ՀԱՊԿ-Ը ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՔԵՍԱԲԻ ԲՌՆԱԳՐԱՎՈՒՄԸ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների Արտաքին գործերի նախարարները երեկ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման շրջանակներում հետեւյալ հայտարարությունն են տարածել Սիրիայում տիրող իրավիճակի` մասնավորապես Քեսաբի դեպքերի վերաբերյալ: «Մենք մեր խորը մտահոգությունն ենք հայտում Սիրիայի հյուսիս-արեւմուտքում իրավիճակի սրման կապակցությամբ, որը դրսեւորվում է կառավարական ուժերի եւ «Ալ Ղաիդա»-ի հետ կապ ունեցող ծայրահեղական խմբավորումների միջեւ հակամարտության արդյունքում, ինչը բերել է մարդկային զոհերի եւ մեծամասամբ հայերով բնակեցված Քեսաբ քաղաքի հազարավոր բնակիչների բռնի տեղահանմանը: Վճռականորեն դատապարտում ենք իրականացված ահաբեկչական գործողությունները եւ խաղաղ բնակչության դեմ ուժի կիրառումը: Հանդես ենք գալիս բռնության հնարավորինս արագ դադարեցման եւ փախստականների անվտանգ վերադարձի ապահովման օգտին: Վստահ ենք, որ իրավիճակի կարգավորումը հնարավոր է արտաքին միջամտության եւ բռնության բացառման դեպքում, ինչպես նաեւ` քաղաքական լայն երկխոսության միջոցով, որը պետք է հաշվի առնի բոլոր սիրիացիների շահերըՙ անկախ ազգությունից եւ կրոնական պատկանելությունից: Կոչ ենք անում շահագրգիռ եւ հակամարտության մեջ ներգրավված կողմերին` խստորեն պահպանել միջազգային իրավունքի նորմերըՙ հանուն արյունահեղության անհապաղ դադրեցման եւ Սիրիայում 2012-ի հունիսի 30-ին ընդունված Ժնեւյան կոմյունիկեի հիմքի վրա քաղաքական կարգավորման»: Հայտարարությունը ստորագրված է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների կողմից: |