RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#017, 2014-06-20 > #018, 2014-06-27 > #019, 2014-07-04 > #020, 2014-07-11 > #021, 2014-07-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 04-07-2014



Տեղադրվել է` 2014-07-04 23:38:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 1643, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՀՈԼԱՆԴԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԻ ԴԵՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ ՍԵՐՄԱՆՈՂ ՑՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ

Հոլանդական խորհրդարանի Քրիստոնյա Դեմոկրատական Կոչ (CDA) խմբակցության պատգամավոր Պիտեր Օմզիգտի գրավոր հարցերը հոլանդական կողմի առաջին արձագանքն է 2014 թ. հունիսի 1-ին Ալմելոյում կայացած թուրքական հանրահավաքի վերաբերյալ: Գրավոր հարցերը ներկայացվել են նաեւ Սոցիալիստական կուսակցություն (SP), Քրիստոնեական միություն (CU), Բարեփոխված Քաղաքական կուսակցություն (SGP) եւ Ազատության համար կուսակցություն (PVV) խմբակցությունների անունից: Հանրահավաքը, որ պաշտոնապես ուղղված է եղել վերջերս Ալմելոյի հայկական եկեղեցու սեփական բակում տեղադրված հուշարձանի «ցեղասպանություն» բառի դեմ, վերածվել է հակահայ բազմաթիվ լոզունգներով եւ հայտարարություններով լի ցույցի:

Հոլանդահայ Ֆեդերացիայի (FAON) կարծիքով նման ատելություն սերմանող հանրահավաք չի կարող մնալ առանց կտրուկ արձագանքի ու հետեւանքների, եւ շնորհակալություն է հայտնում հոլանդական խորհրդարանի հինգ խմբակցություններին` քննադատական հարցադրումների համար: Կառավարության արագ պատասխանը ցանկալի է, հատկապես նկատի ունենալով, որ հանրահավաքի տեսանյութերը ոչ միայն տեղադրված են համացանցում, այլեւ պարբերաբար ցուցադրվում են թուրքական հեռուստաալիքով:

Հինգ խորհրդարանական խմբակցությունների հարցերն ուղղված են ԱԳ նախարարին, Սոցիալական հարցերի եւ Աշխատանքի (որը կրում է նաեւ Ինտեգրացիայի պորտֆելը) նախարարին եւ Անվտանգության եւ արդարադատության նախարարին, քանի որ այս խնդիրը որոշակիորեն վերաբերում է այդ նախարարներին:

Ինչ վերաբերում է հանրահավաքի կազմակերպման ոճին, նախարարներին հարց է ուղղվում, թե արդյոք նրանք տեղյակ են, որ հանրահավաքը կազմակերպվել է Թուրքիայի անմիջական աջակցությամբ: Օրինակՙ Թուրքիայի կրոնական հարցերով վարչությունը (Diyanet leri Bakanl) ձրի ավտոբուսներ է տրամադրել հանրահավաքին մասնակցելու համար, իսկ Թուրքիայի վարչապետ Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կողմնակից «Եվրոպայի թուրք դեմոկրատների միություն» (UETD - Union of European-Turkish Democrats) լոբբիիստական խմբավորումը ներգրավված է եղել հանրահավաքի կազմակերպման գործում եւ վերջապես բոլոր մզկիթներում կոչ է արվել մասնակցել այս հանրահավաքին:

Հարցադրումների հեղինակները ցանկանում են իմանալ, թե արդյոք հիմքեր կան Արդարադատության նախարարության համար, որպեսզի հետաքննություն կատարվի հանրահավաքի լոզունգների ու հայտարարությունների կապակցությամբ: Նրանք նույնպես հարցնում են, թե ԱԳ նախարարը ի՞նչ քայլեր անելու մտադրություն ունի եւ արդյոք նա կքննարկի՞ այս հարցը իր թուրք գործընկերոջ հետ: Վերջապես նախարարներին հարց է տրվում, թե արդյոք նրանք պատրա՞ստ են հրաժարվել հանրահավաքի բնույթից եւ ոճից եւ այնտեղ օգտագործված լոզունգներից:

