ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԲԵՅՐՈՒԹ ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ Սփյուռքն ու Բեյրութը փոքր տարիքից տպավորվել էին մեր նախկին հարեւան «եղբայր-ախպար» Հովհաննեսի հյութեղ ու թովիչ, երբեմն դժվարըմբռնելի, սակայն միշտ գեղեցիկ եւ նուրբ հումորով շաղախված պատումներով: Հիշում եմ, թե ինչպես էր ներկայացնում իր երեւանյան առաջին տպավորությունները ներգաղթի ժամանակ. - Երբ գնացքից իջանք, կայարանում շատ աշխույժ անցուդարձ էր: Մեզ շատ զարմացրեց ու հիացրեց հատկապես այն փաստը, որ մեծ մասամբ զինվորական համազգեստներով, խիստ ու պաշտոնական տեսքով տղամարդիկ լուռ ու ագահորեն կուլ տալով գլանակների ծուխը, միայն փոքր մասն օգտագործելուց հետո, մնացած մասը գետնին էին նետում: «Ուրեմն շատ ունեւոր են»,-մտածում էինք հիացած, չհասկանալով, որ «Կազբեկ» տեսակի ծխախոտը շատ կարճ օգտագործելի մաս ունի, իսկ մնացածն ընդամենը թղթե խողովակի դերակատարությունն ուներ: Մեծ էր տպավորությունը նաեւ, երբ դուրս եկանք կայարանամերձ հրապարակ եւ մեր դիմացը` հեռվում բարձր-բարձր լույսեր էին շողշողում: Կարծեցինք երկնաքերներ են, ուրեմն, եզրակացրինք` դրախտային երկիր է Հայաստանս: Սակայն լուսաբացին հասկացանք, որ դրանք Սարի թաղի ու Սարալանջի իրար վրա գտնվող հին ու խարխուլ տների լույսերն էին... Հետագայում Սփյուռքն ու Բեյրութն ավելի իրական դարձան, հատկապես համալսարանում ուսանելու տարիներին դասագրքային «ճշմարտություններով» եւ սփյուռքահայ ուսանողների արեւմտահայերենով, գույնզգույն հագուստներով, վաճառքի համար բերված տեխնիկայով եւ սփյուռքում լույս տեսած գրքերի ու մամուլի տեսքով նվերներով: Արգենտինիայում գործող «Սիրանույշ եւ Պողոս Արզումանեան» հիմնադրամը ֆինանսավորեց իմ նոր մենագրությունը եւ ցանկություն հայտնեց, որ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում կազմակերպվի գրքի անդրանիկ շնորհանդեսն ու գինեձոնը: Հրավերը չուշացավ եւ մեզ հետ վերցնելով գրքի մի քանի տասնյակ օրինակներ, փոխատենապետ Կարեն Կակոյանի հետ մեկնեցինք: Բեյրութի Ռաֆիկ Հարիրիի անվան օդակայանում մեզ դիմավորեց մեր կուսակից ընկերներից Հարութ Երկանյանը: Սկսվեց անչափ ուշադիր եւ բարեհաճ մի ընդունելություն, որը միշտ բարձր մակարդակի մնաց ողջ ուղեւորության ընթացքում: Հանգրվանեցինք վաղօրոք պատվիրված «Գարդեն թաուեր» հյուրանոցում, որը հարմարավետ էր ու շատ հարմար: Շնորհանդեսը նախատեսված էր փետրվարի 26-ին: Սակայն մինչ շնորհանդեսը եւ դրանից հետո էլ, օրվա բոլոր ժամերը հագեցած էին այցելություններով, հանդիպումներով, հարցազրույցներով ու հյուրասիրությամբ: Նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, այցելեցինք Լիբանանի ՀՅԴ պաշտոնաթերթ, 1927թ.