ՀԱՅԱՍՏԱՆ-ԼԻԲԱՆԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐ ՎՐԵԺ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ, ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի լրատվական ծառայության ղեկավար Բեյրութ-Երեւան ուղիղ ավիաչվերթի բացման առիթով Հայաստան է ժամանելու լիբանանյան պաշտոնական ու գործարար շրջանակների մեծ ու ներկայացուցչական պատվիրակություն: Հուլիսի 6-ին, ժամը 12-ին ողջ պատվիրակությունը հյուրընկալվելու է ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատում (Խանջյան 11), ուր երկու երկրների առեւտրաարդյունաբերական պալատների նախագահներ Մարտին Սարգսյանը եւ Մոհամմադ Չոքերը ստորագրելու են համագործակցության համաձայնագիր, որին հաջորդելու է մամուլի ասուլիսը: Պատվիրակության կազմում են լիբանանյան MEA ավիաընկերության գլխավոր տնօրեն Մոհամեդ ալ Հութին, Լիբանանի արդյունաբերության նախարար, մեր հայրենակից Վրեժ Սաբունջյանը, հայազգի նախկին նախարարներ եւ խորհրդարանի ներկայիս պատգամավորներ, Լիբանանի Կենտրոնական բանկի փոխնախագահ Հարություն Սամուելյանը, Լիբանանի բանկերի ասոցիացիայի նախագահը, Լիբանանի արդյունաբերողների ասոցիացիայի նախագահը, բարձրաստիճան այլ պաշտոնատար այրեր, երկու երկրների դեսպանները, ընկերությունների ղեկավարներ, գործարարներ: Այցը բացառիկ կարեւոր է եւ լուրջ ազդեցություն կունենա հայ-լիբանանյան տնտեսական կապերի զարգացման գործում: |