Ո՞Վ Է ԻԲՐԱՀԻՄԲԵԿՈՎԸ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ ԻԲՐԱՀԻՄԲԵԿՈՎԸ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Երեկվա համարում «Ազգը» տեղեկացրեց, որ ադրբեջանական ընդդիմության միասնական թեկնածուն` գալիք հոկտեմբերին նախանշված երկրի նախագահական ընտրություններում, լինելու է 74-ամյա Ռուստամ Իբրահիմբեկովը: ռուսական ծառայությանը Իբրահիմբեկովը հարցազրույց է տվել, որտեղ մասնավորաբար նշել է. «Ես վախենում եմ ե՛ւ ձերբակալությունից ե՛ւ սպանությունից»: Ո՞վ է Իբրահիմբեկովը Ռուստամ Մամեդ Իբրահիմ օղլի Իբրահիմբեկովը սովետական-ադրբեջանցի գրող է, դրամատուրգ եւ կինոռեժիսոր, նա ծնվել է Բաքվում, մշակույթի գործիչներ Մեմեդ Իբրահիմ Ահմեդ օղլի Իբրահիմբեկովի եւ Ֆաթիմա Ալեքպեր Մեշադիբեկովայի ընտանիքում: Նա Ադրբեջանական ՍՍՀ-ի, ինչպես նաեւ Ռուսաստանի ՍՍՀ-ի մշակույթի վաստակավոր գործիչ է, պրոֆեսոր: Իբրահիմբեկովը ադրբեջանցի հայտնի գրող Մաքսուդ Իբրահիմբեկովի եղբայրն է: Կինոյի աշխարհում Իբրահիմբեկովին հատկապես նշանավորեց Վալենտին Եժովի հետ համատեղ սցեանարիստական աշխատանքը «Անապատի սպիտակ արեւ» ֆիլմում, որը կարճ ժամանակ անց հանրահայտ դարձավ ողջ Միությունում: Ավելի ուշ Իբրահիմբեկովը սկսեց գործակցել ռուս հանրահայտ կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովի հետ, մասնավորաբար համատեղ նկարահանելով Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակին արժանացած «Ուռգա. Սիրո տարածք» ֆիլմը, ինչպես նաեւ «Արեւից քշվածները» ֆիլմը, որը արժանացավ ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակին` որպես լավագույն արտասահմանյան ֆիլմ: Իբրահիմբեկովը հեղինակել է ավելին քան 40 ֆիլմ, նա Բաքվում բացեց Ադրբեջանում առաջին մանկական կինոդպրոցը, ԱՊՀ եւ բալթյան երկրների կինեմատոգրաֆիստների միությունների դաշնության նախագահն է, Ադրբեջանի կինեմատոգրաֆիստների միության նախագահը, եվրոպական «Ֆելիքս» կինոակադեմիայի անդամ, ամերիկյան կինոարվեստի ակադեմիայի անդամ եւ Մոսկվայում հրեական կինոփառատոնի կազմկոմիտեի նախագահ: Իբրահիմբեկովը հեղինակել է 15 պիես, որոնք բեմադրվել են աշխարհի ավելին քան 100 թատրոններում («Կինը փակ դռների հետեւում», «Հուղարկավորություն Կալիֆոռնիայում», «Տունը ավազի վրա», «Առյուծի նմանը», եւ այլն): Իբրահիմբեկովը բազմաթիվ սովետական, ազգային եւ միջազգային մրցանակների դափնեկիր է, բայց քաղաքականության մեջ նորեկ է: Թերեւս այս հանգամանքը, ինչպես նաեւ Իբրահիմբեկովի հանրահայտ լինելն է նպաստել, որ ադրբեջանական ընդիմադիր ուժերը նախագահական ընտրություններում առաջադրեն հենց Իբրահիմբեկովին, ով քաղաքականությունում չի եղել, որպեսզի վարկաբեկված