Հոլանդահայ ֆեդերացիայի նկատողությունները

Հունիսի 1-ին Ալմելոյում կայացած հանրահավաքը հայտարարվել էր որպես բողոքի ցույց հուշահամալիրի «ցեղասպանություն» բառի դեմ, սակայն այն վերածվեց ամբողջովին հակահայ, ռասիստական երանգավորումով ցույցի: Հանրահավաքի ընթացքում օսմանյան ռազմական տարազներով նվագախումբը նվագել է օսմանյան երաժշտություն, դրանով իսկ ուղղակիորեն դիտավորյալ անդրադառնալով ցեղասպանության ժամանակաշրջանին եւ դրա հանցագործներին: Միջազգային հռչակավոր պատմաբանները եւ ցեղասպանության փորձագետներն արդեն երկար ժամանակ է ինչ հիմնվելով բազմաթիվ հետազոտական նյութերի վրա համաձայնվել են, որ հայերի նկատմամբ իրագործվել է ցեղասպանություն եւ շատ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Նիդեռլանդներում 2004 թվականին խորհրդարանը, որը երկրի ամենաբարձր քաղաքական մարմինն է, միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Ռաուֆուտի բանաձեւը):

Հոլանդահայ ֆեդերացիան բողոքում է հունիսի 1-ին Ալմելոյում տեղի ունեցած գործողությունների դեմ եւ պահանջում կառավարության անհապաղ ուշադրությունը, ակնկալելով գործնական քայլեր թե հանրահավաքի բովանդակության եւ թե Թուրքիայի կառավարության միջամտության ուղղությամբ: Ըստ էության հայոց ցեղասպանության ժխտումը ընթանում է ձեռք-ձեռքի տված ռասիզմի եւ հակահայ կեցվածքի հետ, ինչպես Հոլոքոսթի ժխտման եւ հակասեմիտականության պարագայում: Հանրահավաքի կազմակերպման մեթոդից եւ դրա բովանդակությունից պարզ է դառնում, որ Թուրքիան ինչքան մտահոգված է եւ պատրաստվում է ուրացման միջոցով եւ հակահայ քարոզչությամբ դիմակայել 2015 թվականը, երբ ամբողջ աշխարհում տեղի են ունենանալու միջոցառումներ նվիրված Հայոց ցեղասպանության հարյուրամյակին:

Վերջապես Հոլանդահայ ֆեդերացիան ցանկանում է հստակորեն ընդգծել, որ ֆեդերացիայի գործունեությունն ուղղված է Հայոց ցեղասպանության ճանաչմանը եւ երբեք ուղղված չէ թուրք ժողովրդի դեմ, որտեղ էլ որ նա գտնվի, այլ թուրք կառավարության կողմից անցյալի ժխտման դեմ: Միայն Թուրքիայի ճանաչումով է հնարավոր ժամանակի ընթացքում իրականացնել ազգամիջյան հաշտություն: Պետք է նշել, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ արդեն իսկ խոշոր փոփոխություններ են տեղի ունեցել թուրքերի մտքում: Այն թուրքերը, թե Թուրքիայում եւ թե Նիդեռլանդներում, ովքեր ծանոթ են ցեղասպանության պատմությանը եւ ճանաչում են այդ իրադարձությունները որպես ցեղասպանություն, նույնպես լուրջ խնդիրներ ունեն ցեղասպանությունը ժխտողների հետ: Հայտնի է, որ ազգայնամոլ թուրքերը նրանց եւս խնդիրներ են հարուցում, երբ նրանք իրենց կարծիքն են հայտնում այս հարցի մասին:

Թուրքիայի ճնշումը դեռեւս առկա է նույնպես Հոլանդիայի կառավարության վրա, որը, հետեւաբար, խուսափում է ողջ հստակությամբ խոսել Հայոց ցեղասպանության մասին: Հոլանդիայի կառավարության այս վերաբերմունքի համար չկա արդարացման որեւէ հիմք, հատկապես, որ հոլանդական կառավարությունը պնդում է թե առաջատար դեր է կատարում աշխարհում մարդու իրավունքների ոտնահարման, ռասիզմի եւ ցեղասպանության խնդիրների վերացման հարցերում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 04-07-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