RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#004, 2014-03-21 > #005, 2014-03-28 > #006, 2014-04-04 > #007, 2014-04-11 > #008, 2014-04-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 04-04-2014



ԿԱՊ

Տեղադրվել է` 2014-04-03 23:45:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 3021, Տպվել է` 57, Ուղարկվել է էլ.փոստով` 45

ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽԵԼԻՈՒԹՅՈՒՆ` ԱՆԻՄԱՍՏ ՀԱՄԱԿԱՐԳ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ 1,5 ՏՈԿՈՍԻՆ ԴՈՒՐ ԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ապրիլի 1-ից Հայաստանում սկսեց գործել բջջային կապի համարների տեղափոխելիության ծառայությունը (MNP), որը հնարավորություն է տալիս բաժանորդներին, առանց փոխելու իրենց հեռախոսահամարը` փոխել շարժական կապի օպերատորին: Նման որոշում է կայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանի կարծիքով, փոփոխությունը կկատարվի 1 օրվա ընթացքում, թեեւ սահմանված է 3 օր ժամկետը: Այսպես ասած` «մայր ցանցից» այլ օպերատորի ցանց տեղափոխված համարի մասին տեղեկատվությունը կհաղորդվի զանգ կատարողին, որպեսզի վերջինս տեղյակ լինի, որ կատարում է զանգ դեպի այլ ցանց: Ի՞նչ նպատակով է գործարկվել այս ծառայությունը, հատկապես երբ նման համակարգ գործարկած երկրներում մի ցանցից մյուս ցանց տեղափոխվել են բոլոր բաժանորդների ընդամենը 1,5 տոկոսը: Սաՙ դարձյալ ըստ Սամվել Արաբաջյանի հաղորդած տեղեկատվության: Այսինքն, քիչ հավանական է, որ Հայաստանում նույնպես ցանցից ցանց տեղափոխվողները ավելի շատ լինեն: Հետեւաբար մեկ այլ հարց է ծագում` ի՞նչ արդյունքներ կլինեն այս համակարգի կիրառումից:

MNP-ի ներդրման նպատակահարմարության մասին խոսելով, Սամվել Արաբաջյանը այն համոզմունքն է հայտնել, որ սա կբերի մատուցվող ծառայությունների որակի եւ արդյունավետության բարձրացմանը: Սակայն հիմա էլ հեռահաղորդակցության ոլորտում լուրջ մրցակցություն կա, որն անխուսափելիորեն բերում է որակի բարձրացմանը, նոր տեխնոլոգիաների ներդրմանը եւ սակագների նվազմանը: Սա ոչ ոք չի կարող հերքել, հետեւաբար` ինչո՞ւ ներդնել համակարգ, որի գլխավոր առաքելությունը, ըստ էության, մեկը մյուսից «հաճախորդ փախցնելն» է: Արդյո՞ք համարների տեղափոխելիության համակարգը չի բերի անառողջ մրցակցության, ընկերությունների կողմից դեմպինգային գների կիրառման եւ այլ անազնիվ միջոցների` հանուն հաճախորդներին իրենց կողմը գրավելուն:

Մեր այս հարցին Սամվել Արաբաջյանը պատասխանել է, որ եղել են երկրներ, որտեղ նման խնդիրներ են առաջացել, որոնց արդյունքում նվազել է մրցակցությունը, ներդրումները, նոր տեխնոլոգիաների կիրառումը ու օպերատորների եկամուտները: Սակայն հանձնաժողովի անդամը հավաստիացրեց, որ իրենք, ինչպես նաեւ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, խիստ են լինելու եւ թույլ չեն տալու, որ նման բացասական երեւույթներ լինեն: Այդուհանդերձ, կան իրողություններ, որոնք թույլ չեն տալիս փարատել մտահոգությունները: Որո՞նք են այդ իրողությունները:

Հայկական շուկան չափազանց փոքր է, իսկ մրցակցությունն այս ոլորտում` սուր: Եթե սրան էլ ավելանա մրցակցությունը հաճախորդ փախցնելու ուղղությամբ, կարող է գա մի պահ, երբ նկատվեն հենց այն երեւույթները, որոնց մասին նշում էր հենց Սամվել Արաբաջյանը: Անգամ եթե դրանք կանխարգելվեն, հավանական է, որ ընկերություններից որեւէ մեկը այս համակարգի ներդրման արդյունքում չկարողանա ապահովել բիզնեսի վերարտադրության համար անհրաժեշտ շահութաբերության մակարդակ` դրանից բխող հետեւանքներով: Ի վերջո, հնարավոր չէ անընդհատ իջեցնել սակագները, անգամ առանց դեմպինգայինի հասցնելու: Բիզնեսը պետք է ունենա որոշակի շահութաբերության մակարդակ, այլապես կարելի էր բանկերում տարեկան 13-14 տոկոսով ավանդ ներդնել եւ զերծ մնալ բիզնես ռիսկերից: Այս ամենը նկատի ունենալով, կարելի է եզրակացնել, որ համարների տեղափոխելիության համակարգի ներդրումը ոչ միայն անիմաստ է, այլեւ կարող է բացասական հետեւանքներ ունենա:

Հեռահաղորդակցության ոլորտի օպերատորները ողջունում են, բայց...

Հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունները, այնուամենայնիվ, ողջունում եմ այս համակարգի ներդրումը եւ նոր առաջարկներ ներկայացնելով հույսեր փայփայում, որ կկարողանան նոր հաճախորդներ ներգրավել իրենց ցանցերում: Թեեւ նկատելի են ողջույնի տարբեր շեշտադրումներ` պարզապես դրական արտահայտվելուց մինչեւ ընդգծված ոգեւորվածություն: Ի պատասխան մեր խնդրանքին ներկայացնելու իրենց վերաբերմունքը MNP -ի ներդրման վերաբերյալ, նրանցից հետեւյալ պատասխանները ստացանք:

«Արմենտել» ընկերությունը պայմանների փոփոխությունը հեռահաղորդակցության ոլորտում նոր երեւույթ չի համարում եւ գտնում է, որ դրանից չպետք է խուսափել: «MNP ծառայությունը նույնպես լավ հնարավորություն է ձեռք բերել նոր հաճախորդներ, գրավել նոր շուկա եւ հանդես գալ ավելի գրավիչ առաջարկներով»: Ընկերությունը նաեւ տեղեկացնում է, որ բավականին լուրջ ներդրումներ է կատարել այս բնագավառում եւ շարունակելու է զարգացնել այս համակարգը` բաժանորդներին առաջարկելով «ամենապարզ եւ հարմար ծառայություններ»:

«Օրանժ Արմենիա» -ից մեր հարցին պատասխանելով նշեցին, որ ընկերությունը բազմիցս ողջունելի է համարել համարների տեղափոխելիության համակարգի ներդրումը, որը «լիովին ազատություն է ընձեռնում բաժանորդին եւ բխում է նրա շահերից»: «Օրանժը» դրական իրադարձություն է համարում համակարգի ներդրումը` շատ կարեւորելով այն: Ըստ ընկերության հանրային կապերի պատասխանատուից ստացված պատասխանի, MNP-ն խթան կհանդիսանա հեռահաղորդակցության ոլորտում առողջ մրցակցութան համար: Ավելացնենք, որ «Օրանժը» այս համակարգի ներդրման հետ կապված ծառայություններ առաջարկեց` այն զուգորդելով օդապարիկներով Երեւանի երկնքում թռչելու ակցիայով:

«ՎիվաՍել-ՄՏՍ» -ն ակնկալում է, որ համարների տեղափոխելիությունը նոր թափ կհաղորդի հեռահաղորդակցության ոլորտում առկա մրցակցությանը: «Թեեւ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը միշտ էլ պատրաստ է եղել մրցակցությանը` հայաստանյան շուկային առաջարկելով հեռահաղորդակցության ոլորտի գերժամանակակից լուծումներ: Մեր դռները բաց են բոլոր այն հնարավոր բաժանորդների առջեւ, ովքեր ցանկություն ունեն միանալ մեզ եւ օգտվել «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ծառայություններից: Սպասարկման կենտրոնների լիովին վերապատրաստված մեր մասնագետները սիրով կտեղեկացնեն ծառայության մասին, կաջակցեն եւ կմատուցեն որակյալ սպասարկում», ասվում է հեռահաղորդակցության ոլորտի առաջատար ընկերության մեզ տրամադրած պատասխանում:

Երեկ տեղի ունեցած կառավարության նիստում այս հարցի առնչությամբ արտահայտվեց նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ընդ որում, նա հիշեցրեց, որ «կային սուբյեկտներ, որոնք դեմ էին», որպեսզի հեռախոսահամարների տեղափոխելիությունը լինի ազատ` քաղաքացու ցանկությամբ: Ինչը վկայում է այն մասին, որ այնուամենայնիվ ոլորտի ընկերությունները ծափերով եւ ծաղկեփնջերով չեն ընդունել այս որոշումը եւ մեր մատնանշած մտահոգությունները նրանք կամ նրանցից ոմանք ունեցել են եւ ունեն: «Մենք այս հարցում եղանք վճռական եւ ունենք դրական արդյունք` քաղաքացիներին մատուցում ենք որակյալ ծառայություն: Եթե քաղաքացին մի հեռախոսային ընկերությունից անցնում է մյուսին, ստիպված չի լինում գնալ տարբեր օղակներից թույլտվություն ստանալու», ասաց վարչապետը, նշելով, որ պետք է տրամադրել անհրաժեշտ տեղակատվությունը, որպեսզի այս ծառայություններից օգտվողների քանակն ավելանա: Այստեղ թերեւս արժե նշել, որ վատ չէր լինի, որպեսզի կառավարությունն այդ վճռականությունն ունենար առավել կենսական նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ իր դիրքորոշումը առաջ տանելու հարցում` ամբոխային քարոզչություն ծավալող ընդդիմախոսներին հաճոյախոսություններ անելու փոխարեն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 04-04-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