կամ խոցելի չլինի իշխանությունների կողմից: BBC-ին տված հարցազրույցում Իբրահիմբեկովը նշում է. «Վերջին տարիներին ես Ադրբեջանում հիմնադրեցի եւ գլխավորում եմ Մտավորականների ֆորումը, որի գլխավոր առաքելությունը ես հռչակեցի մեր երկրում քաղաքացիական հասարակության ինչ-որ դրսեւորումների հիմնավորումը: Սա երեք տարի առաջ էր, այսօր արդեն մեր ֆորումին են հետեւում հազարավոր մարդիկ, ովքեր ազատ արտահայտում են իրենց կարծիքը այն ամենի մասին, ինչը տեղի է ունենում երկրում: Ես հասկանում եմ, որ քաղաքականության մեջ ես փորձ չունեմ, բայց վերջերս ԱՄՆ-ում էի, այնտեղ ունեցել եմ հանդիպումներ տարբեր շրջանակների ու կազմակերպությունների հետ` զրուցելու, հասկանալու, տեսնելու նպատակով: Նույնատիպ հանդիպումներ ես ունենում եմ նաեւ Մոսկվայում: Կապեր կան նաեւ Թուրքիայում...»: Հավանաբար հենց Թուրքիայում ունեցած կապերի ազդեցությամբ, իսկ գուցե եւ անձնական նախաձեռնությամբ եւ համոզմունքներով, Իբրահիմբեկովը 2012-ի հունվարի 25-ին հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ պաշտոնապես հրաժարվեց ֆրանսիական` արվեստի եւ մշակույթի ոլորտում իր ստացած շքանշանից: Իբրահիմբեկովն իր այս որոշումը հիմնավորել էր հանգամանքով, որ Ֆրանսիան պատրաստվում է քրեական պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր ֆրանսիական տարածքում կհերքեն Հայոց ցեղասպանությունը. «Ես կարծում եմ, որ այդ օրինագիծը զրկում է ֆրանսիացիներին իրենց ազատ արտահայտվելու տարրական իրավունքից»: Նույն թվականի հուլիսին Ադրբեջանում իշխող «Ենի Ազարբայջան» կուսակցության պաշտոնաթերթը հրապարակեց ռուսական պարբերականներից մեկին Իբրահիմբեկովի` դեռեւս 2008-ին տված հարցազրույցը, որի հիման վրա իշխանությունները մեղադրեցին Իբահիմբեկովին «հայերին հավերժ սիրելու մեջ»: Իրականում Իբրահիմբեկովը մի շարք հայ ընկերներ ունի, օրինակՙ Ղարաբաղում ծնված, ուկրաինական-սովետական կինոռեժիսոր, Ուկրաինայի ժողովրդական արտիստ, սովետական կինոմրցանակի դափնեկիր Ռոման Բալայանը (ում անունը նշվում է նաեւ որպես ՀՅԴ ներկայացուցչի` ի դեպ): Նա համարվում է Իբրահիմբեկովի մերձավոր գործընկերներից մեկը, եւ այս հանգամանքը հաշվի առնելով իշխանության պաշտոնաթերթը միայն 4 տարի անց, երբ Իբրահիմբեկովը տարանջատվում էր Ալիեւ ընտանիքից, հիշեց 2008-ին նրա տված հարցազրույցը, որտեղ Իբրահիմբեկովն ընդամենը նշել էր, որ ինքը կարոտում է Բաքվում եւ Ադրբեջանում ապրած հայերին: Ուշագրավ են հենց այդ եւ հիմնականում Ղարաբաղի հայերի ու առհասարակ ԼՂՀ-ի հիմնահարցի վերաբերյալ Իբրահիմբեկովի մոտեցումները, որոնք նա որոշակիորեն մանրամասնել է BBC-ին տված հարցազրույցում: Իբրահիմբեկովը