RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#004, 2014-03-21 > #005, 2014-03-28 > #006, 2014-04-04 > #007, 2014-04-11 > #008, 2014-04-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 04-04-2014



ՕՐԱԿԱՐԳ

Տեղադրվել է` 2014-04-03 23:45:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 2546, Տպվել է` 46, Ուղարկվել է էլ.փոստով` 37

ՉԻՆԱԿԱՆ ԱՆԵԾՔ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ինչպես տեղեկացրել է ՀՅԴ ներկայացուցիչ, ԱԺ-ում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` խորհրդարանի ոչ իշխանական չորս կուսակցությունները` ապրիլի 28-ից Ազատության հրապարակում սկսում են 4-օրյա հանրահավաքների շարք` կապված նույն` ապրիլի 28-ին ԱԺ-ում հիշյալ չորս խմբակցությունների կողմից կառավարությանն անվստահություն հայտնելու ԱԺ-ի որոշման նախագծի հետ: Այսինքն, երբ խորհրդարանում արտահերթ ռեժիմով կքննարկվի ԲՀԿ-ՀՅԴ-ՀԱԿ-«Ժառանգություն» խմբակցությունների կողմից առաջարկվող որոշման նախագիծը` գործող կառավարությանն անվստահություն հայտնելու մասին, նույն այս ուժերը հրապարակ կհրավիրեն կառավարությանն անվստահություն հայտնող քաղաքացիներին եւս, պահանջն ավելի հիմնավոր եւ համատարած պատկերելու նպատակով, թերեւս:

Իհարկե կառավարությանն անվստահություն հայտնելը նորմալ քաղաքական երեւույթ է յուրաքանչյուր ժողովրդավարական երկրում: Իրական ժողովրդավարականներում հաճախ կառավարությունն ինքը կա՛մ չսպասելով ոչ իշխանականների այս պահանջին, ինքնակամ հրաժարական է տալիս, կա՛մ ուղղակի ենթարկվելով այդ պահանջին, մանավանդ որ այն զուգակցվում է հրապարակի հետ, կրկին հրաժարական է տալիս: Հայաստանն, ինչպես գիտենք, ավելի շատ նման է որեւէ ժողովրդավարական երկրի, քան իրական ժողովրդավարականի, հետեւաբար, հավանականություն քիչ կա, որ կառավարությունը` «ոչ իշխանական չորս` գումարած Ազատության հրապարակ» պահանջին ենթարկվի եւ հրաժարական տա, ինչը, էլի նորմալ երեւույթ է որեւէ ժողովրդավարական երկրում: Այլ հարց է, որ հատկապես ՍԴ-ի` պարտադիր կենսաթոշակային համակարգի մասին օրենքի բոլոր վիճահարույց դրույթները հակասահմանադրական ճանաչելուց հետո, նախագահ Սարգսյանը հիմք ստացած լինի` ցրելու գործող կառավարությունը: Գաղտնիք չէ, որ կենսաթոշակային համակարգի հիշյալ բարեփոխումը գործող կառավարության իրականացրած ամենամասշտաբային միջոցառումն է` գոյության ողջ ընթացքում, եւ, ուրեմն, ի՞նչ կարելի է ասել մի կառավարության մասին, որի իրագործած ամենամասշտաբային միջոցառումը, փաստորեն, հակասահմանադրական է: Նախագահը կարող է օգտվել այս առիթից եւ ցրել կառավարությունը: Դրանով, Սերժ Սարգսյանը կդրսեւորվի որպես սկզբունքային ղեկավար, այն առումով, որ ինքը չի հանդուրժելու որեւէ պետական ինստիտուտի հակասահմանադրական գործողությունը, բացի սրանից, նախագահը կառավարությունը ցրելու որոշում կայացնելով, պարզապես կկանխի ոչ իշխանականների հնարավոր ավելի լայն համագործակցությունը եւ ուղղակիորեն կտապալի նրանց ձեռնարկած ապրիլ 28-յան միջոցառումների շարքը` լինեն դրանք ԱԺ-ում, թե Ազատության հրապարակում: Ոչ իշխանականներն ուղղակի պահանջելու բան չեն ունենա, հետեւաբար նոր օրակարագ եւ ռազմավարություն մշակելու կարիք կառաջանա, ինչը, հասկանալի է, որ ժամանակատար է:

Բայց հավանականությունը, որ նախագահ Սարգսյանը կցրի գործող կառավարությունը, բավականին քիչ է: Ուրեմն ապրիլի 28-ին, եթե ոչ իշխանականներին կամ նրանցից որեւէ մեկին ոչինչ չպատահի, Ազատության հրապարակում մարդիկ պահանջելու են հակասահմանադրական օրենք պարտադրող կառավարության հրաժարականը:

Մտավախությունը, թե քառյակին ինչ-որ բան կարող է պատահել մինչեւ այդ, ընդունենք, կա: Մասնավորաբար, «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ով մարտի 28-ին Ազատության հրապարակում նախահավաք անցկացրեց, հայտարարել է, որ իր հերթական նախահավաքը տեղի կունենա ապրիլի 9-ին: Րաֆֆին այդ օրը հրապարակ է հրավիրում բոլոր քաղաքական ուժերին եւ, հասկանալի է, քաղաքացիներին: Սա բավականին հատկանշական է, քանի որ, օրինակ, ՀԱԿ-ն իր վերջին հանրահավաքում անձամբ Տեր-Պետրոսյանի ներկայացմամբ հայտարարեց, որ իրենց հաջորդ հանրահավաքը տեղի կունենա չորս քաղաքական ուժերով համատեղ, ինչպես հիմա ենք հասկանում` ապրիլի 28-ից սկսած: Այնինչ, ինչպես տեսնում ենք, Րաֆֆի Հովհաննիսյանն իր նախահավաքներով փոքր-ինչ դուրս է մնում չորսի համատեղ գործողությունների դաշտից: Արդյունքում «Ժառանգությունը» ԲՀԿ-ՀԱԿ-ՀՅԴ ընկերակցությունում կարող է երկար չդիմանալ, ինչն իր հերթին կարող է հանգեցնել Հայաստանում ընդդիմադիր քաղաքացիական դաշտիՙ չասենք պառակտմանը, բայց մասնատմանը հաստատ: Հատկապես, որ Րաֆֆին իր վերջին նախահավաքում (մարտի 28-ին) «ցույց տվեց նաեւ իրենց համաճանապարհակից որոշ կուսակցությունների ղեկավարներին, օրինակՙ «Պահպանողական կուսակցության» եւ ՀՀՇ կուսակցության ղեկավարներին, քաղաքացիական ակտիվից ներկայացուցիչների եւ այլոց:

Այն, որ ինչ-որ բան փոխվելու է, ակնհայտ է, ընդ որում այդ ինչ-որ բանը կարող է լինել ինչպես կառավարությունը, այնպես էլ ոչ իշխանականների կազմը. փոփոխություններն ի դեպ, իրոք ժողովրդավարական երկրներում նորմալ քաղաքական երեւույթ են, այլ հարց է, որ ժողովրդավարական երկրները փոփոխությունների հաճախ չեն գնում: Իսկ Չինաստանում հայտնի անեծք է` «Թող ապրես փոփոխությունների ժամանակահատվածում»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 04-04-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