ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ՎԱՀԵ ԹԵՎՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ՎԱՐԴՈՒՀԻ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ Երեւանի Գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահում սեպտեմբերի 30-ին բացվեց գեղանկարիչ Վահե Թեւոսյանի անհատական ցուցահանդեսըՙ «Բու» խորագրով: Ցուցահանդեսին ցուցադրվում է 50 ստեղծագործություն, որոնք արտացոլում են երիտասարդ նկարչի նորարար մոտեցումները, նոր գաղափարների ոգեշնչումն ու քարոզչությունը: Վահե Թեւոսյանը սկսել է ցուցադրվել դեռեւս 2005 թ.-ից: Սա Վահեի թվով չորրորդ անհատական ցուցահանդեսն է: Նա սովորել է Հ.Կոջոյանի անվան կրթահամալիրում, ինչը ավելի է խթանել Վահեի սերն ու ձգտումը դեպի կեպարվեստը: 2005 թ.-ին Վահեն ընդունվում է Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջՙ ուսանելով գեղանկարչության բաժնումՙ գեղանկարիչ պրոֆ. Հրայր Գրիգորյանի արվեստանոցում: Թերլեմեզյանում ուսանած տարիները մեծապես նպաստում են նրա մեջ գեղարվեստական մտքի ու ճաշակի զարգացմանը: Շարունակելով հաստատուն քայլերը դեպի իր ընտրած մասնագիտությունըՙ Վահեն 2011 թ.-ին ընդունվում է Երեւանի Գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարչության բաժինըՙ ուսանելով գեղանկարիչ Էդուարդ Վարդանյանի արվեստանոցում: Տարիների պրպտումների արդյունքում Վահեն ձեւավորում է իր ուրույն ձեռագիրըՙ գեղարվեստական արտահայտչամիջոցների, կոմպոզիցիոն մտահղացման ու ձեւերի դեկորատիվ մեկնաբանման իր մոտեցմամբ: Իր առջեւ դրված խնդիրները լուծելիս նա փորձում է դրանք արտահայտել ոչ միայն բովանդակության, այլեւ նկարելու ձեւի շեշտադրման ուրույնՙ գունատոնային ու լուսաստվերային ներդաշնակման շնորհիվ: Նկարիչ-պրոֆեսոր Հրայր Գրիգորյանի դիպուկ բնորոշմամբ «Վահե Թեւոսյան գեղանկարիչը իր էությամբ Արարիչի կողմից ծնված գեղանկարիչ ստեղծագործ է. վառ գունային աշխարհի ինքնատիպ նկարիչ, սովորական կապանքներից դուրս, իր մտածելակերպի գեղանկարիչ»: Շարունակ աշխատելով ու ստեղծագործելովՙ Վահեն արդեն իսկ հարյուրավոր կտավներ է հեղինակել: Նրա կտավները ցուցադրվել են թե՛ Հայաստանի, եւ թե՛ արտերկրի ամենատարբեր ցուցասրահներումՙ հանդիսատեսին ներկայացնելով կերպարվեստում իր նոր գաղափարներն ու լուծումները: Արվեստաբան Մարինա Ստեփանյանի գնահատմամբ. «Վահե Թեւոսյան. նկարիչ, ում գեղարվեստական կամքն իրեն օգնում է գեղանկարչության լեզվով վերարտադրել այսօրվա իրականության ճնշումը, կոպիտ, անկանխատեսելի, երբեմն հասարակության բարոյական հիմքերին հակասող իրականությունը»: Ցուցահանդեսի բացման արարողությունը տեղի ունեցավ երեկ, «Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահում: Ցուցահանդեսը կտեւի մինչեւ հոկտեմբերի 6-ը: Մուտքն ազատ է: |