նախ շեշտել է հիմնահարցի բարդ եւ խճճված լինելը, այնուհետեւ ասել է. «Երբ Ղարաբաղի բնակիչները տեսնում են, թե ինչ հրեշավոր վիճակում է Ադրբեջանը գտնվում, ինչպես են կոպտագույնս խախտվում այստեղ մարդկանց իրավունքները, ապա բնականաբար նրանք չեն ցանկանա, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում»: Այս համատեքստում հենց Իբրահիմբեկովը վստահ է, թե «քանի որ ԼՂ բնակիչները Ադրբեջանի քաղաքացիներ են», ապա «չի կարելի նրանց անվանել թշնամի»: «Երբ ես սա ասում եմ Ադրբեջանում, ինձ մեղադրում են հայամետություն մեջ, ինչն աբսուրդ է», ասել է Իբրահիմբեկովը` շեշտելով. «Քանի դեռ ԼՂ բնակիչները չեն ցանկանա ապրել Ադրբեջանի կազմում, նրանց ոչ ոք չի կարող ստիպել դա անել: Հետեւաբար աշխատանքը պետք է նրանց հետ տարվի: Իսկ աշխատանքը կարող է ընթանալ միայն այն ժամանակ, երբ նրանք տեսնեն-համոզվեն, որ ադրբեջանցի ժողովուրդը նրանց հանդեպ անկեղծ է, որ նրանք մեր ժողովրդի մի մասնիկն են, որ նրանք կարող են իրենց անվտանգ զգալ մեր երկրում»: Ինչո՞ւ Իբրահիմբեկովը Բնականաբար 74-ամյա որեւէ հանրահայտ ադրբեջանցի չէր կարող հարաբերված չլիներ Ալիեւ ընտանիքի հետ: Իլհամ Ալիեւի այսօրվա ամենահավանական մրցակիցը Ալիեւ ընտանիքի մերձավորներից է եղել: Հակառակ պարագայում, համաձայնեք, նա չէր կարող այդքան շատ պետական մրցանակներ ստանալ: Ինքը` Իբրահիմբեկովը, պատմելով BBC-ին իր ու Ալիեւների հարաբերությունների մասին, նկարագրում է դրանք որպես «դժվարին սկիզբ ունեցող հարաբերություններ»: «Սովետական ժամանակներում, 60-ականներին, երբ Հեյդար Ալիեւը եկավ իշխանության, ես կուսակցության անդամ չէի, եւ գրում էի ճշմարտությունն այն ամենի մասին, ինչը տեղի էր ունենում իմ երկրում, եւ ինչպես վարվել եմ միշտ», ասում է Իբրահիմբեկովը` հիմնավորելով իր ու անձամբ Հեյդար Ալիեւի «դժվարին հարաբերությունները», որոնց հետեւանքով էլ, իր խոսքերով, ստիպված է եղել լքել Ադրբեջանն ու տեղափոխվել Մոսկվա: Հետագայում արդեն, երբ Հեյդար Ալիեւն այլեւս դե յուրե իշխանություն չուներ Ադրբեջանում, վերջինիս, Իբրահիմբեկովի եւ ադրբեջանցի նկարիչ Թաիր Սալախովի միջեւ տեղի է ունեցել «բավականին սրտաբաց ու անկեղծ զրույց, որից հետո մեր հարաբերությունները բարելավվեցին, մենք մտերմացանք», հիշում է Իբրահիմբեկովը: Ավելին, 1999-ին Հեյդար Ալիեւը հանդես է եկել Իբրահիմբեկովին նվիրված ճառով (վերջինիս 60-ամյակի կապակցությամբ), հասկանալի է` վերջինիս կարգելով իր մերձավոր-բարեկամների շարքը: Ավելի ուշ, երբ իշխանության է եկել Իլհամ Ալիեւը, Իբրահիմբեկովի խոսքերով` «Ես նրանցից էի, ովքեր ողջունեցին նրա իշխանության գալը: Միեւնույն ժամանակ ես ինքնուրույն ու անկախ կյանք