ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ՆՇՈՒՄ Է ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ Հուլիսի 2-ին Երեւանում ԱՄՆ դեսպանատունը նշեց Միացյալ Նահանգների անկախության 237-րդ տարեդարձը: ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը եւ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեցին հայ-ամերիկյան սերտ գործընկերությունը: Իր ողջույնի խոսքում դեսպան Հեֆերնը նշեց, որ տարին նշանավորվում է «հայ-ամերիկյան ամուր կապերի պահպանմամբ»: «Բարձր մակարդակում կանոնավոր կերպով ապահովվել է քաղաքական եւ դիվանագիտական երկխոսությունը»,- ասաց դեսպան Հեֆերնը, ապա նշեց, որ պետքարտուղար Քերրին անցյալ ամիս Վաշինգտոնում ընդունել է արտգործնախարար Նալբանդյանին ու գոհ է մնացել նրա հետ ունեցած բովանդակալի հանդիպումից: Դեսպանը նաեւ հավելեց. «Մեր հիմնական գերակայությունը տնտեսական կապերի խորացումն է առեւտրի ու ներդրումների ծավալների մեծացման ու գործարար միջավայրի բարելավման միջոցով: Մենք աշխատում ենք, մեր ժողովուրդների միջեւ առկա կապերի վրա հիմնվելով, ձեւավորել փոխշահավետ տնտեսական հնարավորություններ»: Նա ողջունեց ԱՄՆ դեսպանության հետ աշխատող տարբեր կազմակերպություններին, անհատներին, խմբերին ու քաջալերեց, որ նրանք աշխատեն նաեւ միմյանց հետ: Միջոցառման ժամանակ Երեւանում ԱՄՆ դեսպանատանն առաջին անգամ ներկայացվեց ամերիկյան քանթրի երաժշտություն: Հայկական «Իմեջին բենդը» ամբողջ երեկոյի ընթացքում հնչեցրեց տարբեր երգերՙ ամերիկյան քանթրի ոճով, իսկ «Նանե» պարային ստուդիան ներկայացրեց քանթրի խմբապար: Անկախության օրը նշանավորում է Միացյալ Նահանգների ծննդյան օրը եւ Անկախության հռչակագրի ընդունումը, որ տեղի ունեցավ 1776թ. հուլիսի 4-ին: |