Orange ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԱՎԱՆ ԳՅՈՒՂՈՒՄ ՆԵՐԴՐՎՈՒՄ Է ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾ Orange Հիմնադրամի եւ «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության միացյալ ջանքերով Տավուշի մարզի Բերդավան գյուղում մեկնարկում է նոր գյուղատնտեսական նախագիծ: Նախագիծն օգտագործում է սպառողական կոոպերատիվի մոդելը եւ թույլ է տալու գյուղի ավելի քան 40 ընտանիքներին միավորել իրենց աշխատանքըՙ ստանալու ավելի լավ արդյունքներ: Գյուղում ստեղծված «Բերդավան» պտղաբուծական կոոպերատիվին աջակցելու նպատակով Orange Հիմնադրամը նվիրաբերել է գյուղատնտեսական տեխնիկա, մասնավորապես տրակտոր, հնձիչ կոմբայն, միջատասպան նյութերի սրսկիչներ: Բնակիչների համար կազմակերպվել են մասնագիտական վերապատրաստման դասընթացներ, ինչպես նաեւ կապեր են ստեղծվել վերամշակող ընկերությունների հետ, ներդրված նոր մոդելիՙ սպառողական կոոպերատիվի գործունեությունը եւ բերքի իրացումը հեշտացնելու նպատակով: Կբարելավվի նաեւ ջրամատակարարման համակարգը: Ըստ հաշվարկներիՙ Բերդավանի բնակիչները, ովքեր ավանդաբար մասնագիտացած են դեղձի մշակման մեջ, այս նվիրատվության եւ գյուղատնտեսական նոր մոդելի կիրառման շնորհիվ արդեն հաջորդ տարի բերքատվությունը կբարձրացնեն 2 եւ ավելի անգամ: «Հայաստանի գյուղերի խնդիրները, հատկապես այն գյուղերինը, որոնք երկրի սահմաններին են, Orange Հիմնադրամի ուշադրության կենտրոնում են: Մինչ օրս մենք մասնակցել ենք գյուղերում մանկապարտեզների, մարզասրահների, համակարգչային սրահների վերազինմանն ու կահավորմանը, սակայն առաջին անգամն է, երբ ներգրավվում ենք նման գյուղատնտեսական նախաձեռնության իրականացման մեջ: Իսկապես ցանկանում ենք շուտով տեսնել այն արդյունքներն ու փոփոխությունները, որ մեր ներդրումը պիտի բերի այս գյուղին: Երջանիկ ենք այսօր նշել գյուղի համար այս նոր մեկնարկը», ասաց Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը: «Այս ծրագիրը մեր մեծ նախաձեռնության սկիզբն էՙ ուղղված հեռավոր եւ անապահով համայնքներում բարձրարժեք գյուղատնտեսության խթանմանը, ինչը, վստահ ենք, կբերի մարդկանց եկամուտների ավելացմանը եւ արտագաղթի կրճատմանը», ասաց «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության վարչության նախագահ Հայկ Մինասյանը: Նախագծի իրականացման համար Orange Հիմնադրամը տրամադրել է 12.921.000 դրամ: |