«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 04-07-2014
| ԳՈՒՅԺ | Տեղադրվել է` 2014-07-04 23:38:40 (GMT +04:00) | Ընթերցված է` 2338, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 12
| ԼՅՈՒՍԻ ԻՇԽԱՆՅԱՆ Հ. Ծ. Նյու Յորք քաղաքի հիվանդանոցներից մեկում 80 տարեկանում վախճանվել է միջազգային ճանաչման արժանացած տաղանդավոր դաշնակահարուհի Լյուսի Իշխանյանը, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը, լուրը արտատպելով «Նյու Յորք Թայմսից»: Մոսկվայում կայացած Չայկովսկու անվան միջազգային երկրորդ երաժշտական փառատոնում «Հատուկ մրցանակի» արժանանալով, Իշխանյանը 1962-1979 թվերին ինն անգամ համերգային շրջագայություններով հանդես էր եկել նախկին Խորհրդային Միության հանրապետություններում: Նաեւ Մ. Նահանգների պետքարտուղարության մշակութային ծրագրի շրջանակներում ելույթներ ունեցել Մերձավոր Արեւելքի, հարավարեւելյան Ասիայի, արեւմտյան Եվրոպայի երկրներում, Արգենտինայում եւ Մ. Նահանգներում: Եղել է ամենաերիտասարդ աշակերտը, որ երբեւէ ընդունվել է հեղինակավոր Ջուլյարդ երաժշտանոցի նախապատրաստական բաժինը: Ընդունելվուց երկու տարի անց իր առաջին համերգն է տվել: Կրթաթոշակ ստանալով նա 15 տարի սովորել է Ջուլյարդումՙ ստանալով բակալավրի եւ մագիստրոսի աստիճաններ: Այնուհետեւ շարունակել է ուսումը Կոլումբիա համալսարանում եւ պաշտպանել դոկտորական: Նրա մեծագույն նվաճումներից կարելի է համարել Ջուլյարդի եւ Երեւանի Կոմիտասի անվան երաժշտանոցի միջեւ բարեկամության ծրագրի հիմնադրումը, որով հնարավորություն ընձեռվեց երեւանցի ուսանողներին շարունակելու իրենց ուսումը Նյու Յորքում: Իշխանյանը Կոմիտասի անվան երաժշտանոցի պատվավոր պրոֆեսոր էր եւ քանիցս նախագահել է ավարտական քննությունների հանձնաժողովները: Իշխանյանը նաեւ դաշնամուրի միջազգային մի շարք մրցույթների ժյուրիի անդամ էր: | | | |
|
| |