RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#091, 2013-06-04 > #092, 2013-06-05 > #093, 2013-06-06 > #094, 2013-06-07 > #095, 2013-06-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #93, 06-06-2013



Տեղադրվել է` 2013-06-06 15:48:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1220, Տպվել է` 49, Ուղարկվել է էլ.փոստով` 43

ԵԿԵՔ ՉԱՅԼԱՆԴԱԿԵՆՔ ՆԱԵՎ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ

Հ. Հ.

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը քաղաքապետարանի հայտարարած մրցութային առաջարկներում մի շարք լղոզված նախադասություններ է հայտնաբերել, որոնք վտանգավոր են հրապարակի հետագա ճակատագրի հարցում: Մինասյանին հատկապես մտահոգել է «Հրապարակը ձեւավորող որոշ մասնաշենքեր գործառնական նշանակությամբ վերափոխվել են» նախադասությունը: Ըստ ճարտարապետի, դա ոչ մի նշանակություն չունի հրապարակի ձեւափոխման համար, որովհետեւ դրանք հուշարձան շենքեր են եւ եթե անգամ վաճառված են ու նրանց գործառույթըՙ փոխված, շենքն իր կերպարով մնալու է նույնը:

Նախագծում բացակայում է ամենակարեւոր նախադասությունը: Փաստաթղթում որեւէ տեղ ամրագրված չէ, որ Հանրապետության հրապարակը հանրապետական կարգի հուշարձան է: Մինչդեռ մրցույթային առաջարկների մեջ պետք է ամրագրվեր, որ հուշարձանը հանրապետական կարգի է, եւ այդ պարագայում հուշարձանի հանդեպ մոտեցումներն էլ այլ կլինեին:

«Եթե հուշարձան է, անձեռնմխելի է, պետք է լինի նաեւ մշակույթի նախարարության եզրակացությունը», ասում է Մինասյանը:

Քաղաքապետարանի հայտարարած մրցույթի համաձայնՙ Հանրապետության հրապարակի վերակառուցման նախագիծը նպատակ ունի քիչ թե շատ թեթեւացնել այդ հատվածում երթեւեկությունը, քանի որ հրապարակը վերածվել է տրանսպորտային գերբեռնված հանգույցիՙ իր բոլոր բացասական ազդեցություններով:

Որ Հանրապետության հրապարակը վերակառուցման կարիք ունի, չի ժխտում նաեւ Մինասյանը, սակայն նա հիշեցնում է, որ Շահումյանի, Սախարովի եւ բազմաթիվ այլ հրապարակներ շատ անմխիթար վիճակում են, եւ դրանց ֆոնին խիստ վաղաժամ է նման լուրջ գործընթաց սկսելը: Վաղաժամ է նաեւ ֆինանսական առումով, քանի որ երկրում կան ավելի լուրջ հարցեր, քան արդեն սիրելի ու ընդունված հրապարակի տեսքը փոխելը: Ինչ վերաբերում է քաղաքապետարանի դիտարկմանը, որ հրապարակը վերածվել է տրանսպորտային հանգույցի, Մինասյանը խորհուրդ է տալիս լուծել մինչեւ հրապարակ մոտեցող հոսքերը:

Մկրտիչ Մինասյանը հավելում է, որ իրենց պայմանավորվածության համաձայն նախագիծը վերջնական չէր եւ դեռ պետք է քննարկվեր ու ներկայացվեր քաղաքաշինական խորհրդին, սակայն դա կարծես թե չի արվել, եւ հում նախագիծը, լղոզված արտահայտություններով, ներկայացվել է հանրության դատին:

Հարցազրույցներից մեկի ժամանակ Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը հայտարարել էր, որ անհրաժեշտ է հրապարակում ավտոկայանատեղի կառուցել: Բացի դրանիցՙ Պատմության թանգարանի եւ Ազգային պատկերասրահի շենքը հրապարակի կառույցներից շեղում է, չի համապատասխանում թամանյանական մտահղացումներին եւ բազմաթիվ ճարտարապետների քննադատությունն է առաջացրել: Մինասյանը հավելում է, որ շենքի գույնը, ոճն ու ճարտարապետական հորինվածքներն իրոք չեն համապատասխանում թամանյանական ոճին, սակայն մի քանի տասնամյակ այդ շենքը գործում է, սիրվել է եւ դարձել հրապարակի անբաժան մի մասնիկը: Մինասյանի գնահատմամբՙ եթե այս տրամաբանությամբ շարժվենք, մայրաքաղաքի կառույցների մեծ մասը պետք է քանդել, որովհետեւ նրանք շեղված են թամանյանական ոճից: Մինասյանի գնահատմամբՙ պետք է հրապարակին շատ զգույշ մոտենալ եւ փնթի չգործել:

Հիշեցնենք, որ մոտ երկու տարի առաջ Նարեկ Սարգսյանը ցանկանում էր Կառավարության շենքի գլխին գմբեթ կառուցելՙ հավելելով, որ դա թամանյանական գաղափար է: Սկսված արձագանքներից ու քննադատություններից Սարգսյանն ու քաղաքապետարանը կարծես թե մոռացան այդ գաղափարը: Հրապարակի վերակառուցման համար երբեմն ամենազավեշտալի առաջարկություններն են հնչում: Օրինակՙ ինչ-որ մի խումբ առաջարկում է Լենինի արձանի տեղում տոհմածառ դնել, մեկ այլ խումբ առաջարկում է հրապարակի գորգի մեջտեղում «հայության ոգին խորհրդանշող» սյուն դնել, որի քարերը պետք է բերված լինեն սփյուռքահայ տարբեր համայնքներից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #93, 06-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