ՎԱՀԱԳՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԻՐ ՄՇԱԿԱԾ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԸ Բելգիայի Անտվերպեն քաղաքում մեկնարկել է սպորտային մարմնամարզության աշխարհի 44-րդ առաջնությունը, որի պարգեւները կվիճարկեն 78 երկրների 540 մարմնամարզիկներ: Հետաքրքրական է, որ սպորտային մարմնամարզության անդրանիկ առաջնությունը, որ կայացել է 110 տարի առաջ, եւս տեղի է ունեցել Անտվերպենում: Հայաստանն աշխարհի առաջնությունում կներկայացնեն Վահագն Ստեփանյանն ու Հարություն Մերդինյանը: Նրանք սեպտեմբերի 25-ից մարզվում են Անտվերպենի մարզապալատում, որտեղ ընթանալու են մրցումները: Վահագն Ստեփանյանը նժույգի վրա աշխարհում առաջինը պետք է ցուցադրի իր ստեղծած մարմնամարզական վարժությունը: Հաջող կատարելու դեպքում մարմնամարզության միջազգային ֆեդերացիան այդ վարժությունը կկոչի Վահագն Ստեփանյանի անվամբ: Աշխարհի առաջնության մասնակիցների համար մրցումները ուժերի հիանալի ստուգատես են հաջորդ տարվա մրցաշարից առաջ, որում բացի մեդալներից, խաղարկվելու են նաեւ 2016-ին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ամառային օլիմպիադայի ուղեգրերը: |