ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ Տեքստը եւ լուսանկարները` Աղավնի Հարությունյանի Նախկին խորհրդային երկրներում քաղաքային տարածքներն արմատապես ձեւափոխվել են: Սոցիալիստական անցյալին առնչվող ամեն ինչ վերանվանվել է` փողոցներից մինչեւ հուշարձաններ: Իսկ քաղաքային յուրաքանչյուր տարածք լցվել է առեւտրային գործունեությամբ: Երեւանի կենտրոնն այսօր ազատ շուկայական «վայրի» մոտեցման մարմնացում է: Քաղաքի հին հատվածը դարձել է տարբեր ճաշակի ու տարբեր նպատակ ունեցող մասնավոր սեփականության խճանկար, մի փոքր հատված էլ թողնվել է հանրային հավաքների համար… ԵՄ աջակցությամբ մի ծրագիր փորձում է վերադարձնել հանրային տարածքները քաղաքային բնակիչներին` տեղական արվեստի ու մշակույթի միջոցով: Դա իրականացվում է ստեղծարար, խթանող ու այլընտրանքային ճանապարհով: ԵՐԵՎԱՆ - «Ժամանակները փոխվում են ու շատ բան հնաոճ է դառնում, անգամ եթե դա մեր ապրելաձեւն է: Բայց դրանք արժեքներ են, որոնց մենք հավատում ու հետեւում էինք», ասում է երեւանաբնակ թոշակառու Մկրտիչ Սամոյանը: Նա հարցականի տակ է դնում ներկա հասարակության հետաքրքրություններն ու հիշում այն օրերը, երբ հանրային վայրերում ընկերներով նստում էին, զրուցում կամ կենդանի երաժշտություն վայելում. «Երեւանը բազմաթիվ բացօթյա տարածքներ ուներ: Մենք հավաքվում էին ու լսում երգիչներին կամ ներկայացումներ դիտում… Այսօր յուրաքանչյուր սանտիմետր ինչ-որ մեկի սեփականությունն է, ու նրանցից ոչ ոք արվեստի, մշակույթի ու ավանդույթների մասին չի հոգում. նրանք նախընտրում են ապակե շինություններ կանգնեցնել` քաղաքի տեսքը հնարավորինս տգեղ դարձնելով»: Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանը վերանվաճեց իր անկախությունը: Դա, իր հերթին, բերեց քաղաքային տարածքների արմատական ձեւափոխմանը: Սոցիալիստական անցյալին առնչվող ամեն ինչ վերանվանվեց` փողոցներից մինչեւ հուշարձաններ: Իսկ քաղաքային յուրաքանչյուր տարածք լցվեց առեւտրային գործունեությամբ: Երեւանի կենտրոնն այսօր ազատ շուկայական «վայրի» մոտեցման մարմնացում է: Քաղաքի հին հատվածը դարձել է տարբեր ճաշակի ու տարբեր նպատակ ունեցող մասնավոր սեփականության խճանկար, մի փոքր հատված էլ թողնվել է հանրային հավաքների համար: Այս գործընթացը շատերի մոտ մեկուսացված լինելու զգացում է առաջացրել ու կարծես անդառնալի է. շատերն անպատրաստ են համարելու, թե իրենց քաղաքային տարածքն ընդհանուր է, կոլեկտիվ ու ոչ առեւտրային, շուկայական գնահատման տրամաբանության սահմաններից դուրս: Այս ֆոնին «SPACES» (ՙԱրեւելյան երկրներում կայուն հանրային տարածքներ մշակույթի համար») նախագիծը հանրային վայրերին նոր շունչ հաղորդելու մասին է, որ դրանք հնարավոր լինի օգտագործել արվեստի ու մշակույթի համար մի գործընթացում, ինչը կհանգեցնի քաղաքաբնակներին այդ տարածքների վերադարձմանը: Նախագիծը հանրային վայրերն ընտրել է որպես մշակութային գործունեության պարամետր` ներգրավելու քաղաքացիներին ու ցույց տալու, թե ինչպես անկախ մշակույթը կարող է քաղաքացիական (եւ մշակութային) ազատագրման գեներատոր լինել: SPACES-ը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից` Արեւելյան գործընկերության մշակութային ծրագրի միջոցով, որի նպատակն է աջակցել մշակույթի դերակատարությանը տարածաշրջանում կայուն զարգացման առումով ու խրախուսել, քաջալերել հանրային հաստատությունների, քաղաքացիական հասարակության, մշակութային եւ ակադեմիական կազմակերպությունների տարածաշրջանային համագործակցությունը Արեւելյան գործընկերության տարածաշրջանում: Քաղաքաբնակների պայքարն ընդդեմ առեւտրականացման ալիքի Մշակութային, ստեղծարար ՙUtopiana.am» հասարակական կազմակերպությունից ծրագրի համակարգող Թագուհի Թորոսյանը բացատրում է. «Քաղաքային տարածքների կորստի խնդիրը սոցիալական է, իսկ քաղաքի նախագծման հարցը թեժ քաղաքական թեմա է դարձել: Ի՞նչ ենք մենք անում: Մենք փորձում ենք այլընտրանքային մոդելներ առաջարկել, որոնցում նկարիչներն ու մշակութային գործիչները