ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆԸՙ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒԾՈՒՄ ՄԻՀՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ Հայաստանում նոր կառավարության ձեւավորման գործընթացին ցանկանում էի իմանալ, թե ով է լինելու զբոսաշրջության պատասխանատու պաշտոնյան: Ամոթ ինձ, չիմանալու համար, որ զբոսաշրջությունը ընդամենը փոքրիկ բաժանմունք է ներառված էկոնոմիկայի նախարարության մեջ, որն արդեն ունի նոր նախարար, բայց ոչ նոր փոխնախարար զբոսաշրջության գծով: (Արդեն քանի տարի պարտականությունը դրված է փոխնախարար Արա Պետրոսյանի ուսերին, առանց համապատասխան նշման:- Ծ.Խ.): Իսկ ինչո՞ւ է դա կարեւոր: Չունենալով արդյունաբերական հզոր բազա, որ հնարավորություն կտար արտահանելու նռան գինուց եւ սերկեւիլի ջեմից բացի նաեւ այլ ապրանքներ, Հայաստանի նման երկրի համար նպատակահարմար պիտի լիներ զարգացնել զբոսաշրջությունը, որպեսզի աշխատատեղեր բացվեն, ներդրումներ կատարվեն եւ եկամուտ լինի երկրին: Եկեք արագ գնահատենք աշխարհի վիճակն այսօր: Մարդիկ շարունակում են իրենց արձակուրդի համար որոնել հետաքրքրական առաջարկներով վայրեր, արեւն ու ծովըՙ Միջերկրական երկրներում, լեռներն ու բնության գեղեցկություններըՙ Կենտրոնական Եվրոպայում, բայց նաեւ պատմական եւ մշակութային կարեւորության տեղանքներ, ինչպիսիք են Եգիպտոսը, Հունաստանը, Իսրայելը եւ Իտալիան: Միաժամանակ, սակայն, քաղաքական իրադարձությունները հաճախ դժվարացնում են ընտրություն կատարելու հարցը, ինչպես, օրինակ, քաղաքացիական խժդժությունները Տաիլանդում, Թուրքիայում, Թունիսում եւ Եգիպտոսում: Երիտասարդները որոնում են ֆիզիկական փորձառություն (հեծանիվ քշել, լեռներ բարձրանալ, լաստանավով ճամփորդել եւ այլն) ձեռք բերելու եւ հաճելի երեկոներ (երաժշտություն, խմիչք) անցկացնելու վայրեր: «CNN Europe» հեռուստակայանները լի են Ղազախստան, Ադրբեջան եւ այլ արեւելյան երկրներ այցելելու գրավիչ գովազդներով: Հայաստանում զբոսաշրջությունը ավանդաբար հիմնված է եղել սփյուռքահայերի այցելությունների վրա: Համաձայն վիճակագրական տվյալների Հայաստան այցելողների թիվը 280 հազարից (2011-ին) հասել է 678 հազարի (2013-ի առաջին 9 ամիսների ընթացքում): Դժվար է իմանալ, թե այդ աճի մեջ ներառված են նաեւ Ռուսաստան եւ Ուկրաինա արտագնա աշխատողները, թե ոչ: Մյուս կողմից, պաշտոնական հայտարարությունները նշում են , որ 2013-ին մոտ 3 միլիոն հայեր այցելել են Վրաստան եւ մոտ 125 հազար (որից 20 հազարը Հայաստանից) այցելել են Անի: Հարցը հետեւաբար հետեւյալն է: Ի՞նչ ծրագրեր է մշակում Հայաստանը զբոսաշրջությունը զարգացնելու համար: Նախ նշենք, որ ներկա ենթակառույցները չեն ապահովում արագ եւ ապահով երթեւեկելու պահանջները: Առաջին հերթին, ուրեմն, պետք է վերակառուցվեն եւ կրճատվեն ճանապարհները: Երկրորդ, հյուրանոցները պետք է համապատասխան օթեւան կարողանան տալ մեծ թվով զբոսաշրջիկների շուրջ տարին: Հազարավոր հայեր են այսօր մասնագիտացել բժշկական ասպարեզում, եւ շատերն են վերապատրաստվել արտասահմանյան երկրներում: Կան նաեւ սփյուռքահայերի նվիրատվություններով վերակառուցված եւ ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցած հիվանդանոցներ եւ վիրաբուժական կենտրոններ: Ինչո՞ւ ուրեմն չխթանել «հատուկ բժշկական զբոսաշրջությունը» Հայաստանումՙ գրավելու համար տարածաշրջանի եւ Միջին Արեւելքի երկրների հիվանդներին: Սպորտային զբոսաշրջությունը, «Երեւանյան մարաթոն» անվան տակ, օրինակ, կարող է սկզբնական շրջանում հինգ հազար, իսկ հետագայումՙ 10-15 հազար մասնակից ընդգրկել, աշխարհի ուշադրությունը հրավիրելով Հայաստանի վրա: Հայաստանի գետերով եւ լճերով նավարկելը նույնպես կարող է ոգեշնչել շատերին