ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ՀԴԿ մամուլի ծառայություն Հայաստանի դեմոկրատական կուսակցության հաղորդագրությունը Ինչպես հայտնի է, ձեւավորվել է 40-ից ավելի հասարակական կազմակերպությունների եւ Հայաստանի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների նախաձեռնող խումբ, որը «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ թ. 57 օրենքը չեղյալ հայտարարելու առաջարկով դիմում է նախապատրաստել ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հ. Աբրահամյանին եւ ԱԺ խումբ-խմբակցությունների ղեկավարներին: Սեպտեմբերի 30-ին ԱԺ նախագահը ընդունեց նախաձեռնության պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Ա. Սարգսյանը, «Համահայկական ծնողական կոմիտե» նախաձեռնության համակարգող Ա. Բոշյանը, «Հայասպետ» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Կ. Տոնոյանը, գրող-հրապարակախոս Լ. Ավետիսյանը: Կայացավ շահագրգիռ զրույց, որին մասնակցեցին նաեւ ԱԺ համապատասխան հանձնաժողովների նախագահները: Որոշվեց շարունակել քննարկումները կառավարության ներկայացուցիչների հետ եւ լսումներ կազմակերպել ԱԺ-ում` վիճահարույց «գենդեր» «գենդերային հարաբերություններ» հասկացությունները օրենքից հանելու համար: Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահը ԱԺ նախագահին հանձնեց նաեւ փախստականներին բնակարաններով ապահովելու վերաբերյալ կուսակցությանն ուղղված դիմումները, որոնցում մասնավորապես պահանջ է դրված 2014 թվականից սկսած պետական բյուջեում նախատեսել առնվազն 4 մլրդ դրամ` փախստականների համար բնակելի շենքեր կառուցելու նպատակով: |