ՎԵՐՋԻՆ ԵՐԵՔ ՏԱՐՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱՐՈՆՅԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ 2800-ԻՑ ՑԱԾՐ Է ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն շախմատիստների դասակարգման հերթական ցուցակը: Վերջին 3 տարիների ընթացքում առաջին անգամ Լեւոն Արոնյանի վարկանիշը նվազել է 2800-ից: Նախորդ ամսվա համեմատ Լեւոնը վարկանիշը նվազեցրել է 18-ով եւ 2795 վարկանիշով 2-րդ տեղից նահանջել է 3-րդ հորիզոնական: Վերջին անգամ Արոնյանի վարկանիշը 2800-ից ցածր եղել է 2010-ի սեպտեմբերին (2783): Իսկ 2010-ի նոյեմբերին հայ գրոսմայստերն առաջին անգամ հատեց 2800-ի սահմանագիծըՙ 2801 վարկանիշով զբաղեցնելով 3-րդ տեղը: Լեւոնն իր համար ռեկորդայինՙ 2825 վարկանիշին հասել է 2012-ի մայիսին: Լեւոն Արոնյանին վարկանիշային աղյուսակում շրջանցեց Վլադիմիր Կրամնիկը, որը վարկանիշը ավելացրել է 2-ով (2796): Դասակարգման ցուցակի առաջատար Մագնուս Կառլսենն էլ 8-ով ավելացրել է իր վարկանիշը (2870): Լավագույն տասնյակում տեղ զբաղեցրած շախմատիստներից ամենամեծ առաջընթացն ունեցել է ճապոնացի Հիկարու Նակամուրան, որը 11-ով ավելացնելով վարկանիշը (2783), 9-րդ տեղից տեղափոխվել է 5-րդ հորիզոնական: 4-րդ տեղում Ալեքսանդր Գրիշչուկն է (2786): 6-10-րդ տեղերը զբաղեցնում են Ֆաբիանո Կարուանան (2779), Վիշվանաթան Անանդը (2775), Վեսելին Թոփալովը (2771), Բորիս Գելֆանդն (2765) ու Սերգեյ Կարյակինը (2762): 100 ուժեղագույն շախմատիստների թվում են եւս 4 հայ գրոսմայստերներ: Սերգեյ Մովսիսյանը 2696 վարկանիշով պահպանել է 51-րդ հորիզոնականը, թեեւ վարկանիշը 3-ով նվազեցրել է: Վլադիմիր Հակոբյանն էլ մնացել է 59-րդ տեղում, իսկ ահա վարկանիշը նվազեցրել է 7-ով (2684): Գաբրիել Սարգսյանի մոտ առաջընթաց է նկատվել: Նա վարկանիշն ավելացրել է 5-ով (2676) եւ 72-րդ տեղից տեղափոխվել է 69-րդ հորիզոնական: Իսկ Տիգրան Պետրոսյանը պահպանել է վարկանիշը (2660) եւ մեկ հորիզոնականով բարձրանալով, զբաղեցնում է 90-րդ տեղը: Կանանց վարկանիշային ցուցակը գլխավորում է հունգարուհի Հուդիթ Պոլգարը (2689): Լավագույն տասնյակում են նաեւ աշխարհի ներկայիս չեմպիոնուհի Հոու Յիֆանը (2621), Համպի Կոներուն (2607), Չժաո Սյուեն (2579), Աննա Մուզիչուկը (2560), Նանա Ձագնիձեն (2556), Ցզյու Վենցզյունը (2535), Կատերինա Լահնոն (2534), Նադեժդա Կոսինցեւան (2523) եւ Պիա Կրամլինգը (2515): Հայաստանը ցուցակում ներկայացնում են Էլինա Դանիելյանը (2471) եւ Լիլիթ Մկրտչյանը (2469): Էլինան 1-ով ավելացրել է վարկանիշը եւ 29-րդ տեղից տեղափոխվել է 27-րդ հորիզոնական: Լիլիթը պահպանել է վարկանիշը եւ 30-րդ տեղից բարձրացել է 29-րդ հորիզոնական: Մեծ առաջընթաց է ունեցել երիտասարդ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, որը վերջին շրջանում վերելքով է հանդես գալիսՙ տարբեր մրցաշարերում դառնալով մրցանակակիր: Կարենը մինչեւ 20 տարեկան շախմատիստների դասակարգման ցուցակում 2604 վարկանիշով զբաղեցնում է 16-րդ տեղը: Սեպտեմբերին նրա վարկանիշը 2563 էր եւ այդ ցուցանիշով զբաղեցնում էր 25-րդ տեղը: 23-րդ տեղում է Սամվել Տեր-Սահակյանը (2568): Նա վարկանիշը նվազեցրել է 7-ով ու նահանջել է 4 տեղով: Հովհաննես Գաբուզյանը 2523 վարկանիշով 42-րդն է: Նա էլ վարկանիշը նվազեցրել է 17-ով ու նահանջել է 9 տեղով: 2477 վարկանիշով 69-րդ տեղում է Ռոբերտ Աղասարյանը: ՖԻԴԵ-ի անդամ երկրների վարկանիշային ցանկում Հայաստանը պահպանել է 4-րդ տեղը (2661): Լավագույն եռյակը կազմում են Ռուսաստանը (2742), Ուկրաինան (2703) եւ Չինաստանը (2669): 5-10-րդ տեղերում են Ֆրանսիան (2659), Հունգարիան (2655), ԱՄՆ-ը (2651), Հնդկաստանը (2642), Հոլանդիան (2639) եւ Իսրայելը (2630): Ադրբեջանը (2623) 13-րդ տեղում է, Վրաստանը (2593)ՙ 17-րդ հորիզոնականում: |