RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#031, 2014-10-10 > #032, 2014-10-17 > #033, 2014-10-24 > #034, 2014-10-31 > #035, 2014-11-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 24-10-2014



Տեղադրվել է` 2014-10-24 19:50:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 2383, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 9

Ի՞ՆՉ ԿՏԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հայաստանի խորհրդարանում երկու օր բուռն քննարկվեց «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» եւ հարակից օրենքներում փոփոխությունների նախագծերի կառավարության ներկայացրած փաթեթը: Սահմանամերձ համայնքների` կառավարության կողմից հաստատվելիք ցանկում ներառվող համայնքներում, ըստ փաթեթը ներկայացնող ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանի , ստեղծվում են հարկային խթաններ` սահմանամերձ տարածաշրջաններում տնտեսական ակտիվությունը խրախուսելու եւ դրանով տնտեսական համաչափ զարգացումն ապահովելու համար: Վերանայվում են գործող հարկային գործիքները` բավարար նախադրյալներ ստեղծելու համար երկրում ներդրումների խթանման , տնտեսավարող սուբյեկտների մոտ լրացուցիչ ֆինանսական միջոցների տեղավորման, այդ եղանակով տնտեսական աճի խրախուսման նպատակով: Կառավարությունն է սահմանելու այն գյուղական համայնքների ցանկը, որոնք օգվելու են արտոնություններից, առաջնահերթությունն առաջին փուլում տալով գնդակոծվող տարածքներին:

Այդպիսով` սահմանամերձ տարածաշրջանում արտադրությունից գոյացող եկամուտները եւ արդյունքի իրացումը ազատվում են բոլոր տեսակի հարկերից: Իրացումն ազատվում է ավելացված արժեքի հարկից (իրավաբանական անձի դեպքում), իսկ կազմակերպությունն ազատվում է այդ գործունեության արդյունքում վճարվելիք շահութահարկից: Եթե կազմակերպիչը ոչ թե իրավաբանական անձ է, այլ անհատ ձեռնարկատեր, ապա արտադրանքի իրացումից ստացվող եկամուտը կազատվի եկամտային հարկից, իսկ իրացումը կազատվի ավելաված արժեքի հարկից, անկախ նրանից, թե երկրի ո՞ր տարածքում է այն իրացվում: Այդ տարածաշրջանների առեւտրի օբյեկտների առեւտրական գործունեությունը եւս ազատվելու է շրջանառության հարկից: Արտոնագրային վճարներով հարկվողներին նախատեսվում է ազատել արտոնագրային վճարներից: Այս տարածքներում վճարվելու է միայն ֆիզիկական անձի աշխատավարձերից պահվող եկամտային հարկը, մնացած հարկերից տնտեսավարողներն ազատվում են: Հարկերից արհեսատականորեն ազատվելու մեխանիզմներ եւս նախատեսված են: Սահմանամերձին հարկային արտոնությունների տրամադրումը աստիճանաբար է կիրարկվելու, 2015 թվականից առավել փոքրերն են դրանցից օգտվելու` վեցհազարից ավելի` ինն հազարից ավելի հարկ վճարողներից, երկրորդ փուլում ` 2016 թվականին այն կտարածվի տարեկան շրջանառությունը 500 միլիոն դրամից չգերազանցողների վրա, իսկ 2017-ից համակարգը կաշխատի համատարած:

Թե որքանով հարկերի թեթեւացումը սահմանամերձ շրջաններում թույլ կտա մեր աղքատ գյուղացիներին բիզնես կամ առեւտուր նախաձեռնել, սա թերեւս շատ թեական է դեռ եւ կերեւա օրենքի կիրառման ընթացքում, եթե, իհարկե, այս նախաձեռնությունը ընդհանրապես չվերածվի խոշոր բիզնեսի ներկայացուցիչների կողմից այս անգամ սահմանային համայնքներն իրենց համար օֆշոր, սահմանամերձ համայնքների բնակիչներին` մանր արտադրողից իրենց ծառան դարձնելու ծրագրի: Հիշո՞ւմ եք` ասում էին փողոցային առետուրը վերացնում ենք, որ քաղաքակիրթ առեւտուր ծավալվի, համ էլ մրցակցությունը կբերի ապրանքների էժանացման. եղավ լրիվ հակառակը, գյուղացին զրկվեց իր ապրանքն իրեն հարմար գնով իրացնելու հնարավորությունից, Երեւանում սննդի եւ գյուղատնտեսական ապրանքի առեւտուրը դարձավ մի քանի անձանց մենաշնորհը, իսկ գները այդ մենաշնորհյալների քմահաճույքի արգասիք թանկությամբ փայլեցին: Գումարած, որ բյուջեի վրա բավական մեծ` երկուսուկես միլիարդ դրամի բեռ է նստելու այս օրենքի գործողությունը` ժամանակի ավելի երկայնական կտրվածքով այն հետ բերելու հաշվարկներով:

Բայց, իհարկե, օրենքի նպատակը բարի է, չնայած դրա բարի իրագործման երաշխիք ոչ ոք չի կարող տալ, կյանքը կարող է լրիվ այլ իրավիճակ ստեղծել: Դա անգամ ենթադրել են փաթեթում` փորձ անելով զգուշանալ եւ մանրամասն փաստաթղթավորման անհրաժեշտություն նախատեսելու գնով կանխել տնտեսավարող սուբյեկտների կողմից արհեստականորեն մանրածախ առետրի օբյեկտների ձեւավորումը եւ իրացման ծավալների քողարկումը` խստիվ հաշվապահություն եւ այլն:

Համենայնդեպս` փաթեթի հարակից զեկուցող գլխադասային հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն այն շրջադարձային փոփոխություն անվանեց Հայաստանի տնտեսաական քաղաքականության մեջ, երբ քաղաքացու հարստացման մասին է խոսք գնում, չնայած բյուջեի լրջագույն բեռին: Ըստ նրա` սա լրջագույն փոփոխություն է նաեւ սոցիալական քաղաքականության մեջ:

Փաթեթի ընդդիմախոսները, այդ թվում` առաջարկներ անող պատգամավորները, կողմ լինելով սահմանամերձի հոգսը թեթեւացնելուն, իրենց մտահոգությունն էին հայտնում: Հիշեցնենք, որ այս կարգի օրենսդրական նախաձեռնություն ուներ նաեւ Նիկոլ Փաշինյանը (նա դեմ էր կառավարության փաթեթի ընդունմանը), որով առաջարկվում էր սահմանամերձի բնակիչներին ազատել հարկերից, էլեկտրաէներգիայի, ջրի եւ գազի համար վճարելուց, որը կառավարությունը մերժել է: Բնականաբար օրինագծի գլխավոր ընդդիմախոսներից մեկը նա էր` նշելով, որ այս նախագծի իննսուն տոկոսը կապ չունի սահմանամերձ համայնքները հարկերից ազատելու հետ, տեղերի խանութների տերերը շուտով ցույցի են դուրս գալու օրենքի դեմ` քանի որ սահմանամերձի անունով խոշոր բիզնեսն իր միլիարդներն է կրկնապատկելու, տատիկներն էլ վարսավիրանոց չեն գնում` իրար մազ են կտրում. «Ինչ որ գիտահետազոտական արտոնություններ եք տալիս տատիկ-պապիկներին, որոնցից նրանք չեն օգտվելու, Էդ տատիկ-պապիկների մասին որ մտածեիք, չէիք թալանի նրանց քսանհինգ տարի ու միլիոնատեր դառնայիք», ասաց նա: Ու անգամ այդ առիթով նրա ու հարակից զեկուցող Վարդան Այվազյանի միջեւ մի լեզվակռիվ ծագեց, որն ավարտվեց իրար «այ տղա», «այ տղան դու ես» բնորոշումներով: «Ամառային սահմանային ուտուշ- խմուշներից հետո քցել սահմանային համայնքներին», ի վերջո իր ելույթում այսպես անվանեց Ն. Փաշինյանը փաթեթը` նկատի ունենալով հարկային արտոնություններ տալը բազմաթիվ նախապայմաններով համեմելը:

Ինչպես միշտ ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը մի շարք նկատառումներ հայտնեց, որոնք իր գործընկերներն այնքան էլ չէին նկատում փաթեթում, նշելով, որ բիզնեսը չպետք է խառնվի պետություն- քաղաքացի հարաբերությանը, բիզնեսը սոցիալական կողմ չի, երկուսուկես միլիարդ է վերցվում բյուջեից` նպատակը բարի է, ճիշտ է, բայց մեր շուկան հակված է խախտում անելու: Նա կողմ էր հարկերը հավաքելուն եւ դրանք վերստին նպատակային աջակցությամբ սահմանամեեւձ գյուղ ուղղելուն:

