RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#017, 2014-06-20 > #018, 2014-06-27 > #019, 2014-07-04 > #020, 2014-07-11 > #021, 2014-07-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 04-07-2014



ՏՆՏԵՍԱՎԱՐՈՒՄ

Տեղադրվել է` 2014-07-04 23:38:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 1590, Տպվել է` 25, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՀԱՅԱՍՏԱՆ. ՇՈՒԿԱ ԴԱՌՆԱԼՈՒ ԵՎ ՇՈՒԿԱ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Գեղամ Քյուրումյանը մեր թերթի հավատարիմ հոդվածագիրներից է: Մասնագիտությամբ տնտեսագետ եւ գյուղատնտես, նրաՙ Երեւանից ու Ավստրիայի Գրաց քաղաքից գրած պարզ ու գործնական բնույթի հոդվածները ընթերցվում են հետաքրքրությամբ, իսկ տարբեր երկրների առաջին անհրաժեշտության ապրանքների գների մեր շուկայի հետ համեմատություններըՙ մեծ շահագրգռվածությամբ: Մեր արժեքավոր աշխատակիցը երկու օրիցՙ հուլիսի 6-ին կնշի իր ծննդյան 70-րդ տարեդարձը: Ջերմորեն շնորհավորում ենք նրան այդ առթիվ եւ քաջ առողջության հետ մաղթումՙ Հայաստանում եւս, ինչպես զարգացած երկրներում, եգիպտացորենի համատարած մշակում, ինչը նրա գլխավոր խորհուրդն է միշտ եղել մեր համապատասխան իշխանություններին ու ֆերմերներին, ի խնդիր հայրենի ժողովրդի բարօրության:

«ԱԶԳ»

Ընկեր-բարեկամներս, ծանոթ-հարազատներս, շրջապատիս հարյուրավոր ներկայացուցիչները, ուսյալ ու կենսափորձով մարդիկ, աշխարհի տարբեր երկրներում աշխատած ու հյուրընկալված անձինք հաճախ են տողերիս հեղինակին ու միմյանց հետեւյալ հարցով դիմում. ինչո՞ւ նորանկախ Հայաստանը տնտեսապես չի կայանում, որի հետեւանքով էլ կասկածի տակ է առնվում երկրի քաղաքական կայացումը: Այս վիճակն այնքան տխուր է, որ մարդ անհեթեթ եզրահանգումների է գալիս, մտքովն ինչ ասես անցնում է, անգամ ամենադաժան իրադարձություններն արդարացնելու ցանկության է տրվում: Բայց չէ՞ որ դա հարիր չէ մարդ-արարածի մեր տեսակին, ում ներկայացուցիչները երկիր մոլորակի չորս կողմերում հիմնականում դրական բնութագրի են արժանանում, կատարածի ու ստեղծածի համար հարգանք ու համակրանք են վայելում: Ինչո՞ւ նույնը չի ստացվում մեր երկրում, ուր հայության հիմնական հավաքական միտքն է, մեր հողային ու ջրային, ջերմային ու մարդկային կարողունակությունը: Վստահ լինելով, որ ՀՀ թիվ 1 պաշտոնյայից մինչեւ համատիրության համեստ մասնագետը հայի ու հայության հանդեպ պատասխանատվության կրողներ են, պահվում են մեր կողմից վճարվող հարկերով ու տուրքերով, ասել է թե մեզ հաշվետու այրեր են, այսուհանդերձ նրանց մեջ մենք շատ հաճախ մեր պարզ ցանկություններն ու պահանջները ձախողողներին ենք տեսնում: Կարծես ամեն ինչ տվել ենք, ինքնաթիռներից մինչեւ շքեղաշուք ավտոմեքենաներ, տաք ու լուսավոր աշխատասենյակներ ու անվտանգության երաշխիքներ, արտերկրներ մեկնելու ու արտասահմանից հյուրեր ընդունելու հնարավորություններ, ՀՀ-ում ու տարբեր երկրներում գործարարությամբ զբաղվելու պայմաններ, մասսայական աղքատության պարագայում գերբարձր աշխատավարձեր... Թվում է վարձահատույց լինելու բոլոր միջոցները տրվել են, որոնց պետք է հետեւեն շարքային քաղաքացու համար համեստ կենցաղ ապահովող աշխատատեղերի ստեղծումը, կարգուկանոնի ապահովումը, օրենքի ու օրինականության հաստատումը: Արդեն մի ամբողջ քառորդ դար այս հույսով ենք ապրում, բանակին զինվոր ենք տալիս, երկրին աշխատող ձեռքեր, ինքներս էլ մեզՙ մի փոքր համբերություն ու հավատ:

Ավաղ, ոչինչ չի ստացվում, հայաստանյան հանրության բացարձակ մեծամասնությունը գոյության պայքար է մղում, հարյուր հազարավորներն էլ իրենց ու ընտանիքների ապագան կապում են օտար ու երբեմն անբարյացակամ միջավայրերի հետ: Գերբնական ի՞նչ ունակություններով են օժտված այդ միջավայրերը, ուր կարողանում են ոչ միայն իրենց բնակիչների առօրյա սոցիալ-կենցաղային բավարար պայմաններն ապահովել, այլեւ լրացուցիչ աշխատուժի կարիք զգալ, նրանց համար էլ այսօրվա հայաստանյանից ընդգծված բարվոք ապրելակերպ երաշխավորել: Եվ ինչքան էլ փորձում ենք առաջին հերթին մեզ պես փոքր տարածք ու բնակչություն ունեցող տասնյակ զարգացած երկրների բնակիչների մոտ գերբնականության ինչ-որ նշույլներ նկատել, չի ստացվում, բայց ոչ այն պատճառով, որ անհրաժեշտ բծախնդրությամբ չենք նրանց արածն ուսումնասիրում, այլ այն պարզ պատճառով, որ այդ գերբնականությունը պարզապես չկա: Էստոնացիք լինեն, թե մալթացիք, լյուքսեմբուրգցիները թե սինգապուրցիները, կիպրոսցիները թե դանիացիները, սլովենները թե իռլանդացիք, շատ ու շատ ժողովուրդներ հացահատիկ են մշակում, դրանով իրենց պարենային ու որոշակիորեն հաշվարկված անասնագլխաքանակների լիարժեք կերային պահանջներն են ապահովում, զուգահեռաբար ամենօրյա միսն ու կաթն են ստեղծում, դրանց վերամշակումից էլ իրենց վաղվա օրվա բարեկեցությունն են երաշխավորում: Այսօրինակ գործընթացի արդյունքում է, որ կարողանում են ցանկապատ ու տանիք նորոգել, սանհանգույց ու լոգարան կառուցողին վճարել, գյուղամիջյան ճանապարհների ասֆալտապատման ծախսերը հոգալ, ովքեր էլ իրենց վաստակածը քաղաքում օգտագործելով նորանոր աշխատատեղերի պատվիրատուներ են դառնում:

Ինչ-որ առումով ընդհանրական այս պատկերը թերահավատորեն ընդունողներին հետեւյալ հարց-պարզաբանումը տանք, չհավակնելով որեւէ տնտեսագիտական գնահատականի. գերզարգացած երկիր Դանիային, որի բնակչությունը 5 մլն է, ինչո՞ւ է անհրաժեշտ տարեկան 5 մլն տոննա ցորեն աճեցնել, որը 1 բնակչի հաշվով կազմում է 1000 կգ: Հանրահայտ է որ նրանք շատ հաց, մակարոն ու հրուշակեղեն սպառող չեն, ոչ էլ ցորենն այն մշակաբույսն է, որի արտահանումը հետաքրքրում է ընդարձակ վարելահողեր չունեցող հյուսիսային այս պետությանը: Քավ լիցի. պատճառը երկրում պահվող 15 մլն գլուխ խոշոր կաթնամսատու անասնագլխաքանակն ու մի այդչափ էլ հավերին լիարժեք կերով ապահովելն է: Հայերիս կողմից ներկայումս զբաղեցնող տարածքն ունեցող այս երկիրը կենդանական ծագման միլիարդավոր դոլարների սննդարտադրանք է թողարկում ու արտահանում, որոնց թերեւս կարելի է նաեւ ՀՀ-ում հանդիպել, ուր ոչ պահանջվող անասնագլխաքանակը կա, ոչ էլ դրանց ցանկալի մթերատվությունը:

Համաշխարհային գյուղոլորտի զարգացումն ուսումնասիրելու պարագայում պարզվում է, որ դանիացիներն առավել հաջողակ կլինեին, եթե իրենց տարածքում եգիպտացորենը հատիկի տեսքով աճեր:

Տնտեսական առումով հետեւյալ պատկերն է ԱՄՆ-ում: Աշխարհի գերհզոր այս երկիրն իր վերահսկողության տակ է պահում եգիպտացորենի հատիկի համաշխարհային արտադրության ու արտահանման 40-ական տոկոսները, որոշակի տարիների արտադրության ծավալները հասցնելով 330-340 մլն տոննայի: Առավելագույն էներգիա պարունակող այս մշակաբույսը անասնակերի հիմնական բաղադրիչ դարձնելու արդյունքում է, որ կայացած գյուղոլորտ ունեցող երկրներում կովերի միջին տարեկան կաթնատվությունը կազմում է 10-12 հազար լիտր, մսացու կենդանիների օրական քաշաճը մինչեւ 1,5 կգ, երբ ՀՀ-ում ցուցանիշները նշվածների հազիվ մեկ հինգերորդն են:

Չտեսնելու տալ այս վիճակը, սատար չկանգնել հայ հողի մշակին ու անասնապահին, համազոր է յուրօրինակ մեղսունակության: ՀՀ գյուղաբնակի ծայր աղքատությունը, երկրի պարենային ապահովության ու անվտանգության էապես սասանված վիճակը, երբ Հայաստանի Հանրապետությունը պարտադրված է հիմնականում գոյատեւել ներկրումների հաշվին, առավել քան մտահոգիչ է: Վիճակն առավել է խորանում ուժասպառ լինող գյուղատնտեսությունը դեպի էապես ռիսկային այգեգործա-բանջարանոցային ճյուղեր ուղղորդելով, հայոց հողը այլոց բանջարա-բոստանային կցորդ դարձնելով: Այս պրոցեսին երբեմն միջամտում է երկինքը, արձանագրվում են տարբեր բնույթի տարերային աղետներ, որոնք տողերիս հեղինակը գնահատում է որպես երկնային զգուշացումներ: Դրանք բազմաձեւ ու բազմաբնույթ են, որոնց հնարավոր չէ դիմագրավել միայն կարկտաբեր ամպերը ցրելով:

ՀՀ տնտեսության կայացման խնդիրն առավել քան պարզ է. բնակչությանն առաջնահերթն ապահովել սեփական արտադրության կենդանական ծագման մատչելի ու որակյալ սննդատեսակներով: Նշվող մշակաբույսի հատիկի հարյուր հազարավոր տոննաների հասնող ներկրումները մինչ օրս ՀՀ տնտեսության բարելավման որեւէ ապացույց չեն տալիս, քանզի այսօրվա պահանջն առավել քան մեծ է, 1 մլն տոննա եւ ավելի: Բերքի այս քանակի պարագայում է հնարավոր ՀՀ-ում կենդանական ծագման սննդով ինքնաբավություն ապահովել, բուսական յուղ արտադրել, սպիրտի որոշակի քանակներ ստանալ, այն օգտագործելով նաեւ որպես ավտոմեքենաների վառելիք: Միայն այս պայմաններում է հնարավոր հայությանն ուղղված «Արի տուն» ծրագիրը կյանքի կոչել, մի 7-8 տարվա ընթացքում Հայաստանը 7-8 մլն բնակչությամբ պետություն դարձնել, որից հետո հարկ կլինի 2-3 մլն տոննա ու ավելի եգիպտացորենի հատիկի արտադրություն իրականացնել, եթե մարդկությունն այդ ընթացքում առավել արդյունավետ այլ մշակաբույս ու միջոց չգտնի: Բնակչության այս թվի պարագայում հարկ կլինի Հայաստանում պահել 3-4 մլն գլուխ լիարժեք կերակրվող խոշոր կաթնա-մսատու անասնագլխաքանակ, որի պարագայում կաշվի ծավալներն ու վերամշակումը տնտեսության որոշակի ճյուղերում հարյուր հազարավոր աշխատատեղեր կստեղծեն: Այնժամ էլ կպարզվի ու կբացահայտվի երկրի իրական ներուժըՙ բանկային կենտրոն դառնալ, թե արեւային ու ջրածնային մարտկոցներով ավտոմոբիլներ արտադրել, կոշկեղեն թե մոդելային պայուսակներ թողարկել, զբոսաշրջությամբ թե մեղրի արտադրությամբ զբաղվել:

Թերահավատներին, որոնք կասկածի տակ կառնեն ՀՀ-ում անգամ 1 մլն տոննա եգիպտացորենի հատիկ արտադրելու կարողունակությունը, հիշեցնենք, որ հայերիս զբաղեցրած տարածքից մի փոքր ավելին ունեցող Սերբիան վերջին տարիներին արտադրում է մինչեւ 7 մլն տոննա եգիպտացորենի հատիկ: Թե ինչու, սերբերին ու այլոց մի հարցրեք, չեն ասի: Իրենց քաղաքների վարչական տարածքներում անգամ եգիպտացորեն մշակող եվրոպացիները մեզ խորհուրդ են տալիս այծի պանիր ու լոլիկի մածուկ արտադրել ու իրենց մատակարարել, հյուսիսամերիկացիներն առաջարկում են վայելել Ամերիկայի ոգին, որն այլ բան չէ, քան «Մարլբորո» ծխախոտը: Թվում էՙ ուր որ է կհիշեն հայկական ալկոհոլային խմիչքների ու ծխախոտի առանձնահատկություններն ու յուրօրինակությունները, բայց ոչ երբեքՙ ՀՀ հիմնական պարենապահովության հիմնախնդիրը: Պատահական չէ, որ պատեհ ու անպատեհ առիթներով հանրապետություն են հրավիրվում ֆինանսա-տնտեսական ոլորտների համաշխարհային հեղինակություններ, Նոբելյան մրցանակակիրներ, իրենց երկրները թռիչքաձեւ զարգացրած պետական այրեր, ովքեր խոսում են իրականացրած հակակոռուպցիոն ծրագրերից, երբ այսօր էլ այն առկա է, տնտեսության արդիականացումից, երբ հարեւաններին որոշակիորեն զիջում են, տնտեսությունը դիվերսիֆիկացնելուց, երբ ճգնաժամերը հաջորդում են միմյանց... բայց երբեւէ չեն նշում իրենց մոտ ծավալվող հիմնական պարենմթերքներով ապահովությունը հիմնախնդիր համարելու մասին: Սինգապուրի պես երկիրը, որը 5 մլն բնակիչ ունի, Երեւանի էլ մոտ 3 տարածքը, 350 մլրդ դոլարի ՀՆԱ ունի, 40 մլրդ դոլարանոց բյուջե: Կարծես ոչ մի խնդիր չէ այլոց արտադրած կենդանական ծագման լավագույն սնունդը գնել, սակայն նախընտրում է իր հնարավորությունների առավելագույնն օգտագործել ու 100 հազար տոննայի հասնող հավի միս ու մի քանի տասնյակ հազար տոննա խոզի միս արտադրել, երբ ՀՀ ցուցանիշը հազիվ 7-8 հազարական տոննա է: Հյուսիսամերիկացիները եգիպտացորենի հատիկը դաշտերի թագուհի ու երկնքի պարգեւ են հռչակել, մշակաբույսի մասին երգեր են ձոնել, իսկ մեզ առաջարկում են Արարատյան դաշտում լոբի մշակելով զբաղվել. զավեշտ է, եթե այլ բան չասենք: Կարծես պատկեր է ուրվագծվում, երբ կենդանական ծագման սննդարտադրությունը հիմնախնդիր դարձրած ու այդկերպ ողջ տնտեսությունում բարերար միջավայր ապահոված երկրներն ամեն ինչ են անում այլոց այդ հնարավորությունից հեռացնելու առումով, ոմանց պարտադրելով բանանային, մյուսներին թեյային, երրորդներին սրճային կարգավիճակներ:

Մեր խնդիրները ոչ մեկի հոգսը չեն, դրանք մեր հիմնախնդիրներն են: ՀՀ 10 մլրդ դոլար ՀՆԱ-ի պարագայում բարեկեցության խնդիրը լուծել հնարավոր չէ, երբ ասենք 300 հազար բնակչով Իսլանդիան ունի 13 մլրդ դոլարի ՀՆԱ, փոքրիկ Կիպրոսըՙ 24 մլրդ դոլարի, 1,3 մլն բնակչությամբ Էստոնիանՙ 30 մլրդ դոլարի, 2 մլն-անոց Սլովենիանՙ 60 մլրդ դոլարի, պատերազմների միջով անցնող Լիբանանըՙ 65 մլրդ դոլարի ՀՆԱ: Փոխարենը մեզանում արմատավորվում է թող արդյունաբերությունն աշխատի, միսն ու կաթը մենք որտեղից ասես կգնենք սկզբունքը: Մերօրյա Հայաստանում, ուր միայն արտառոց ծույլերը չեն տնտեսագիտության մեջ մասնագիտանում, դժվար գտնվի մեկը, որն իզորու է նշել, թե տնտեսության որ ոլորտներին են ի սկզբանե նախապատվություն տվել հիշատակված երկրներում: Հեղինակը վստահ առանձնացնում է կենդանական ծագման սննդարտադրության ճյուղը. Կիպրոսում ու Էստոնիայում ՀՀ-ի համեմատ 3-4 անգամ ավել խոզ են պահում, Լիբանանում հավերն են տասնապատիկ ավելի, Սլովենիայում շատ է խոշոր եղջերավորը եւ փաստ է չէ՞, որ Հոլանդիա ասելիս մենք առաջնահերթը ծաղկի հետ նաեւ կովն ենք հիշում: Այսպիսին է համաշխարհային տնտեսվարության սկզբունքը, շուկաներ ունենալու պահանջը, շուկաներ ստեղծելու արվեստը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 04-07-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