-ից լույս տեսնող «Ազդակի» խմբագրատուն: Գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանն ու մի խումբ աշխատակիցներ ջերմ ընդունեցին մեզ եւ փոխադարձ ողջույնի խոսքեր փոխանակելուց հետո` ծավալվեց անկաշկանդ ու անկեղծ զրույց հայրենիքում առկա իրավիճակի, հայրենիք-սփյուռք առնչությունների եւ այլ կարեւոր խնդիրների վերաբերյալ: Չմանրամասնելով նշեմ, որ իմ հայտնած այն ցանկությանը, որ թե՛ ՀՀ-ում, թե՛ Սփյուռքում մեկընդմիշտ պիտի վերջ տրվի երբեմն ընդգծվող կուսակցականությանը, բոլորը համաձայնեցին եւ պատրաստակամություն հայտնեցին ապագայում ավելի հետամուտ լինել այդ խնդրին: Այնուհետեւ հյուրընկալվեցինք ՍԴ Հնչակյան կուսակցության 1937 թ.-ից հրատարակվող «Արարատ» պաշտոնաթերթի խմբագրատանը: Մեզ լայն ժպիտներով ու շատ սիրալիր ընդունեցին մի խումբ հնչակյաններ` թերթի գլխավոր խմբագիր Անի Եփրեմյանի գլխավորությամբ: Մտքերի աշխույժ փոխանակություն ծավալվեց: Ինձ հաճելի էր նկատել տալ, որ չճանաչելով հեղինակին` իմ հոդվածներից արտատպել են իրենց թերթում եւ բարձր կարծիք հայտնել: Տանտերերին հաճելիորեն զարմացրել էր նաեւ այն, որ Գ. Հովհաննիսյանի վերջերս լույս տեսած «Հնչակյան կուսակցության պատմություն» շահեկան աշխատության խմբագիրը նույնպես ես եմ: - Փաստորեն մենք երկար ժամանակ է համագործակցում ենք, ուստի առավել ուրախ ենք ծանոթանալու համար: Այսուհետ գոնե կիմանանք ում գրածներն ենք տպում եւ հույս ունենք հետագայում եւս սերտորեն համագործակցել,- զրույցն ու հանդիպումը մոտ ապագայում կրկին հանդիպելու մաղթանքով ավարտեց հարգարժան խմբագիրը: *** Հաջորդ օրն առավոտյան մասնակցեցինք ս. Նշան հայկական եկեղեցում Սումգայիթի զոհերի եւ Հունգարիայում քնած ժամանակ կացնահարված հայ սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակին նվիրված պատարագին: Անմմեղ զոհերի հիշատակին նվիրված քարոզով հանդես եկավ Շահե եպս. Փանոսյանը: Նա մասնավորապես նշեց, որ հայ մարդը ողջ աշխարհում որտեղ էլ որ ապրում է, մշտապես արարում է, բարիք ստեղծում, սակայն նրանց շենացրած որոշ երկրների տերեր հաճախ երախտամոռ են եղել եւ փոխանակ մեծարելու, շնորհակալ լինելու մեզ` հայերիս, բռնացել են, անարգել ու կոտորել: Ես լուռ լսում էի եւ ակամա մտածում. «Նոր-նոր միայն որպես էթնոս ձեւավորվող կովկասյան թաթար-ազերի-թուրքերից ավելի ի՞նչ կարելի է սպասել: Չէ՛, նրանք ուրիշի ստեղծածը թալանելու, կողոպտելու ու բռնաբարելու ինստինքտներից վեր բարձրանալու կարողությունն այսօր դեռեւս հաստատ չունեն: Ապագայում ինչ կլինի, վստահ չեմ կարող ասել...»: Պատարագից անմիջապես հետո