հիանալու Հայաստանի բնության տարաշխարհիկ գեղեցկությամբ: «Ճարպկության մրցաշարերն», օրինակ Սեւանա լճում, անկասկած կհետաքրքրեն երիտասարդ արկածներ որոնողների, որոնք սիրում են ջրային սպորտը եւ ձգտում են հաղթանակների: Նույնը կարելի է ասել նաեւ շրջանների հարթ տարածություններում կազմակերպվելիք «հեծանվային մրցույթների» (Tour d՛Armenie) մասին, որոնք «Tour de France-ի» կամ «Giro d՛Italia-ի» նմանությամբ, հազարավոր հեծանվային սպորտի երկրպագուների կարող են բերել Հայաստան Բելգիայից, Հոլանդիայից եւ եվրոպական այլ երկրներից: Այս բոլորին գումարած կարելի է կազմակերպել նաեւ «կրոնական եւ մշակութային շրջագայություններ»: Առաջինի դեպքում այցելություններ նախատեսելով դեպի մեր հինավուրց վանքերն ու եկեղեցիները, իսկ երկրորդի դեպքում դեպի թանգարաններն ու պատկերասրահները: Կարելի է նաեւ մշակել ճանապարհորդություններ դեպի որոշակի մրգեր (խաղող, նուռ, դեղձ, սերկեւիլ) արտադրող շրջաններ: Երեւանի նորակառույց օդակայանը պատշաճ ծառայություն կարող է մատուցել շատ ավելի մեծ թվով զբոսաշրջիկների, քան նախկինում: Հարցը դեպի Հայաստան թռչող ինքնաթիռների քանակն է: Բավարար քանակությամբ ինքնաթիռներ Եվրոպայից, ԱՊՀ երկրներից եւ Միջին Արեւելքից հասնում են Երեւան: Երեւանը որպես վերջնակետ ընտրելը մեծագույն մարտահրավերներից է: Պատասխանատու այրերը գիտե՞ն արդյոք Գերմանիայի «TUI» կամ Ֆրանսիայի «Club Med» գործակալությունների մասին, որոնք միլիոնավոր մարդկանց շրջագայություններն են կազմակերպում: Իմ տեղեկություններով Հայաստանը վերջերս մասնակցել է զբոսաշրջության վերաբերյալ մի շարք ցուցահանդեսների, բայց հաշվի առնելով միջազգային մրցակցությունը այդ ասպարեզում, արդյոք բավականաչափ գումարներ, ջանք ու եռանդ ներդրվե՞լ է, որպեսզի պայմանագրեր ստորագրվեն համապատասխան կազմակերպությունների եւ գործակալությունների հետ: Պատասխանը ենթադրում եմ «ոչ» է: Հայաստանի կառավարությունը 2014-ի համար 75 միլիոն դրամ (182,038 դոլար) է նախատեսել զբոսաշրջության զարգացման համար: Ինչպե՞ս կարելի է այդքան գումարով հրապուրել աշխարհին: Հայաստանի գովազդային անմիջական ջանքերը բավարար չեն: Վերջերս միայն իմացանք, որ կառավարությունը դիմել է Տորոնտոյում (Կանադա) գործող բրենդային մի ընկերության, որպեսզի զբոսաշրջության զարգացման մի ծրագիր մշակի Հայաստանի համար: Գովազդային միակ հաջող ձեռնարկներն իրականացվել են ոչ կառավարական կազմակերպությունների կողմից, ինչպես, օրինակ, «Birthright Armenia» ծրագիրը: Առաջարկում եմ «Արի տուն եւ քեզ հետ ընկերոջդ էլ բեր» ծրագիրը ուղղված սփյուռքահայությանը: Համեմատության համար նշեմ, որ 2013-ին 23 միլիոն զբոսաշրջիկ հյուրընկալած Թուրքիան ծրագրում է 2025-ին ընդունել 40 միլիոն այցելուներ: Դրա համար կառուցում է երրորդ գլխավոր օդանավակայանը Ստամբուլի շրջակայքում: Տասնմեկ միլիոն բնակչությամբ Հունաստանը, մյուս կողմից, 2013-ին հյուրընկալել է 18 միլիոն զբոսաշրջիկ եւ 2014-ին ակնկալում է 2 միլիոնով ավելացնել այդ թիվը: Ուստի մոտ երեք միլիոն բնակչությամբ Հայաստանը պետք է կարողանա տարեկան հինգ միլիոնից ավելի զբոսաշրջիկ հյուրընկալել: Զբոսաշրջության զարգացումը նոր աշխատատեղերի բացման անմիջական հնարավորություն է ստեղծելու տնտեսության տարբեր ոլորտներում, եւ եթե ծրագիրը մշակվի ստեղծագործաբար, վառ երեւակայության արդյունք լինի եւ պատշաճ ֆինանսավորում ստանա, որ կարողանա տարեկան 25 տոկոսի հավելյալ եկամուտ բերող (դոլար, եվրո թե ռուբլի) զբոսաշրջիկների գրավել, ապա մենք ականատեսը կլինենք աշխարհում հավասարը չունեցող հայկական հյուրասիրության նոր վերածննդի: Տեղի կուենա դա, թե ոչ, կտեսնենք ապագայում: «Արմինյն Միրոր-Սփեքթեյթրից», Թարգմ. Հ. Ծ. |