ՌԱՖԱՅԵԼ ՆԱԶԱՐՅԱՆ. «ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԽԱՂՈՒՄ ՁԳՏԵԼՈՒ ԵՆՔ ՀԱՂԹԱՆԱԿԻ» Այսօր ժամը 19-ին «Հրազդան» մարզադաշտում կտրվի Հայաստանի եւ Իսլանդիայի երիտասարդական հավաքականների ընտրական մրցախաղի մեկնարկը: Այդ հանդիպումով մեր հավաքականը կսկսի Եվրոպայի 2015-ի առաջնության ընտրական մրցաշարը: Խաղի նախօրեին կայացավ երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի մամուլի ասուլիսը: Նա նշեց, որ հավաքականը լրջորեն է նախապատրաստվել իսլանդացիների հետ առաջիկա հանդիպմանը: Կադրային խնդիրներ գրեթե չկան: Վնասվածքի պատճառով խաղին չի մասնակցի Ալեն Համբարձումյանը: Ըստ մարզչի, միակ թերությունն այն է, որ հավաքականն ընկերական հանդիպում չանցկացրեց: Այդ հարցում Ռաֆայել Նազարյանն նաեւ իր մեղքի բաժինն ընդունեց, նշելով, որ ինքը պահանջկոտ չէ: Միաժամանակ նա նշեց, որ ընկերական հանդիպումների համար մրցակից գտնելը դժվար խնդիր է: Թեեւ վերը նշված թերությանը, մարզչի կարծիքով հավաքականը պատրաստ է իսլանդացիների հետ խաղին. «Երիտասարդական հավաքականի առաջնային խնդիրն ազգային հավաքականի համար ֆուտբոլիստներ պատրաստելն է: Ընտրական այս փուլում մեր առջեւ թեեւ կոնկրետ խնդիր դրված չէ, սակայն յուրաքանչյուր խաղում ձգտելու ենք հաղթանակի»: Ռաֆայել Նազարյանը դրական կարծիքի է իսլանդացիների մասին, որոնք մարտին հյուրընկալվելիս ընտրական մեկնարկային խաղում 2-1 հաշվով հաղթել են Բելառուսի հավաքականին: Գլխավոր մարզիչը մի քանի անգամ դիտել է իսլանդացիների խաղը, որոնք բոլոր առումներով գերազանցեցին բելառուսներին: Ամբողջ հանդիպման ընթացքում Բելառուսի հավաքականի ֆուտբոլիստներն ընդամենը 3 հարված են կատարել մրցակցի դարպասին: Ըստ Նազարյանի, Իսլանդիան ֆիզիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստներով համալրված թիմ է, որը հիմնականում խաղում է պաշտպանությունից: Ինչպես հայտնի է, որոշ ֆուտբոլիստներ ընդգրկված են թե՛ երիտասարդական, թե՛ ազգային հավաքականում: Ռաֆայել Նազարյանի կարծիքով նրանք հավանաբար կմասնակցեն Իսլանդիայի եւ Մալթայի հավաքականների հետ հանդիպումներին: Այդ հարցը պետք է որոշի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Ռաֆայել Նազարյանը լրագրողներին բացատրեց, թե ինչո՞ւ են «Փյունիկի» ֆուտբոլիստները մեծամասնություն կազմում երիտասարդական հավաքականում: Պատճառն այն է, որ մյուս թիմերում մինչեւ 21 տարեկան ֆուտբոլիստների քանակը փոքր է, եղածն էլ իրենց խաղային ունակություններով չեն համապատասխանում հավաքականի պահանջներին: Ընդհանրապես, տարիքային սահմանափակումը շատ է դժվարացնում ֆուտբոլիստների ընտրությունը: Մարզիչն իր գոհունակությունը հայտնեց հավաքականի նորեկ Սարգիս Ադամյանից: |