RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#039, 2014-12-05 > #040, 2014-12-12 > #041, 2014-12-19 > #042, 2014-12-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 19-12-2014



ՀԱՅ ԴԱՏ

Տեղադրվել է` 2014-12-19 00:07:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 1660, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆ ՈՒ ՏՆՏԵՍԱԳԵՏՆԵՐԸ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պ.գ.դ.

Մի երկու շաբաթ առաջ Երեւանի ԲՈւՀ-երից մեկում տարբեր մասնագիտությունների տեր գիտնականների մասնակցությամբ քննարկվում էին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ կազմակերպվելիք միջոցառումների ծրագրեր: Եղան տարբեր առաջարկներ, որոնց թվում նաեւ` հրատարակել հոդվածների ժողովածու, որը հիմնականում պետք է ներառեր Ցեղասպանության խնդիրն իր բոլոր դրսեւորումներով:

Հավաքին մասնակցում էին պատմաբաններ, բանասերներ, իրավաբաններ, որոնք հիմնականում դրականորեն արտահայտվեցին ծրագրի վերաբերյալ եւ հայտնեցին իրենց պատրաստակամությունը` անմիջապես գործի անցնել եւ բարձրորակ հոդվածներ գրել: Մասնակիցներից միայն տնտեսագետներն էին, որոնք դժգոհեցին եւ առանց խորամուխ լինելու խնդրի էության մեջ, հայտարարեցին, որ տնտեսագետներն այդ բնագավառում անելիք չունեն: Անկեղծ ասած, շատ զարմացա: Չթաքցնեմ` նաեւ զայրացա խնդրից այդքան անտեղյակ լինելու եւ մեր ազգային գլխավոր հարցերից մեկի մասին այդպիսի քամահարական վերաբերմունք դրսեւորելու համար:

Շատ ելույթներ ունենալուց խուսափելու սովորությունս տեղի տվեց.

- Վերջին տարիներին շարունակաբար լսում ու տեղեկանում ենք հարկային բեռի թեեւացումներին վերաբերող մեծաքանակ ատենախոսություններ պաշտպանելու մասին, սակայն չգիտես ինչու գնալով ժողովրդի հարկային բեռը ծանրանում ու անտանելի է դառնում: Իսկ քննարկվող հարցի վերաբերյալ դուք ոչ միայն անելիք ունեք,-դիմելով տնտեսագետներին ասացի,-այլեւ անչափ շատ են ձեր բացթողումներն այդ բնագավառում: Շատ դեպքերում պատմաբաններն են ուսումնասիրել, վեր հանել սոցիալ-տնտեսական այն ծանր կացությունը, որն առկա էր Եղեռնին նախորդող տարիներին` վկայակոչելով ինչպես պաշտոնական, այնպես էլ եկեղեցական պահպանված եւ հրաշքով մեզ հասած փաստաթղթերն ու այլ բնույթի վավերագրերը:

Գաղտնիք չէ, որ կեսդարյա մեծիմասամբ անպտուղ դեգերումներից հետո ի վերջո հայ միտքն այսօր վերջապես ճիշտ ուղու վրա է: Այսինքն` Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից անցում ենք կատարել պահանջատիրության հետապնդման միանգամայն արդարացի եւ իրատեսական հարթություն: Իսկ այս դեպքում շատ ավելի կարեւոր են դառնում հենց տնտեսական հարցերի գիտական խորքային վերլուծություններն ու հիմնավորված հաշվարկներն այն մասին, թե մարդկային ու տարածքային կորուստներից բացի ինչ եւ որքան են եղել հայության կորուստները:

