RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#004, 2014-03-21 > #005, 2014-03-28 > #006, 2014-04-04 > #007, 2014-04-11 > #008, 2014-04-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 04-04-2014



ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ

Տեղադրվել է` 2014-04-03 23:45:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 2799, Տպվել է` 53, Ուղարկվել է էլ.փոստով` 43

ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԶՈՀԸՙ ՎԵՆԵՍՈՒԵԼԱՆ

ՊՈԼ ԿՐԵՅԳ ՌՈԲԵՐՏՍ

Թարգմանաբար ներկայացվող սույն հոդվածի հեղինակն է տնտեսագետ եւ «Creators Syndicate» պարբերականի սյունակագիր Պոլ Կրեյգ Ռոբերտսը: Ռեյգանի իշխանության օրոք նա եղել է գանձապետարանի եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ եւ «Ռեյգանոմիկս» տնտեսական քաղաքականության համահեղինակ: Նախկինում «Wall Street Journal», «Business Week» եւ այլ պարբերականների խմբագիր է եղել, իսկ այս դարաշրջանից սկսած Բուշի եւ Օբամայի վարչակարգերի դեմ սուր քննադատական հոդվածներով հանդես է գալիս «Counterpunch» հանդեսում:


Վաշինգտոնի «գործիքավորմամբ» իրականացված հեղաշրջումը Ուկրաինայում որոշ ժամանակ թերթերի խորագրերից հեռու պահեց Վենեսուելային: Հակամարտությունը միջուկային զենք ունեցող Ռուսաստանի հետ շատ ավելի վտանգավոր է, բայց Ուկրաինայի հետ գրեթե զուգահեռ Վենեսուելայի դեմ Վաշինգտոնի սանձազերծած բռնությունը վկայում է ամերիկյան կառավարության կատարյալ հանցավորության մասին:

Հարավային Ամերիկան երկար ժամանակ կառավարվել է իսպանացի էլիտար գաղութարարներով, որոնք փողի եւ իշխանության միջոցով տիրել են տեղացի ժողովուրդների լայն զանգվածների վրա: Վերջիններս չեն ունեցել իրենց քաղաքական ներկայացուցիչները կամ ղեկավարները: Վենեսուելայում Չավեսը փշրեց այս կարծրատիպը: Ընտրվեց տեղացի մի նախագահ, որը ներկայացնում էր ժողովրդին, աշխատելու էր հանուն նրա եւ չէր թալանելու երկիրը: Չավեսը դարձավ տիպար օրինակ եւ տեղացի նախագահներ ընտրվեցին նաեւ հարեւան Էկվադորում եւ Բոլիվիայում:

Չավեսին ատում էին Վաշինգտոնում, իսկ ամերիկյան մամուլը նրան դիվային կերպարանքով էր ներկայացնում: Երբ Չավեսը քաղցկեղից մահացավ, Վաշինգտոնում տոնախմբություն էր:

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը հակված էր Սնոուդենին ապաստան շնորհել, որին ի պատասխան Վաշինգտոնը հրամայեց Եվրոպայի իր մարիոնետային պետություններին թույլ չտալ, որ Ռուսաստանից Բոլիվիա թռչի Մորալեսը: Վերջինիս ինքնաթիռը, ի հակադրություն դիվանագիտական բոլոր տեսակի կանոնների, հարկադրական վայրէջք կատարեց եւ ստուգումների ենթարկվեց: Վաշինգտոնի հանցավոր խմբավորումների ձեռքին Մորալեսը նաեւ այլ նվաստացումների ենթարկվեց:

Մյուս կողմից Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորրեան Վաշինգտոնի հարձակումների թիրախը դարձավ, երբ քաղաքական ապաստան տվեց Ժուլիան Ասանժին: Վաշինգտոնի հրամանով Բրիտանիայի մարիոնետային պետությունը հրաժարվեց ազատ ելք շնորհել Ասանժին, որի պատճառով նա ստիպված է իր կյանքն անցկացնել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, ճիշտ այնպես, ինչպես ժամանակին կարդինալ Մինդչենտին անցկացրեց իր կյանքը կոմունիստական Հունգարիայում գտնվող Ամերիկյան դեսպանատանը:

Չավեսի մահվանից հետո, Վենեսուելայի նախագահ դարձավ դարձյալ բնիկ Նիկոլաս Մադուրոն, որը չունենալով Չավեսի հմայքը, առավել հեշտ թիրախ է իսպանական էլիտար խավի համար:

Վաշինգտոնն իր հարձակումը Մադուրոյի դեմ սկսեց արժեզրկելով միջազգային շուկայում Վենեսուելայի դրամական համակարգը: Արդյունքում ապրանքների գները երկրի ներսում բարձրացան եւ դժգոհություն առաջացրեցին աղքատ բնիկների շրջանում: Զսպելու համար խռովությունները, որի արդյունքում Վաշինգտոնը ձգտում է հեղաշրջում իրականացնել երկրում, Մադուրոն ոստիկանների օժանդակությանը դիմեց: Մ. Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին կարգուկանոն հաստատելու նրա ջանքերը բնորոշեց «իր քաղաքացիների դեմ կատարված ահաբեկչություն»: Բողոքի երթերի եւ վարչակարգի տապալման ծրագրերի հետեւում կանգնած Քերրին Մադուրոյին կոչ արեց «հարգել մարդու իրավունքները»:

Վաշինգտոնի համար սցենարը միշտ էլ նույնն է եղել. հանցագործությունը կատարիր եւ մեղադրիր զոհին:

Եթե Վաշինգտոնին հաջողվի տապալել Մադուրոյին, հաջորդ թիրախը լինելու է Կորրեան: Իսկ նրանից հետո այնտեղ հաստատվելու է մարիոնետային մի կառավարություն, որի օգնությամբ Ասանժի դեմ հարուցված արգելքը հանվելու է, եւ Լոնդոնը նրան Շվեդիա է ուղարկելու: Շվեդիան նրան հանձնելու է Վաշինգտոնին, որպեսզի տանջանքների ենթարկվելով նա խոստովանի այն ամենը, ինչ Վաշինգտոնն ուզում է լսել:

Վենեսուելայի փողոցներում դյուրահավատ ցուցարարները գաղափար անգամ չունեն, թե ինչ վնաս են հասցնում իրենք իրենց եւ ուրիշներին: Ուկրաինայում նրանց գործընկերներն էլ չունեին: Վենեսուելացիները մոռացել են, թե ինչպիսին էր իրենց կյանքը իսպանացի էլիտար խավի ներկայացուցիչների ներքո: Նրանք կարծես մտադիր են օժանդակելու Վաշինգտոնին, որպեսզի վերադառնան ստրկության նախկին ժամանակներին:

Եթե Վաշինգտոնը հաջողության հասնի Վենեսուելայում եւ Էկվադորում, հաջորդը Բոլիվիան է լինելու: Դրանից հետո էլՙ Բրազիլիան: Վաշինգտոնի աչքը հատկապես այս վերջինի վրա է, որովհետեւ այդ երկիրը ԲՌՀՉՀԱ-ի (BRICS) անդամ է, այսինքնՙ Բրազիլիա-Ռուսաստան-Հնդկաստան-Չինաստան եւ Հարավային Աֆրիկա համագործակցության անդամ, որը Վաշինգտոնի աչքի փուշն է: Մ. Նահանգները ցանկանում է կազմալուծել այդ դաշինքը, նախքան որ նրանք ստեղծեն առեւտրական մի կառույց, որը չի օգտագործի ամերիկյան դոլարը:

Շատ ժամանակ չի անցել ան օրից, երբ Մ. Նահանգների մի պաշտոնական այր հայտարարեց, որ Ռուսաստանի ձեռքերը կապելուց հետո մենք (Վաշինգտոնը) զբաղվելու ենք Հարավային Ամերիկայով:

Ծրագիրը օրակարգի վրա է:

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԻ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 04-04-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