RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#091, 2013-06-04 > #092, 2013-06-05 > #093, 2013-06-06 > #094, 2013-06-07 > #095, 2013-06-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #93, 06-06-2013



ՀԱՅՏ

Տեղադրվել է` 2013-06-06 15:48:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1163, Տպվել է` 57, Ուղարկվել է էլ.փոստով` 43

ԳԱՐԵՋՐԱՍԵՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈ՞ՒՆ ԿՍՏԵՂԾԵՆ...

Համենայն դեպս, նման մտահղացման մասին է բարձրաձայնում լրագրող Վաչագան Սարգսյանը

- Նորերս հրատարակված քո «Գարեջուրՙ հրաշահամ ըմպելիք» գրքի ներդիրին այսպիսի կոչ-կարգախոսի ենք հանդիպումՙ «Գարեջրասերներ Հայոց աշխարհի, միացե՛ք»: Պատահակա՞ն է, արդյոք, ընտրված, թե՞ ինչ-որ ենթատեքստ կամ ակնարկ է պարունակում:

- Պատահական, բնականաբար, չի կարող լինել եւ, այո՛, որոշակի ենթատեքստ ունի: Խոսքը Հայաստանում գարեջրասերներին միավորող կառույցիՙ ընկերության, ակումբի, ընկերակցության կամ թերեւս կուսակցության ստեղծման, հիմնադրման մասին է: Քաղաքակիրթ աշխարհում դա ընդունված պրակտիկա է, եւ կան, այդ թեքումով հասարակական տարբեր միավորումներ, ընկերություններ ու կազմակերպություններ: Այնպես որ, եթե, ասենք, կուսակցություն, ապա բացառված չէ, որ հայտարարի երկրի քաղաքական իրադարձություններին, մասնավորապես` համապետական ընտրություններին, իր մասնակցության մասին: Ընկերական մեր թիմը, գաղափարախոսական իր որոշակի ուղղվածությունն ու աշխարհընկալումն ունենալով եւ ապավինելով գարեջրասերների ու համախոհների բազմահազար բանակի հավանական աջակցությանը, ներկայումս նախապատրաստական աշխատանքներ է տանում: Համոզված եմ, շատ շուտով հնարավորություն կունենանք առավել որոշակի խոսելու եւ հրապարակավ հայտարարելու այդ մասին: Ծրագրում ենք առաջիկայում Գարեջրի օր հայտարարել եւ բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն այս հրաշահամ ըմպելիքի նկատմամբ, հրավիրել մասնակցելու այդ օրվա միջոցառմանը:

- Բայց նման միավորման եւ առավել եւս կուսակցության ստեղծումը լուրջ կընդունվի՞ հասարակության կողմից եւ ապա ժողովրդի շրջանում չի՞ դիտվի որպես, ասենք, «ալկաշների» կամ պարզապես, «պիվա խմողների» խմբավորում:

- Նման մտավախություն մենք չունենք, քանի որ հնարավորություն կունենանք տարբեր առիթներով եւ տարբեր լսարաններում հանդիպելու ԶԼՄ-ների, հասարակության ներկայացուցիչների հետՙ ներկայացնելով ինչպես մեր հիմնադիր անդամներին, այնպես էլ կազմակերպության որդեգրած սկզբունքներն ու գաղափարները: Ի վերջո, մենք գարեջրին վերաբերվում ենք ոչ որպես ոգելից խմիչքի, այլ օգտակար, առողջարար ու համեղ ըմպելիքի, որի նկատմամբ մեզանում եւս համապատասխան մշակույթ պիտի ձեւավորվի ու զարգանա: Այնպես որ, «Գարեջրասերներ Հայոց աշխարհի, միացե՛ք» կոչը, համախմբող ու միավորող գործառույթ իրականացնելուց զատ, նաեւ կրթա-դաստիարակչական, բարոյահոգեբանական ու մշակութային առաքելություն ունի: Ավելին, գարեջուրը մենք դիտարկում ենք որպես առողջ, ճիշտ ապրելակերպի մի մաս, նրա նկատմամբ արժանի վերաբերմունքը` քաղաքակրթության աստիճան: Ահա, գաղափարական այս ուղղվածությամբ է առաջնորդվելու ստեղծվելիք կառույցը:

- Դառնանք վերն արդեն հիշատակված գրքույկին` ի՞նչն էր շարժառիթը եւ որքանո՞վ ես կարեւորում նրա լույս աշխարհ գալը:

- Առաջին կարեւոր հանգամանքը թերեւս այն է, որ ես բազմահազար մարդկանցից մեկն եմ, ով սիրում եւ գնահատում է գարեջուրը: Ահա գլխավորապես այդ իրողությամբ էլ պայմանավորված մեջս միտք հղացավ կազմել նման գրքույկ եւ ներկայացնել հանրության ուշադրությանը: Իմ նպատակը եղել է մեր ընթերցողներին գարեջրի մասին հանրագիտարանային ինչ-ինչ տեղեկություններ, հետաքրքրաշարժ փաստեր, պատմություններ տրամադրելը, գարեջրի զարմանահրաշ աշխարհին մոտիկից հաղորդակից դարձնելը եւ այլն: Այսինքնՙ հանրամատչելի, սովորական մարդուն հետաքրքրող գիրք հրատարակել, որը գարեջրի պես թեթեւ ու հաճելի կլինի: Ընդ որում, որքանով ինձ հայտնի է, դա մեզանում առաջին փորձն է, առաջին նման հրատարակությունը: Թե որքանով է հաջողվել դա ինձ, կասի ընթերցողը: Այստեղ չմոռանանք ոչ պակաս կարեւոր մի հանգամանք եւսՙ գարեջրագործությունը Հայաստանում հին ավանդույթներ ունի, եւ այսօր էլ, փառք Աստծո, մեր երկիրը լավ գարեջուր արտադրողի բարի համբավ ունի: Այնպես որ, մենք մեր հերթին պարտավոր ենք հավուր պատշաճի ներկայացնել ու արժեւորել մերՙ հայկական գարեջուրը:

- Գարեջուրն իրո՞ք բժշկարար ու օգտակար բազում հատկություններ ունի, ինչպես դու ես ներկայացրել գրքույկում:

- Այո, այդպես է: Համադրելով իմ ձեռքի տակ եղած փաստական բավականին հարուստ նյութը, ես համոզվեցի դրանում: Ընդ որում, դա են ապացուցում հին, պատմական աղբյուրները, հնագույն ժողովուրդների բազմադարյան փորձն ու գրավոր վկայությունները: Իսկ վերջերս համացանցում տեղեկատվություն հայտնվեց, որ գիտնականները, մասնավորապես, վերահաստատել են` գարեջրի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է քաղցկեղի առաջացման վտանգը, ինչպես նաեւ կարողանում է բուժել մրսածությունը... Այդուհանդերձ, չպետք է անտեսել գարեջուրը խելամիտ օգտագործելու, մասնավորապեսՙ չափավոր գործածելու անչափ կարեւոր հանգամանքը: Այո, գարեջրի գործածությունը, ավելի պարզՙ գարեջրախմությունը համարժեք մոտեցում, միջավայր, խոհանոց, ընդհանուր խոսքով ասածՙ կուլտուրա է պահանջում, այլապես նրա օգտակարությունը կարող է հակառակ ներգործությունն ունենալ:

Հարցազրույցըՙ ՊԵՏՐՈՍ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԻ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #93, 06-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