երկրներում, մասնակցել փառատոների ու մրցույթների Լատվիայում, Իտալիայում, Գերմանիայում, Ռուսաստանում, Չեխիայում, Ուրուգվայում, Շվեյցարիայում եւ այլուր:

«Ազգը» զրուցեց Արսեն Մեհրաբյանի հետ:


- Սա հայաստանյան Ձեր առաջի՞ն բեմադրությո՞ւնն է:

- Ոչ, առաջինը չէ: Բեմադրություններ կատարել եմ Բարեկամություն պարի անսամբլում եւ մի շարք այլ խմբերում:

- Իսկ ո՞ր ստեղծագործության հիման վրա կլինի Ձեր բեմադրությունը:

- Երաժշտության հեղինակը իմ լավ ընկերն է` Օտտո Բուբենիչեկը, որը Համբուրգ թատրոնի մենակատար-պարողն է: Նա նաեւ կոմպոզիտոր է եւ գրում է ստեղծագործություններ ժամանակակից բալետների համար: Հայաստանյան ներկայացուցչի համար գրված ստեղծագործության մեջ կլինեն նաեւ հայկական տարրեր:

- Պարողների Եվրոտեսիլի եզրափակիչ փուլում մասնակիցը իմպրովիզիացոն համարով պետք է հանդես գա: Որքանո՞վ մեր մասնակիցը լավ կկարողանա ներկայանալ այդ փուլում:

- Եթե անկեղծ ասեմ, ապա մի քիչ դժվար մրցույթ է լինելու մեր մասնակցի համար, քանի որ մյուս մրցույթները դասական են, որոնք հեշտ են մեր պարողների համար: Իսկ սա ժամանակակից է, եւ քանի որ ժամանակակից բալետի ոճն այդքան էլ զարգացած չէ Երեւանում, դժվար կլինի նրա համար: Բայց կաշխատենք եւ ամեն ինչ կանենք, որ կարողանա լավ ներկայանալ:Վահագնը շատ տաղանդավոր երիտասարդ է, սակայն դեռ շատ բաներ կան հղկելու:

- Արդյոք ցանկություն չունե՞ք վերադառնալու Հայաստան եւ այստեղ ստեղծելու եւ զարգացնելու ժամանակակից բալետը:

- Դա միայնակ ես չեմ կարող անել: Պետք է մասնագետներ գան Եվրոպայից:

«Պատանի պարողների եվրոտեսիլ» միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակության նախագահ Գոհար Գասպարյանն «Ազգի» հետ զրույցում բացատրեց, թե ինչպես է տեղի ունեցել բեմադրիչի ընտրությունը. «Ուսումնասիրելով դաշտը, լսելով տարբեր կարծիքներ` հասկացա, որ փայլուն դասական պարողներ ունենք, սակայն մոդեռն բալետի դպրոցում մի փոքր թերանում ենք: Իսկ այդ մրցույթում ավելի շատ հենց մոդեռն բալետ է ներկայացվում, այդ իսկ պատճառով Հանրային հեռուստաընկերության հետ որոշեցինք արտասահմանից հրավիրել մեր հայրենակցին` Արսեն Մեհրաբյանին, ավելի լավ տարբերակ չէր կարող լիել: Առաջինըՙ նա շատ լավ մասնագետ է եւ ինքն է կրողն այդ ամենի, պարում է ե՛ւ դասական, ե՛ւ ժամանակակակից ու կատարում է բեմադրություններ ժամանակակից բալետի գծով: Բազմաթիվ մրցույթների դափնեկիր է, որն արդեն ասում է, որ նա գիտի, թե ինչ է հարկավոր մրցույթում հաղթելու համար»:

«Պատանի պարողների Եվրոտեսիլ» մրցույթը տեղի կունենա հունիսի 14-ին Լեհաստանի Գդանսկ քաղաքում:

Նշենք, որ «Պատանի պարողների Եվրոտեսիլին» մասնակիցներն առաջին փուլում պետք է հանդես գան մենապարով, իսկ երկրորդում` խմբային պարով: Խմբայինի համար հատուկ մասնագետ է հրավիրվում, որն այս տարի կլինի Մեծ Բրիտանիայիցՙ Հուդ Բելիբոլսնը: Իսկ վերջին փուլում, երբ ընտրում են եզրափակիչ դուրս եկած երկու մասնակիցներից հաղթողին, ապա նրանք պետք է հանդես գան իմպրովիզացիոն պարով` ցույց տալով իրենց հմտությունները: Ահա այս փուլից հետո կընտրվի հաղթողն ու երկրորդ տեղ զբաղեցրած մասնակիցը:

Այս տարի Եվրոտեսիլին կմասնակցի տասը պետություն` Բելառուս, Ուկրաինա, Հայաստան, Նորվեգիա, Շվեդիա, Նիդեռլանդներ, Գերմանիա, Չեխիա, Սլովենիա եւ հյուրընկալող երկիրը` Լեհաստանը:

«Պատանի պարողների Եվրոտեսիլին» առաջին անգամ տեղի է ունեցել 1985 թվականին Իտալիայում, որն անցկացվում է երկու տարին մեկ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #55, 09-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