եկեղեցու բակում տեղի ունեցավ միտինգ: Ելույթ ունեցան Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, «Ազդակի» խմբագիր Շահան Գանդահարյանը եւ ուրիշներ: Բոլորն էլ միակարծիք էին, որ սումգայիթյան ջարդեր, քնած մարդուն կացնահարող ու Ռամիլ Սաֆարովի նման ոճրագործին հերոսացնող ժողովուրդն իր հետամնաց, վայրենի ու տմարդի պահվածքով քաղաքակիրթ հանրությանը մտածելու առիթ պիտի տա, սթափվելու կոչեր պիտի հղվեն առ այդ տակավին ձեւավորման գործընթացում գտնվող ժողովրդին: Հակառակ դեպքում մեր կամքից անկախ ստիպված կրկին պատժիչ դասեր պիտի տանք ազգովին: Չէ՛, վրեժի խնդիրը չէ մեզ շարժող, առաջնորդող գաղափարը, այլ հարկ եղած դեպքում «ատամին-ատամով», սրին-սրով պատասխանելու անհրաժեշտությունը, որի գիտակցմանը կարծես վերջապես հասել ենք երկար ու ձիգ դարեր աշխարհի հզորների մոտ արդարությունն իզուր փնտրելուց եւ չգտնելուց հետո: Իսկապես բավական է, դարեր շարունակ մենք տվել ենք, զիջել, կծկվել ու փոքրացել ենք, սփռվել աշխարհով մեկ: Սթափվել է պետք մեր տեսակը շարունակելու, մեր էությունն անաղարտ պահելու համար: Պաշտոնական հանդիպումների, այցելությունների ու զրույցների միջանկյալ հատվածներից մեկն օգտագործելով, բաղդադաբնակ եւ մեզ համար Բեյրութ եկած հարգարժան ու միշտ ուշադիր ընկեր Նշան Պարութճյանն էլ զարմացրեց Բեյրութի ամենաշքեղ վայրերից մեկը` Զեյթունաբեյ (թարգմանաբար` Զեյթունի ծոց) հրաշագեղ ծովածոց համալիրում շրջելու հնարավորությունն ընձեռելու համար: Ինձ կարելի է աշխարհ տեսած մարդ համարել, եղել եմ շատ երկրներում, տեսել եւ շատ հարուստ եւ ծայրահեղ աղքատ երկրներ ու մարդկանց: Սակայն Բեյրութի այս ծովափնյա գեղեցիկ ու հարմարավետ կառույցներով քաղաքի այս հատվածն ու ծովախորշում կայանած զբոսանավերն ասես ճոխության շքահանդես լիներ, հարստության, հարմարավետության ու վստահության ցուցադրություն: Ցավով նկատեցի նաեւ երկու-երեք կիսավեր, բարձիթողի շենքեր, որոնց պատերին տարբեր տրամաչափի փոսեր ու անցքեր կային` անցյալ անիմաստ պատերազմի հետքերն էին, խոցոտված հիշողություններ ավերի, ցավի ու կորստի մասին: Ի դեպ, քաղաքի կենտրոնական մասի շատ փողոցներում ավտոմատավոր զինվորներ կային, իսկ մայթերի եզրերին շարված էին հատուկ հարմարանքներ, որոնք պարզվեց ռումբի հնարավոր պայթեցման դեպքում շրջակա շենքերին հնարավորինս առավել պաշտպանելու համար էին: Ասեմ նաեւ, որ երբ Ս. Նշան եկեղեցու բակում միտինգ էր ընթանում, նկատեցի մի քանի ավտոմատավոր զինվորների, որոնք հեռվից հսկում էին մեզ ու տարածքը` հնարավոր տեռորիստական ակտերը կանխելու եւ մարդկանց պաշտպանելու համար: Ակնհայտ էր, որ նման վտանգ, այնուամենայնիվ, կար: Անկեղծ ասած, օդում էլ մի տեսակ լարվածության հոտ զգացի, թեեւ կյանքը, թվում էր, ընթանում է իր բնականոն ուղիով: *** Հաջորդ օրը Լբանանի շրջանային վարչության նորընտիր ատենապետ, «Սեւան» ռադիոկայանի տնօրեն Միքայել Վայեջյանի հրավերով այցելեցինք «Զարթօնքիս» խմբագրատուն: Գեղեցկատես ու քաղցրախոս աշխատակցուհիներից Սարմենը մի ողջ հավերժություն «հարցաքննեց»: Իմ գիտական գործունեությունից ու ապագա ծրագրերից սկսած քննարկեցինք մեզ ու աշխարհի ողջ մարդկությանը հուզող խնդիրներ: Հաճելի էր տեսնել հայի ու Հայաստանի ցավ ու դարդով ապրող, նրա հաջողություններով հպարտացող հայ երիտասարդների, զգալ նրանց հարազատ շունչը, վերջապես` փորձել հասկանալ մի քանի սերունդ արդեն հայրենիքից զատված, օտար ափերում ապրող ու արարող հայի այդ տեսակին: Կեսօրին ճաշի էինք հրավիրված լիբանանահայ համայնքում ճանաչված գործարար, ազնիվ մարդ Նար Խաչատուրյանի կողմից: Սա այն ընտանիքի կրտսեր զավակն է, որը ոչինչ չի խնայում հայ արվեստն ու գեղեցիկը ապրեցնելու, կատարյալ դարձնելու համար: Այն ընտանիքը, որ տարեկան մեկ միլիոն դոլար է տրամադրում միայն հայտնի «Գոհար» երգի-պարի համույթը պահելու համար: Համույթ, որն իսկապես կատարելության մակարդակի է հասցրել հայ երգն ու պարը եւ, հիրավի, արժանավույնս է այն ներկայացնում աշխարհով մեկ: Լիբանանյան խոհանոցը շատ գնահատելի է հատկապես վերջերս թույլատրելիից ավելի «քաղցրացածիս» դեպքում: Որքան հասկացա, պատվարժան ուտեստներից էր տապակած «սուլթան Իբրահիմ» ձկնատեսակը, որն իսկապես շատ համեղ էր ու հեշտամարս: Ավանդազրույցի համաձայն, Օսմանյան կայսրության սուլթաններից Իբրահիմը շատ է սիրել եւ հաճախ է կերել այդ ձկնատեսակից, ինչի արդյունքում էլ այն հետագայում ստացել է այդ անունը: Ընկեր Նարի հետ զրուցելու շատ բան կար. սկսած առօրյա կուսակցական մտահոգություններից, վերջացրած ապագայում հայրենիքում եւ սփյուռքում ներկայանալի մակարդակով սեփական դեմքն ունենալու եւ շուրջ 130 տարվա կուսակցությանս «բրենդը» արժանավույնս պահելու եւ սերունդներին փոխանցելու մտահոգությունը: Հաջորդ օրն այցելեցինք Անթիլիասի մայր եկեղեցի: Շքեղաշուք տաճար էր` օժանդակ բոլոր կառույցներով: Ակամա մտածեցի. «ինչ խելացի են եղել մեր պապերը, հող են գնել, եկեղեցի կառուցել եւ, որ ամենակարեւորն է` դպրոցներ հիմնել ու մատաղ սերնդին հայեցի դաստիարակել: Հազար փառք նրանց»: Երիտասարդ աշխատակցուհին սիրահոժար բացեց թանգարանի դռները եւ աշխատում էր բավարարել մեր հարցերին: Մեծ է թանգարանը, որին տրամադրված է երեք հարկաբաժին: Ցուցանմուշները խնամքով ներկայացված են, կան փոքրիկ տեղեկատվական գրություններ երեք լեզուներով: Տպավորիչ էին փյունիկյան, Տիգրան Մեծի ժամանակների եւ տարածքի երբեմնի հզոր տերությունների դրամների բաժինը: Շատ լավ էին պահպանվել եւ զարմանալի թարմ թվացին հայ տպագրության երկրորդ եւ երրորդ գրքերը: Հետաքրքրական էր հանդիպումը Մատենադարանի (այդպես են անվանում գրադարանը) տնօրեն ծերունազարդ եպիսկոպոս Տիրայր Փանոսյանի հետ: Իր տարիքի համար չափազանց առույգ ու զրուցասեր մտավորական էր: Ասաց, որ 78 տարեկան է, սակայն կյանքը շատ է սիրում, իսկ մեզ հետ լուսանկարվելուց պարտադիր աջ ձեռքը վեր էր բարձրացնում: Ուրախացավ հայրենի պատմաբան տեսնելով, դժգոհեց, որ շփումները քիչ են, գաղութը շատ է նոսրացել, դժվարացել է հայ մնալն ու,առավել եւս, հայ պահելը: Կոչ արեց, որ հայրենիքում էլ դրա մասին մտածեն: Սուրճ առաջարկեց: Հրաժարվեցի: Լայն ժպտաց` - Էջմիածնա սուրճն ըլլար նե, կառնեի՞ր: Գրախանութ մտանք, հիմնականում եկեղեցաբնույթ գրականություն էր: Հասցրեցի նկատել, որ հայրենաբնակ հեղինակներից միայն Վերժինե Սվազլյանի վերջերս Թուրքիայում լույս տեսած հատորն էր: Եկեղեցու բակում պատահաբար հանդիպեցիք սփյուռքահայ մամուլի երախտավոր, կրթական գործիչ եւ հայտնի մտավորական Ժիրայր Դանիելյանին: Ողջագուրվեցինք: Երկուստեք շատ ուրախացանք անականկալ հանդիպման համար: Խորը եւ անթաքույց ցավ կար, վիրավորանք անվանի հայի աչքերում: Ճղճիմ հարցերով նեղացրել էին, մոռանալով, որ Ժիրայրի նման նվիրյալները հաճախ չեն ծնվում, ընդհակառակը` գնալով պակասում են: Ճիշտ կլինի խնամել նրանց, սիրաշահել, մեծարել: Հաճելի էր իմանալ, որ Արամ վեհափառն այդպես էլ վարվել էր` աշխատելու ու ստեղծագործելու հնարավորություն ապահովելով Ժիրայրին: *** Բեյրութի Թեքեյան կենտրոնի բազմահարկ եւ լավ կառուցված շենքի մի հարկաբաժին տրամադրված է կուսակցությանն ու «Զարթօնք» օրաթերթին: Փետրվարի 26-ին, երեկոյան ժամը 19-ին, «Հրաչյա Սեդրակեան» սրահում էր նախատեսված գրքի շնորհանդեսն ու գինեձոնը: Սրահում շատ մարդ էր հավաքվել` գաղութի պատվարժան, խելացի, նվիրյալ 100-ից ավելի ներկայացուցիչներ: Մի քանի տեղացի ընկերների ասելով, մի միջոցառման ընթացքում վաղուց այսքան մարդ չէր հավաքվել: Առավել եւս, ինչպես հետո իմացա, ոմանք երկար ժամանակ էր, որ միասին որեւէ միջոցառման չէին մասնակցել: Չգիտեմ որքանով էին ասվածները ճշմարիտ, սակայն հստակ էր մեկ բան. նման միջոցառումների կարիքն այսօր ավելի քան սփյուռքն ունի: Դրանք առիթ են դառնում համախմբվելու, մեկտեղվելու եւ միակամվելու: Գնահատելի էր, որ հրավերն ընդունել ու ներկա էին նաեւ տարբեր կուսակցությունների, բիզնեսի, մտավորականության եւ այլ բնագավառների ներկայացուցիչներ: Գիրքը ներկայացրեց ՌԱԿ Լիբանանի շրջանային