էի վարում, որը դուր չէր գալիս իշխանություններին, բայց նրանք ինչ-որ կերպ հանդուրժում էին իմ անկախությունը»: Իբրահիմբեկովը հիշում է նաեւ, որ մինչեւ 2007-ը ինքը Իլհամ Ալիեւի հետ ուներ գերազանց հարաբերություններ, սակայն 2007-ին, երբ նա դիմել է Ալիեւ կրտսերին` «ադրբեջանական նավթադոլարների մի զգալի հատվածն էլ ուղղել ադրբեջանական կինեմատոգրաֆիան հրեշավոր իրավիճակից դուրս բերելու նպատակով», Իլհամ Ալիեւը, թեեւ սկզբում համաձայնել է, բայց հետագայում խոստումը դրժել է: Սրանից հետո Իբրահիմբեկովը տարածք է խնդրում իշխանություններից, որը գտնվում է Բաքվի կենտրոնի մերձակայքում, ըստ որոշ տեղեկությունների` «ոչ թե ադրբեջանական կինոյի, այլ իր անձնական բիզնես նպատակներով», սակայն Իլհամ Ալիեւը մերժում է Իբրահիմբեկովի խնդրանքը, ըստ երեւույթին վերջնականապես խզելով Ալիեւ ընտանիքի գերազանց հարաբերությունները Իբրահիմբեկովի հետ: Հենց այս ամենից հետո էլ «Ենի Ազարբայջան» պաշտոնաթերթը հանկարծ վերհիշում է Իբրահիմբեկովի չորս տարվա վաղեմության հարցազրույցն ու մեղադրում նրան «հայերի հանդեպ հավերժ սեր ունենալու մեջ»: Իբրահիմբեկովը մտնում է քաղաքականություն, նրան` նախագահի թեկնածու առաջադրում են Ադրբեջանի ընդդիմադիր ուժերը, հետեւաբար նա Իլհամ Ալիեւի գլխավոր մրցակիցն է: Նա քաղաքականության մեջ անփորձ նորեկ է, հետեւաբար կարող է եւ ձայներ ստանալ բոլոր նրանցից, ովքեր դեռ հիշում ու նայում են «Անապատի սպիտակ արեւը», իսկ այդպիսիք Ադրբեջանում բնականաբար կան, բայց, միեւնույն ժամանակ, նա հազիվ թե կարողանա հաղթել Իլհամ Ալիեւին, որի ղեկավարությունն, ի դեպ, ըստ Իբրահիմբեկովի` «Ադրբեջանում Մոսկվայի դրածո ղեկավարությունն է». «Պուտինը մշտապես ասել է, որ ինքը սատարում է Իլհամ Ալիեւին հայր Ալիեւի անձնական խնդրանքով», ասել է Իբրահիմբեկովը BBC-ին: Հետեւաբար, Ադրբեջանի գալիք ընտրությունները գոնե այս պահին նման են Բելառուսի անցած նախագահական ընտրություններին, որտեղ «հավերժ նախագահ» Լուկաշենկոյի հետ մրցակցում էին, ըստ էության լավ, բայց քաղաքականության մեջ անփորձ մարդիկ` Միլինկեւիչն ու Սաննիկովը: Բայց եթե անգամ նրանք հրաշալի մարդիկ են, բայց քաղաքականապես միամիտ, ապա նրանց մասնակցությունը ընտրություններին ի սկզբանե դատապարտված էր անհաջողության: Հետեւաբար, Իլհամ Ալիեւին խիստ ձեռնտու է, որ իր հիմնական մրցակիցը արդեն այս պահին դատապարտված է անհաջողության, եւ Իբրահիմբեկովն ինքը, ինչպես նաեւ նրան առաջադրած ադրբեջանական ընդդիմությունն ու ադրբեջանցի ժողովուրդը սա հրաշալի հասկանում են: Հակառակ պարագայում, Իբրահիմբեկովը չէր նշի. «Ես վախենում եմ ե՛ւ ձերբակալությունից, ե՛ւ մարդասպանությունից»: |