Հայտնի է, որ այդ առումով մենք ընդամենն ունենք Ազգային պատվիրակության ղեկավար Պողոս Նուբարի հիմնականում Կ. Պոլսի Պատրիարքարանի եւ անհայտ աղբյուրների հապշտապ հավաքած տվյալների հիման վրա մեր կորուստների մասին շրջանառվող 19 մլն շվեցարական ֆրանկ թիվը, որն իրական կորուստների չափերի հետ շատ քիչ առնչություն ունի: Այնպես որ, այնքա՜ն բաներ կան հաշվելու: Սկսած հայրենազրկվելու հետեւանքով կորցրած հողերից, բնական հարստություններից, եկեղեցիների ու հասարակական նշանակության շենք-շինություններից, առանձնատներից ու բնակարաններից վերջացրած այդ տարաբնույթ կառույցներում օգտագործվող գույքերով ու կենցաղային միջոցներով: Էլ չեմ խոսում բանկային հաշիվներում եղած դրամագլուխներից, ապահովագրական ու այլ տեսակի գումարների մասին: Կարծում եմ, որ ոչ միայն անհրաժեշտ է հաշվել, հնարավորինս ճշգրտել այդ թվերը, այլեւ խիստ կարիք է զգացվում վերլուծել եւ դրանց հիման վրա համապատասխան եզրակացություններ կատարել: Հատկապես այդ հաշվարկները կարեւորվում նաեւ նրանով, որ հեռու չէ այն օրը, երբ մենք այդ հարցերով կդիմենք միջազգային դատական կառույցներին: Իսկ արդարացի իրավարար վճիռ ակնկալելու համար հարկավոր են մանրակրկիտ, պատճառաբանված ու սթափ հաշվարկներ:

Մեր նախորդ հրապարակումներից մեկում (Մտորումներ Հայաստան-Սփյուռք հինգերորդ համաժողովից հետո, «Ազգ» օրաթերթ, 24.09.2014, թիվ 29), որը նվիրված էր Համահայկական հինգերորդդ համաժողովում Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ I վեհափառի ելութին, որն, ի դեպ, անվանել էինք «Վարդանմամիկոնյանական», շեշտել էինք, որ մեր սխալվելու թույլատրելիությունը գրեթե զրոյական է: Այսօր հարկավոր է, որ ավելի սթափ նայենք այս խմորվող գործընթացներին եւ բացառենք յուրաքանչյուր երազախաբկանքային դրսեւորում: Չսխալվելու, մեր ներկայացվող պահանջները հիմնավորելու համար, խորապես համոզված եմ, որ անհրաժեշտ է միջազգային ատյաններին ներկայացնել.

ա. պատմական անհերքելի փաստեր,

բ. տնտեսագիտական հնարավորինս ճշգրիտ հաշվարկներ մեր ունեցած կորուստների վերաբերյալ (ընդ որում պետք է նկատի առնել ինչպես նյութական կորուստները, այնպես էլ այն հնարավոր, իրատեսական եկամուտները, որոնք կունենային հայ առեւտրականները, բանկիրները, արհեստավորներն ու գյուղացիները այդ տարիների ընթացքում եւ այն բոլոր հնարավոր ներդրումներն ազգային կյանքում, որ պիտի արվեր այդ եկամուտներից),

գ. իրավաբանական, հատկապես միջազգային իրավունքի անհրաժեշտ նորմերի գերազանց իմացություն,

դ. էթնոգենեզի իրականությանը հնարավորինս մոտ հաշվարկներ (օրինակ` այսօր որքան կկազմեր հայերի թվաքանակը, եթե շուրջ երկու մլն անմեղ զոհեր չտայինք),

ե. բարոյահոգեբանական, մշակութային, ազգագրական եւ այլ բնույթի կորուստները եւ այլն:

Հակիրճ ներկայացնելով այս եւ մի շարք այլ փաստարկներ` հարգարժան գործընկերներիս խնդրեցի ավելի սթափ մոտեցում հանդես բերել Ցեղասպանության հարցին: Ի պատիվ ներկաների, փառք Աստծո, ոչ ոք չառարկեց փաստարկներիս: Ավելին` նրանք խոստացան այսուհետ ամենայն լրջությամբ զբաղվել այդ խնդրով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 19-12-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