վարչության ատենադպիր Սեւակ Հակոբյանը: Ներկայացմանը զուգընթաց էկրանի վրա ցուցադրվում էին Մ. Փորթուգալյանի, Մ. Ավետիսյանի եւ այլոց լուսանկարներ, հատվածներ գրքից, քարտեզներ, որոնք ավելի առարկայական ու ամբողջական էին դարձնում ասելիքը: Ցուցադրվեց նաեւ Ա. Եկարյանին նվիրված ֆիլմ: Վերջում «սրտի խոսք» ասելու համար ձայն տրվեց նաեւ օրվա մեղավորիս: - Հուզված եմ ու շնորհակալ, անսովոր է ինձ համար այսքան դրվատանքի խոսքեր լսել: Գիրքը ծնվել է տարիների ընթացքում, տքնաջան աշխատանքի արդյունք է այն: Աշխատել եմ անկեղծ լինել, անաչառ: Գրքում առկա շատ մտքեր արդիական են: Գաղտնիք չէ, որ անցյալն ու պատմությունը լավ իմացող ժողովուրդները հավերժ կապրեն: Հիշողությունն է ցանկացած էթնոսի արմատները: Շնորհակալություն հայտնելով մեկենասներին եւ կազմակերպիչներին, շնորհակալ եղա նաեւ բոլորին հայեցի ապրելու, հայկական արմատներին ամուր կառչած լինելու եւ մեր տեսակն ու գենը արժանավույնս շարունակելու համար: Փոքրիկ գեղարվեստական ելույթից հետո իմ եւ նշանավոր մի քանի այրերի ձեռամբ գրքի մեկ օրինակի վրա գինի լցվեց: Վերջում էլ միասին դանակը բռնած` կտրեցինք գրքի շապիկի պատկերով մեծ տորթը: Այնուհետեւ սկսվեց ինձ համար ամենադժվար` գրքեր մակագրելու ու նվիրելու գործընթացը: Հետաքրքրական էր ու հաճելի, որ հաջորդ օրերին տեղական գրեթե բոլոր լրատվական միջոցներն անդրադարձել էին միջոցառմանը: *** Հինգշաբթի վաղ առավոտյան հյուրանոց եկավ ԹՄՄ Հիմնադիրների խորհրդի ատենապետ, պրոֆեսոր Հրայր Հովիվյանը եւ մենք միասին մեկնեցինք Ամերիկյան Նոտրդամ համալսարանի սարերի վրա գտնվող մասնաճյուղը: Ոչ շատ մեծ, երեք-չորս հարկանի, սակայն կոկիկ ու մաքուր, խնամված պարտեզով հարմարավետ կառույց էր: Լսարանները 40-50 տեղանոց էին, մեկտեղանի նստարան-սեղաններով: Մեծ պրոյեկտորով սարքավորված գրատախտակ կար եւ մի համակարգիչ: Բոլոր ուսանողներն իրենց ձեռքին ունեին դասախոսության տեքստերն ու համապատասխան նկարներն ու գծագրերը, որոնց արանքում կային ազատ հատվածներ: Դրանցում նրանք լրացուցիչ գրառումներ էին կատարում: Ոչ մի ձայն, ոչ մի շշուկ: Բոլորին, ում ինձ ներկայացնում էր ընկեր Հրայրը, լայն ժպտում էին, ողջունում ու հետաքրքրված երկար ուսումնասիրում էին: Վերադարձի ճանապարհին պարզվեց, որ շաբաթական մեկ անգամ է Հրայրը գալիս այս մասնաշենք դասախոսության եւ իրեն միայն որպես ճանապարհածախս վճարում են ԳԱԱ առաջատար գիտաշխատողիս ամսեկան աշխատավարձի քառապատիկը: Ինչ արած: Արձագանքելով հրավերին` այցելեցինք Բեյրութի կենտրոնում գտնվող ամերիկյան մոդեռն ոճով եւ դիզայնի վերջի խոսքով կառուցված «Ֆյուչր թիվի» հեռուստաընկերություն: Ապակուց պատրաստված