Էդմոն Մարուքյանը խոսում էր օրենքի դրույթները քսան տարով ամրագրելու անհրաժեշտության մասին, որպես երկարատեւ ծրագրեր իրականացնելու երաշխիք, քանի որ մեծ ներդրումների համար վստահության բաց կա: Սամվել Ֆարմանյանը փաթեթն անվանեց սահմանամերձ գոտում դեմոգրաֆիական վիճակի դեմն առնելու տեսակետից «սպոնտան» նախաձեռնություն, քանի որ սահմանամերձ տարածքների զարգացման համալիր ծրագիր է պետք մշակել` խնդիրը գերառաջնահերթություն հայտարարելով, ամբողջական լուծումներով, թե չէ այս կարգի լավ նախաձեռնությունները չեն բերելու արդյունքի:

Հեղինե Բիշարյանն այլ տեսակետից դիտեց հարցը` փող ենք վաճառում, հիպոթեկը տասներկու տոկոս է մեր երկրում, իսկ ամբողջ աշխարհում երեքից-հինգ տոկոս է, վարկերը թանկ են, էդ ուղղությամբ մտածենք: Հիսունհազարդոլարանոց բնակարանը յոթանասունհազար է նստում ( փաթեթում հիպոթեկի տոկոսը սահմանամերձի բնակիչների համար իջեցնելու վերաբերյալ դրույթ կար` եկամտահարկը` հիպոթեկային վարկի չափով հետ վերադարձնելու տեսքով):

Կորյուն Նահապետյանը չափազանց կարեւոր ռազմավարական նախաձեռնություն անվանեց կառավարության փաթեթըը` շարունակություն ակնկալելով:

Հրանտ Բագրատյանը համոզված էր, որ հարկային արտոնություններն ինքնին լավ բան չեն` հարկը պետք է հավաքել ու դրանով օգնել աջակցության կարիք ունեցողին. «Հիպոթեկի արտոնությունը ո՞րն է` սահմանամերձում տուն չեն սարքում: Պարզ չէ՞, որ Երեւանից բիզնեսը փորձելու է այնտեղ թափանցել:Հակոբ Հակոբյանը որ էդպես մտածել գիտի, բա ո՞նց եք այսպես վարվում», հարցրեց նա` նշելով, որ ճիշտը սահմանամերձ տարածքում ծառայությունները մատչելի դարձնելն է:

Հերմինե Նաղդալյանն , որպես ԱԺ փոխխոսնակ, իր արտահերթ ելույթում առաջարկեց այս թեմայի շուրջ գոնե տնտեսագիտական վեճեր չանել: Եւ գովեց փաթեթը` հարկային բեռի իջեցումը եւ ռիսկերից խուսափումը` հաշվառման բացարձակ բարձր կարգապահությամբ. «Վերջինիս բացակայությամբ հարկային համակարգը կփլուզենք», ասաց:

Պատգամավորների ելույթները շատ առաջարկներ էին պարունակում. «Փորձեք ներգաղթ կազմակերպել, եւ այնտեղ առետուր ու տնտեսություն կլինի», ասաց Թեւան Պողոսյանը: Արծվիկ Մինասյանը, հիշելով սահմանամերձ գյուղերի պաշտպանության վերաբերյալ երկու մայր օերնքները` սոցիալ- տնտեսական արտոնություններ տրամադրելու անհրաժեշտության մասին նշեց: Նա նաեւ ՀՅԴ խմբակցության անունից խոսելով նշեց, որ նախագծի սուբյեկտների ցանկը պետք է անվանվի սահմանապահ բնակավայրերի ցանկ, բովանդակություն եւ շրջանակ ֆիքսելով: Զարմանալիորեն` նա չէր վախենում խոշոր բիզնեսի` այս բնակավայրերում հայտնվելուց, դա աշխատատեղ է ստեղծում, այնպես որ փաստաթղթավորման խիստ պահանջն առաջարկում էր մեղմել:

Համայնքների խնդիրներին քաջատեղյակ Արայիկ Հովհաննիսյանը մարտական գործողությունների համար չօգտագործվող, գնդակոծության տակ եղած գյուղերի` ջրի եւ հողի հարկից հիսուն տոկոսով ազատելու մասին կառավարության որոշումը հիշեցնելով նկատեց, որ այդ ցուցակը կարող է համընկնել այս փաթեթի համար առաջին փուլում ընդգրկվելիք գյուղերի ցուցակի հետ:

Մհեր Շահգելդյանը , ՕԵԿ խմբակցության անունից, մի քանի խնդիր տեսավ: Նա կողմ էր համալիր մոտեցմանը` ստրատեգիական տեսլականի առկայության անհրաժեշտություն, ռիսկերի ապահովագրման հիմնադրամի ստեղծում, ինչպես նաեւ` կոռուպցիոն ռիսկերի ավելացում էր տեսնում փաստաթղթավորման բարդությամբ:Բայց գաղափարին ՕԵԿ-ը կողմ էր` եթե իրենց նկատառումները հաշվի առնվեին:

ՀԱԿ խմբակցությունից Լեւոն Զուրաբյանն անմիջապես խորամանկություն տեսավ այս փաթեթի ներկայացմամբ, որ ընդդիմության «Կառավարության ճգնաժամի մասին» մախաձեռնությունն արտահերթ չքննարկվի հանրահավաքից առաջ` ուշադրություն հրավիրելով, որ ութ նախագծից միայն երկուսը կապ ունեն սահմանամերձ գյուղի հետ. «Կառավարման ճգնաժամը հենց սա է` վախեցած իշխանությունը», ասաց ու խոստացավ ամեն ինչ ասել այսօրվա հանրահավաքին:

ԲՀԿ-ի ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը գաղափարին կողմ էր, բայց նախ, ըստ նրա` արտոնություններ տալու էֆեկտը պետք է գնահատել, իսկ տնտեսական ազդեցության գնահատումը չկար: Նա ասում էր, թե պատշաճն այն կլիներ, որ ինվեստիցիոն քարտեզն ու տարածքի ներուժը ներկայացվեր, հետո արտոնություններ տային: Եթե առանձնացում լինի օրենքների (դա շատերն էին առաջարկում, այդ թվում` ՀՀԿ-ականները, որ սահմանամերձ գյուղի վերաբերյալ նախագիծն առանձնացվի մյուս տնտեսական վեց օրենքից), եւ փաթեթի այլ խնդիրները լուծվեն` միգուցե ԲՀԿ-ն կողմ քվեարկի:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ափսոսաց, որ փաթեթի իրականացման փուլերին անդրադարձ չեղավ, փաթեթում եղած օրենքների տարանջատմանն էր կողմ նաեւ, փաստաթղթավորման խստության հետ կապված խնդիր տեսավ` մասնակի մոտեցման կիրառումը հարմար համարելով, ողջունելով փաթեթը ու նրա մեջ դրված քաղաքականությունը:

Հիմնական զեկուցող Վարդան Միրումյանը քննարկումը եզրափակեց` ընդունելով մի շարք առաջարկները` առանձնացված փաթեթ կներկայացվի երկրորդ ընթերցումից հետո, ցանկի վերաբերյալ էլ պարզբանում եղավ` մարտի քսանմեկին սահմանապահ համայնքների` կառավարության հաստատած ցանկը որպես կողմնորոշիչ կլինի։ Նա հիշեցրեց, որ սահմանամերձ տարածքներում գույքահարկ չեն վճարում, քանի որ շինությունները մինչեւ երեք մլն դրամի արժեքը չեն գերազանցում, հողի հարկի հարցով էլ` մարտական գործողությունների տարածքներում չօգտագործվող հողի հարկն էլ կառավարությունը փոխհատուցում է: Հարկային արտոնությունները միջազգային պրակտիկայում չեն խրախուսվում, բայց մեր աշխարհագրական տեղադրությունն էլ չունեն այդ երկրները:

Մի խոսքով` երկու օր բավական շատ խոսեցին այս հարցի վերաբերյալ խորհրդարանում, իսկ թե ի՞նչ կստանա գյուղացին, կերեւա միայն տեղերում, փաթեթը կիրարկելիս, մանավանդ որ այն առաջին ընթերցմամբ ընդունվեց: Մենք էլ քաղաքական վայրիվերումներից ավելի կարեւորեցինք այս քննարկման մասին պատմելը, գուցե սահմանամերձ տարածքների մեր սահմանապահ բնակիչները կարողանան ավելի շուտ հետեւություններ անել գլխներին գալիքի վերաբերյալ: Իսկ որ քաղաքական զարգացումների մասին եռյակի այսօրվա հանրահավաքից հետո դիտարկումներ անենք, չենք կարծում, որ մեծ փոփոխություններ եղած լինեն մեր քաղշախմատում. վարչապետը վստահ էր, չէ՞, որ կառավարման ճգնաժամ Հայաստանում չկա, ուրեմն մի բան գիտի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 24-10-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