RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#031, 2014-10-10 > #032, 2014-10-17 > #033, 2014-10-24 > #034, 2014-10-31 > #035, 2014-11-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 24-10-2014



ՀԱՆԴԻՊՈՒՄ

Տեղադրվել է` 2014-10-24 19:50:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 1823, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 8

«ՍՓՅՈՒՌՔՈՒՄ ՀԱՅ ՄՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՅԼԵՎՍ ՄԻԱՅՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԷ»

Հարցազրույցըՙ ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆԻ

Հարցազրույց արգենտինահայ քաղաքական գործիչ Սերխիո Նահապետյանի հետ

Ամեն անգամ, երբ առիթ է լինում Սփյուռքի ու սփյուռքահայության մասին գրելու, հատկապես Հայոց մեծ ողբերգության հարյուրամյա տարելիցի նախօրեին, ակամա մտածում եմ` անհրաժեշտ է, որ բոլորս մեկտեղենք մեր կորովն ու վճռականությունը, հստակեցնենք յուրաքանչյուրիս անելիքը արդարության վերահաստատման եւ Հայոց պահանջատիրության արդարացի լուծման ճանապարհին: Այսօր շատ կարեւոր է, թե ինչպես է Սփյուռքի համար ներկայանում Հայրենիքը: Շատ սփյուռքահայերի համար նույնքան հարազատ է մեր երկիրը, նրանք նույն ձեւով ուրախանում ու տառապում են նրա լավ ու վատով, աշխարհի տարբեր ծայրերում բնակվելով` նույն ձեւով հպարտանում են մեր հաղթանակների եւ նվաճումների համար: Սակայն ոչ պակաս կարեւոր է, թե ինչպես է Հայաստանում ապրող մեր ժողովրդի համար ներկայանում սփյուռքահայությունն իր ազգային, հասարակական կյանքով, իր անվանի անհատներով, իր կառույցներով ու գործունեությամբ: Համոզված եմ նաեւ, որ հայաստանցին պետք է ճանաչի Սփյուռքը, հասկանա, թե որտեղից է գալիս իր` հեռավոր, երբեմն նույնիսկ երբեք չտեսած հայրենիքին օգտակար լինելու մղումը: Կարծում եմ, որ ամենաառաջնային պատմական անցյալի վերքով հիմնական նմանությունը, որ մեկ դար շարունակ սեղմում է մեր կոկորդը, պիտի փոխարինելու գա հաղթողի, բարգավաճ ու հզոր լինելու, իր ապագան իր ձեռքով կերտողի զգացողությունը:

Այս մտորումներով գնացի իմ լավ բարեկամ, մերօրյա սփյուռքահայ իրատես ու քաղաքական կյանքում մեծ փորձի տեր, հեռավոր Արգենտինայում Հայոց ցեղասպանության իրավատերերի առաջամարտիկ Սերխիո Նահապետյանի հետ հարցազրույցի:


- Պատմեք խնդրեմ Ձեր մասին,- դիմեցի նրան ջերմ: Արդեն այն տարիքում եք, որ բավականին անցած ուղի ունեք, փորձ, վաստակ:

- Ծնվել եմ Բուենոս Այրեսում: Հաճախել եմ հայկական դպրոց: Ունեցել եմ ուրախ մանկություն: Պատանեկությունս` շնորհիվ հոգատար ծնողներիս, անցել է մեծիմասամբ հայկական միջավայրում: Բարձրագույն կրթություն ունեմ, սակայն այդ մասնագիտությամբ չեմ աշխատել, քանի որ հայրիկիս պիտի օգնեի մեր ձեռնարկությունը ղեկավարելու ու արտադրությունը կազմակերպելու գործում, հետո էլ (մեղմ ու մի տեսակ մեղավոր ժպտում է) շուտ ամուսնացա, իսկ ընտանիքիս կարիքները հոգալ էր հարկավոր: Դեռ մանկության տարիներին հաճախում էի ՀԲԸՄ-ի միջոցառումներին եւ շուտով ընտրվեցի տեղի ՀԲԸՄ-ի երիտասարդաց ակումբի ատենապետ: Տասնվեց տարեկանում անդամագրվեցի ՌԱԿ-ին: Ի˜նչ տարիներ էին, աշխույժ մրցակցություն կար ավանդական կուսակցությունների միջեւ, յուրաքնչյուրս աշխատում էր ամեն ինչ անել լավագույնս ներկայանալու համար հանրության:

1983 թ. զինվորական իշխանությունների տապալման հետեւանքով Արգենտինայում սկսված բարեփոխումների արդյունքում հնարավոր դարձան կուսակցությունների գործունեությունը: Ես` հավատարիմ աշխարհայացքիս, վաղ տարիքից անդամագրվեցի նորաստեղծ Արգենտինայի Լիբերալ դեմոկրատական կուսակցությանը եւ ակտիվորեն մասնակցում ու նախաձեռնում էի շատ գործառույթներ: Անկեղծ ասած, քաղաքականություն շատ եմ սիրում, մի տեսակ այն իմ տարերքն է, դրա համար էլ ամբողջովին ու եռանդուն սկսեցի աշխատել այդ ասպարեզում: 1989 թ. ընտրվեցի քաղաքային ավագանու անդամ, իսկ չորս տարի հետո աշխատեցի որպես քաղաքի վերահսկողության վարչության պետ: Մեծ հնարավորությունների, գայթակղիչ ու պատասխանատվության բնագավառ էր, սակայն անում էի ամեն ինչ կատարյալ ու անթերի, քանի որ ի դեմս ինձ, մյուսները տեսնում ու կարծիք էին կազմում հայերի մասին: 2005 թ. ընտրվեցի Բուենոս Այրեսի քաղաքային խորհրդարանի (այն երկրի խորհրդարանին գրեթե հավասար, իսկ որոշ դեպքերում նույնիսկ ավելի կարեւոր դերակատարություն ունի) պատգամավոր եւ իմ հեղինակած առաջին օրենքը որ ընդունվեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին էր եւ ամեն տարի ապրիլի 24-ը որպես անմեղ զոհերի հիշատակի օր ճանաչելն էր: 2007 թ. նահանգապետի թեկնածու եւս եղա: Այժմ աշխատում եմ Արգենտինայի մարդու իրավունքների պաշտպանի (օմբուդսմենի) գրասենյակում որպես հաշմանդամների իրավունքների պաշտպան:

- Մի քանի բառով ներկայացրեք արգենտինահայ գաղութի այսօրյա վիճակը եւ զարգացման հեռանկարները:

- Դժվար է ասել որքան հայ է բնակվում Արգենտինայում, որեւէ վիճակագրական տվյալ չկա, պարզապես շրջանառվում է 100 հազար թիվը: Նրանցից ակտիվ համայնքային կյանքով ապրում են 5-6 հազարը: Գործում են յոթ դպրոցներ, որոնցից վեցը` ամենօրյա են: Գաղութում գործում են հինգ եկեղեցիներ, բոլորն էլ էջմիածնական են, այսինքն մեզանում եկեղեցական խնդիր չունենք: Ավելին, վերջերս դադարել ենք տեղ տալ ընդգծված կուսակցականությանը: Ամեն ինչից վեր են դասվում նախ եւ առաջ համագաղութային շահերը, ինչն, անկասկած, դրական երեւույթ է եւ խիստ շահեկան:

Գլխավոր խնդիրը շարունակում է մնալ հայապահպանությունը, ինչն իմ կարծիքով հենված պիտի լինի եւ իրականանա երեք հիմնական սյուների վրա` Հայրենիք, եկեղեցի, բարեգործական միություններ: Անչափ կարեւոր է մամուլի դերակատարությունն իր բոլոր տեսակներով: Արդեն երկար տարիներ է, որ գաղութում հրատարակվում են ՀՅԴ-ի «Արմենիա» եւ ՌԱԿ-ի «Սարդարապատ» պաշտոնաթերթերը: Գործում են 4-5 ռադիոժամեր, երբեմն նաեւ հեռուստաժամեր են տրամադրվում հայեցի հաղորդումներ հեռարձակելու համար:

Ընդհանրապես նկատելի է, որ գաղութն օր-օրի ավելի է հասունանում: Մեր առջեւ խնդիր ենք դրել ավելի շատ երիտասարդներ ներգրավել հայանպաստ գործերում: Իսկ գլխավոր նպատակը` որքան հնարավոր է խելացի շատ հայ երիտասարդներ գտնել, սատարել նրանց լավ կրթություն ստանալու եւ կառավարական համակարգերում բարձր դիրքեր գրավելու գործում, որպեսզի նրանք այնուհետեւ հայանպաստ գործունեություն ծավալեն: Ընդհանուր առմամբ, Բուենոս Այրեսում եւ այլ բնակավայրերում գործող հայկական կազմակերպությունները դրական առումով հրաշալի օրինակ են տեղացիների համար: Մենք միշտ ընդգծում մեր հայ լինելը, հպարտանում ենք դրանով եւ կանենք ամեն հնարավորը այդ զգացումը երբեք չկորցնելու համար: Այս գործում անչափ կարեւոր է Հայաստանի Հանրապետության գոյության փաստը, քանի որ հայ մնալու համար այլեւս միայն պատմությունը բավարար չէ:

- Հետաքրքրական է Ձեր կարծիքը ընդհանրապես Սփյուռքի եւ մասնավորապես նրա ապագայի վերաբերյալ: Զարգացման ինչ ուղիներ եք տեսնում Սփյուռքի համար:

- Նախ եւ առաջ ամեն ջանք պիտի գործադրենք, որ Հայաստանն առաջ քայլի: Գաղտնիք չէ, անշուշտ, որ շատ սպասելիքներ ունենք նրանից, ուստի հարկավոր է անել ամեն հնարավորը, որպեսզի երկիրը ծաղկի ու բարգավաճի: Պայմաններ պիտի ստեղծվեն, որ ժողովուրդը լավ ապրի, աշխատելու, ստեղծագործելու հնարավորություն ունենա: Բոլորս` անկախ աշխարհի որ անկյունում կլինենք, պիտի ձգտենք ու անենք ամեն ինչ, որ յան վերջավորությունը հնչի որպես հպարտության, հզորության, ապագայի խորհրդանիշ:

Հարկավոր է ուշադիր լսել երիտասարդությանը, քաջալերել նրան, որ նոր ու նորովի առաջարկներ ասպարեզ բերի, թարմ շունչ հաղորդի ազգին, նրա մտածողությանն ու գենին գիտության վերջին նվաճումները հասանելի ու յուրացնելի դարձնի: Բնականաբար, սպասում ենք նաեւ, որ մոտ ապագայում հզորացած Հայաստանը նաեւ մեզ օգնի, լուծումներ գտնելու համար Սփյուռքի ու հաճախ կորսվելու եզրին հասած յուրաքանչյուր հային հայ պահելու, Հայրենիք վերադարձնելու, որպես հայ հպարտ լինելու համար:

- Որպես շուրջ կեսդարյա կուսակցական ինչ կարծիքի եք ՌԱԿ-ի եւ նրա ապագայի մասին:

- Ընդհանրապես յուրաքանչյուր գաղութ եւ կուսակցություն պիտի որոշի, թե ինչ ծրագրերով ու քայլերով առաջ ընթանա: Նույնիսկ նույն կուսակցությունը որեւէ գաղութի առանձնահատկություններն հաշվի առնելով պիտի որոշի իր մարտավարությունը: Օրինակ` արգենտինահայ գաղութը եկեղեցու խնդիր չունի, ինչը տարիներ շարունակ եղել է շատ գաղութների կարեւոր մտահոգությունը եւ հոգնեցրել ու զզվեցրել տեղերի երիտասարդությանն ու հեռացրել հայկական միջավայրից: Հարկավոր է սթափվել վերջապես, վերջ տալ նմանաբնույթ վեճերին եւ վեր կանգնել մանր, աննշան ու անպտուղ վեճերից: Անկեղծ զրույցների ժամանակ երիտասարդները մեզ օգտակար դասեր են տալիս ասելով` ձեր վեճերի մեջ մեզ մի ներքաշեք, դրանք մեզ պետք չեն, ավելին` խանգարում են մեզ:

ՌԱԿ-ը Արգենտինայում բոլոր կուսակցականների ջանքերի արդյունքում միաձույլ կառույց է Շրջանային վարչության կարգավիճակով (բաղկացած է Կորդովա, Բրազիլիա, Ուրուգվայ եւ Սան-Պաուլո ակումբներից): Սա չի նշանակում թե բանավեճեր ու քննարկումներ չկան: Կան, իհարկե, սակայն փառք Տիրոջը, դրանք բանավեճերի մակարդակում էլ լուծումներ են ստանում: Կարճ ասած` գերիշխող է բանավեճ բառի առաջին հատվածը:

Կուսակցության ապագայի առումով, խորապես համոզված եմ, որ ամենակարեւոր դերակատարությունը պիտի ունենա կուսակցության հայաստանյան ջոկատը: Նա պիտի դառնա այն առանցքը, որի շուրջը կառուցողական մթնոլորտում համախմբվեն մնացյալ բոլոր ջոկատները: Ես միշտ կհպարտանամ, որ հայաստանյան ՌԱԿ-ը հաջողություններ ունենա, որովհետեւ դրանով կդրվի այն հիմնաքարը, որի հենքի վրա կբարձրանա համախմբված, մանր մունր վեճերից այլեւս ձերբազատված ու քաղաքական ասպարեզում շարունակական հաջողություններ արձանագրող քաղաքական ուժը, որի հետ հաշվի կնստեն բոլորը: ԽՍՀՄ-ի գոյության տարիներին տարբեր զոհողությունների գնով պահում էին կուսակցությունը, սատարում նրան այն համոզվածությամբ, որ շուտով Հայաստանը կդառնա անկախ ու ազատ երկիր, իսկ ՌԱԿ-ը կմասնակցի ընտրություններին, կունենա իր արժանավոր տեղը իշխանական կառույցներում եւ կիրականացնի իր ծրագրային դրույթները, որոնք, համոզված եմ, ամենմոտն են հայ ժողովրդի սրտին ու հոգեբանությանը: Չեմ կարծում, որ որեւէ մեկը սպասում է, թե Սփյուռքից կգան ու քաղաքականությամբ կզբաղվեն հայրենիքում: Անհատներ, իհարկե, կլինեն, բայց միայն անհատներ: Պարզապես հարկավոր է մշտապես կապ պահպանել ժողովրդի հետ, իմանալ նրա ցավն ու հոգսը, լուծումներ գտնել եւ շահել նրա քվեն:

- Այս անգամ ինչ տպավորություններով եք մեկնում հայրենիքից եւ ինչ մաղթանքներ ունեք:

- Եկել էինք արգենտինիայի խոշոր հեռուստատեսային եւ տուրիստական մի գործակալության պատվերով` Հայաստանին նվիրված գովազդային-ճանաչողական ֆիլմ նկարելու համար: Այսօր առավել քան կարեւոր է մեր երկիրը պատշաճ ներկայացնել օտար ափերում: Հատկապես վերջին տարիներին թուրքերի եւ նրանց նմանակ ադրբեջանցիների խավիարանավթային հզոր քարոզչությանը դիմագրավելու տեսանկյունից: Լատինական Ամերիկայում շատերը գաղափար չունեն Հայաստանի մասին, իսկ չորսժամանոց ժապավենը հավուր պատշաճի կներկայացնի ավելի քան հինգհազարամյա Հայաստանն ու հայ ժողովրդին: Նախագծի ակունքներում եւ իրագործման գործում իհարկե կա մեր ակտիվ մասնակցությունը:

Առիթից օգտվելով, ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը նախագծի կարեւորությունը խորությամբ ըմբռնելու եւ բոլոր դյուրություններն ապահովելու համար: Եղանք ու նկարահանեցինք գրեթե բոլոր կարեւորագույն տեսարժան վայրերը: Տաս օր շարունակ, երբեմն նաեւ գիշերները, շրջեցինք ամենուր ու նկարահանեցինք: Ֆիլմը պիտի եթեր գնա չորս ծրագրով, մեկական ժամ տեւողությամբ: Կարծում եմ, որ կհաջողենք այն ցուցադրել նաեւ հարեւան երկրներում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 24-10-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