RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#091, 2013-06-04 > #092, 2013-06-05 > #093, 2013-06-06 > #094, 2013-06-07 > #095, 2013-06-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #93, 06-06-2013



Օրվա հետքերով

Տեղադրվել է` 2013-06-06 15:48:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1673, Տպվել է` 61, Ուղարկվել է էլ.փոստով` 44

ՊԱՏՎԱՍՏՎԵԼ ՎՐԱՍՏԱՆ ՄԵԿՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ

Ի. Պ.

Հայաստանի հարեւան երկրներում կարմրուկի համաճարակային իրավիճակն անհանգիստ է, մասնավորապես Վրաստանում այս օրերին դիտվում է կարմրուկի համաճարակ: Համաձայն Վրաստանի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տեղեկատվության` 2013 թվականի ընթացքում գրանցվել է կարմրուկի 4533 դեպք, եւ հիվանդներից 1357-ը հոսպիտալացվել է: Հիվանդացման դեպքերից 2726-ը արձանագրվել է Թբիլիսիում: Այս տարի Վրաստանում կարմրուկից նաեւ եղել են մահվան ելքեր` 11 ամսական մի երեխայի ու 19 տարեկան մի տղայի, որոնք երկուսն էլ պատվաստված չեն եղել:

Հայաստանի առողջապահության նախարարությունից տեղեկանում ենք, որ մեր երկրում կարմրուկի իրավիճակը հանգիստ է: Այս տարվա մայիսի 24-ին հանրապետությունում գրանցվել է կարմրուկի բերովի մի դեպք 5 տարեկան մի երեխայի մեջ: Երեխան Վրաստանի բնակիչ է ու Հայաստանում հյուրընկալվում է ընտանիքի մյուս անդամների հետ: Ըստ նախարարության` կարմրուկի այս դեպքից հետո իրականացվում են համալիր հակահամաճարակային միջոցառումներՙ կանխելու հանրապետությունում կարմրուկի տարածումը:

Հաշվի առնելով ամռանը Հայաստանի քաղաքացիների ակտիվ տեղաշարժը դեպի Վրաստան` ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս զբոսաշրջիկներին եւ ակտիվ հանգստի մեկնողներինՙ ուղեւորությունից առնվազն 4 շաբաթ առաջ պատվաստվել կարմրուկի դեմՙ վարակվելուց զերծ մնալու եւ հանրապետություն հիվանդության ներթափանցումը կանխելու համար: Կարմրուկով վարակվելու տեսակետից բարձր ռիսկի խմբում են նրանք, ովքեր նախկինում կարմրուկով չեն հիվանդացել կամ հիվանդացել են, սակայն լաբորատոր հետազոտություն չեն անցել, բարձր ռիսկի խմբում են նաեւ կարմրուկի դեմ գոնե մեկ դեղաչափ պատվաստում չունեցող մարդիկ, հատկապես 15-29 տարեկանները:

Հիշեցնենք, որ կարմրուկը սուր վիրուսային հիվանդություն է: Վարակի աղբյուրը միայն հիվանդ մարդն է` սկսած հիվանդության գաղտնի շրջանի վերջին օրերից: Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, վիրուսն արտաքին միջավայր է թափանցում հազալու, փռշտալու ու նույնիսկ խոսելու ժամանակ: Վարակվելուց 5-6 օր հետո հիվանդի ինքնազգացողությունը խանգարվում էՙ բարձրանում է ջերմությունը, սկսվում է հազ, աչքերը բորբոքվում են, լույսի նկատմամբ դառնում են ցավոտ: Մի քանի օր հետո մարմնի ջերմությունը բարձրանում է մինչեւ 39-40 աստիճան, եւ հիվանդն ունենում է ընդհանուր թուլություն, քնկոտություն, ի հայտ է գալիս ցանը, սկզբում դեմքին, ապաՙ ամբողջ մարմնի վրա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #93, 06-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