ստեղծում ու կազմակերպում են միջոցառումներ` հաշվի առնելով տեղական համատեքստը: Մեր միջոցառումները սադրիչ ու քննադատական են մեծ շոուների ու սպառողականության հանդեպ ու արտացոլում են ազգային նույնականության կառուցման գործընթացի նկատմամբ մարդկանց վրդովմունքը»: Թորոսյանի համաձայն, երեւանաբնակները արդեն իսկ սկսել են իրենց պայքարը բոլորին հասանելի ու բաց, ոչ առեւտրային օգտագործման համայնքային տարածքների ոչնչացման ու առեւտրականացման դեմ: «Մարդիկ ընդդիմանում են այս միտմանը` Հին Երեւանի ավերումից մինչեւ Հյուսիսային պողոտայի շինարարություն ու «Մոսկվա» կինոթատրոնի բացօթյա դահլիճի հարց», ասում է նա: «Բայց կառավարությունը շարունակում է այդպիսի քաղաքականության իրավական հիմք ապահովող օրենքներ ու կարգեր ընդունելու մոտեցումը»: Այստեղից էլ բխում է կարեւորությունը` աջակցել քաղաքացիական նախաձեռնություններին ու անկախ մշակութային թեմաներին, որոնք վերաձեւակերպում են մշակութային դաշտը որպես քաղաքացիների քննարկման ոլորտ` հանրային տարածքների հանդեպ հատուկ շեշտադրմամբ: Քաղաքի զգացմունքային համասեփականությունը «Քարավան հայեցակարգը» նախագծի կողմից սահմանվում է որպես արվեստի ու մշակութային նախաձեռնությունների միջոցով քաղաքային տարածքը յուրացնելու լավ ուղի: Յուրաքանչյուր 6 ամիսը մեկ SPACES քարավանը ժամանում է մի քաղաք` համատեղելով տեսական բանավեճները, արվեստի միջոցառումները (կամ գործողությունները հանրային տարածքներում) եւ մասնակցային մոտեցումը: Հոկտեմբերին Քարավանը կանգ առավ Երեւանում ցանցավորումը, սոցիալական հետազոտությունն ու բանավեճը խրախուսելու նպատակով «Հանրային զրույցների»` համախմբելով արվեստի գործիչների, հետազոտողների, ճարտարապետների Հայաստանից, Վրաստանից, Մոլդովայից ու Ուկրաինայից: Բազմաթիվ արվեստի գործիչներ ելույթ ունեցան տարբեր հանրային վայրերում, եւ շատերը բանախոսեցին տարբեր թեմաների շուրջը` Հյուսիսային պողոտայում «Զոհված ծառերի հուշահամալիր»-ից մինչեւ Կարապի լճի մոտակայքում Դաշնամուրային ներկայացումը` միակ նոտայի վրա լարված դաշնամուրով: «Ապագա կայուն քաղաքը» հանրային քննարկումն էլ օգտագործվեց ներկայացնելու հիմնական գաղափարը: «Երեւանում մարդիկ մտահոգ են այնպիսի հարցերով, ինչպիսիք են անօրինական կամ ոչ համարժեք շինությունները, ծառերի ու կանաչ գոտիների ոչնչացումը, նաեւ քաղաքացիների ինքնորոշման հարցերով, հանրային շահի` մասնավորի նկատմամբ գերակշռությամբ», ասում է SPACES-ի «առաջատար գործընկեր», Վիեննայի Քաղաքային կայունության ինստիտուտի տնօրեն Հայդի Դումրայխերը: «Մեր գործընկերների կազմակերպած ոչ կառավարական փոքր խմբերի քննարկումներից մենք լավ պատկերացում կազմեցինք քաղաքացիական հասարակության ջանքերի մասին` իրենց սեփական քաղաքի հանդեպ զգացմունքային «համասեփականություն» պահանջելու առումով», ավելացնում է Դումրայխերը: «Մենք կարծում ենք` էական է աջակցել նման պահանջներին քաղաքացիական հակազդեցություն դառնալու եւ տեղական մշակութային ներուժը հզորացնելու առումով: Հանրային տարածքներում իրականացված միջոցառումնեըը ներառում են Թբիլիսիի գետնանցումներում մշակութային ներկայացումից մինչեւ բացօթյա ֆիլմի դիտում Քիշնեւում»: Երեւանցի 21-ամյա ուսանող Լենա Կիրակոսյանի համար քաղաքի նոր դեմքն ավելի լավն է, քան « խորհրդային հին ու տգեղ շենքերը»: «Մյուս կողմից, մենք կուզենայինք ավելի շատ մշակույթ, երաժշտություն ու թատրոն տեսնել ամենուր կառուցված ռեստորանների փոխարեն»: «Ինչ հաճելի վայր է Կասկադը», ասում է նա, «թանգարաններով ու արվեստի գործերով, զբոսնելու եւ վայելելու վայրերով… »: Կասկադը հանրային տարածք է, որ նախապես կառուցվել էր նշանավորելու Խորհրդային Հայաստանի 50-ամյակը: Լենան հույս ունի, որ դա չի մնա միակ հանրային տարածքը Երեւանում, որտեղ կարելի է վայելել կյանքը: Այս թողարկումը չի ներկայացնում ԵՀ կամ ԵՄ այլ կառույցների պաշտոնական տեսանկյունը: ԵՀ որեւէ կերպ որեւէ պատասխանատվություն չի ստանձնում բովանդակության համար: |