երկհարկանի կառույց էր` քարաբետոնե օժանդակ շինություններով: Նախապես ձեռք բերված պայմանավորվածությամբ ինձ հետ հարցազրույց վարեց Հայկական հեռուստաժամի աշխատակից, գեղեցկատես ու փայլուն աչքերով Նազելի Նալբանդյանը: Ուղիղ եթեր էր, հուզվում էի, սակայն շատ օգնեց Հայաստանում հաճախակի հեռուստահաղորդումների մասնակցության փորձը: Անկաշկանդ զրույց ստացվեց: Իսկ հաջորդ օրերին ճանաչված էի դարձել Բեյրութի հայության շրջանում, որովհետեւ այդ հեռուստաընկերության հաղորդումներն ու, հատկապես, հայերեն հեռուստաժամը բոլորն են դիտում: *** Հինգշաբթին անցավ ոչ պակաս լարված: Ընկեր Սեւակի հետ այցելեցինք Բեյրութի կենտրոնում գտնվող Հայկազյան համալսարան: Մեզ սիրով ու ժպտադեմ ընդունեց տնօրեն Փոլ Հայդոստյանը, ում հետ փոխադարձ հետաքրքրող թեմաների շուրջ բավական կառուցողական զրույց ունեցանք: Գրքեր փոխանակեցինք, պաշտոնական հրավեր եղավ համագործակցության վերաբերյալ: Այցելեցինք գրադարան: Հետաքրքրական էր, որ այցելուն ինքն է շրջում սրահով եւ վերցնում իր ընտրած գիրքը եւ համապատասխան նշում կատարում մատյանում: Գրքերի գերակշիռ մասն անգլերեն էր, արաբերեն: Միջանցքներում լուռ էր ու խաղաղ, ամենուրեք աչք էր շոյում մաքրությունն ու դասավորվածությունը: Զարմանալի է, սակայն թե՛ համալսարանում, թե՛ իմ այցելած մյուս վայրերում ու, ընդհանրապես, քաղաքում ես աղբարկղ չտեսա: Թեեւ հաճախ երեւում էին աղբը փողոցներում հատուկ հարմարանքներով հավաքող աշխատակիցներր: Մեզ նաեւ ընդունեց ու երկար զրուցեցինք լիբանանահայ մտավորական, պատմաբան, բանասեր, հասարակական գործիչ, մանկավարժ, Հայկազյան քոլեջի տնօրեն Զավեն Մսրլյանը: Դարձյալ գրքեր ու ջերմ խոսքեր փոխանակեցինք: Ավագ տարիքին բնորոշ` հիմնականում ընկեր Մսրլանն էր խոսում: Կատակեցինք, հիշողություններ պատմեց մի շարք նշանավոր հայորդիների մասին: *** Ուրբաթ վաղ առավոտյան մեր լավ ընկերներ Ավետիս Տաքեսյանն ու Րաֆֆի Բարդակչյանը, երկուսն էլ ատամնաբույժներՙ իրենց մասնագիտական կրթությունն Երեւանում ստացած, մեզ տարան շրջագայության: Եղանք Բիբլիոսում, որը փյունիկյան բնակավայր է եղել եւ համարվում է աշխարհի ամենահին այն քաղաքներից, որտեղ սկզբից մինչեւ օրս միշտ մարդիկ են բնակվել: Պահպանվել են նավամատույցն ու դեպի ծով ելքի քարակուռ դարպասները: Սալահատակ նեղ փողոցները հազարամյակների շնչով ու բույրով ներծծված կենդանի պատմություն են: Ամենուրեք փոքրիկ կրպակներ են, վաճառվում էր ամեն ինչ, առավելապես` հուշանվերներ: Ծովափին, գրեթե ծովի վրա կախված փոքրիկ ռեստորանում «սուլթան Իբրահիմ» ճաշակեցինք եւ շարունակեցինք մեր ծանոթությունները Բեյրութի տեսարժան վայրերին: Ճանապարհին, լեռան վրա Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքի բարձրունքի վրա գտնվող հայտնի աստվածամոր արձանի նմանօրինակը կա նաեւ Լիբանանում` Հարիսա կոչվող վայրում: Աստիճաններով վեր բարձրացանք: Վերեւից հրաշալի տեսարան էր բացվում. ասես ծովը ափիդ մեջ լիներ, կապույտ էր այն ու անխռով: Միայն հեռվում երբեմն ծովի ալիքներից կարոտի փշրանքներ հավաքող ճայեր էին երեւում: Վերեւում, այդքան բարձրից նրան նայելով, ակամա, ծովին հաղթած լինելու, մի տեսակ նրանից մեծ ու հզոր լինելու զգացում ես ապրում: Այնուհետեւ այցելեցինք Զմմար` հայ կաթողիկե վանքը, որը կառուցվել ու գործում է 1759 թվականից: Պատմում էին, որ սա Լիբանանում կառուցված առաջին հայկական եկեղեցին է: Ամենուրեք մաքուր էր ու խաղաղ, սակայն ամեն ինչ մի քիչ մգլած էր ու, չգիտեմ ինչու` օտարաբույր: Ավելի տպավորիչ էր Մար Շարբել (մարը թարգմանաբար սուրբ է նշանակում) սրբավայրը: Շարբելը եկեղեցական է եղել, ապրել է 19-րդ դարի կեսերին: Պատմում են, որ ազնիվ այդ մենակյաց ճգնավորը բուժել է շատերի ամենատարբեր հիվանդությունները: Կարճ ասած` հրաշագործ է եղել Մարոնի (արաբ կաթոլիկ) հավատի այդ հետեւորդը: Ժողովուրդն էլ հավատացել է նրան, դասել սրբերի շարքը, իսկ եկեղեցին` սրբատեղի դարձրել: Շատ ազդեցիկ էր նրա պահպանված անկողինը, մետաղյա դագաղը, հագուստը: Իսկ ամենատպավորիչն այն էր, որ, իրենց ասելով, առանց որեւէ քիմիական միջամտության նրա մարմինը չի փտում եւ նույն վիճակում է, ինչպիսին եղել է 250 տարի առաջ: Ի դեպ, այդ բոլորը ցուցադրված են եւ պահվում են հատուկ թափանցիկ ցուցափեղկերի հետեւում: Եկեղեցու ներսում` մուտքի մոտ, երկար պատի վրա կառուցված հատուկ հարմարանքների վրա դրված են իրենց բուժվելու, ցավը դարմանելու համար աշխարհի բոլոր մասերից ուղարկված շնորհակալական նամակները: Վերադարձի ճանապարհին լուռ էինք ու ազդված: Իսկ ես հասկացա, որ Հայաստանից բացի Բեյրութում եւս կարելի է ընդամենը մի քանի կիլոմետր գնալ եւ հայտնվել կլիմայական այլ գոտում: Օրինակ` Շարբելի մոտ 5 աստիճան ցուրտ էր, իսկ ծովափին` 19 աստիճան տաքություն: Տպավորություններն այնքան շատ էին, որ ժամանակ էր պետք դրանք մարսելու եւ խորությամբ ըմբռնելու համար: Բոլոր օրերի մեր անբաժան ընկեր, մեզ հետաքրքրող ցանկացած հարց լուծելու պատրաստ Հարութ Երկանյանը մեզ օդակայան բերեց: Ապագայում կրկին հանդիպելու փոխադարձ ցանկությամբ` վերջին հրաժեշտը տալով աշխարհի խաչմերուկ Բեյրութին, վերադարձանք Երեւան: Նկար 1. ՌԱԿ Լիբանանի ղեկավարները կտրում են խորհրդանշական կարկանդակը: Նկար 2. Գինեձոն-հանդիսությունից մի տեսարան: Նկար 3. Հեղինակը ձոնագրում է Գաբրիել Չեմբերջյանի օրինակը: |