ՓՈՂԿԱՊՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆ ՈՒ ԳԵՂԵՑԻԿ ԱՂՋԻԿԸ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Կաշպիրովսկիին, կարծում եմ, շատերն են հիշում, գուցե գտնվեն մարդիկ անգամ, ովքեր կպնդեն, թե էքստրասենսը բուժել է իրենց, շատերն, անշուշտ, հակառակը կպնդեն, իսկ ավելի շատերըՙ լուռ կժպտան այս անունը լսելիս: Բայց հաստատՙ Կաշպիրովսկի անունը մի բան փոխում է մեր դեմքի վրա, ինչն ամենեւին չի նշանակում, որ Կաշպիրովսկին ժողովրդի կողքին է... Ինչեւէ, իր հերթական սեանսներից մեկի ընթացքում էքստրասենսը կանչում է իր առջեւ նստած տղայինՙ ասելով. «Հիմա թո՛ղ հենակդ եւ արի ինձ մոտ»: Տղան հենց այդպես էլ անում է, թողնում է հենակն ու քայլում դեպի Կաշպիրովսկին: Դահլիճն ու միլիոնավոր հեռուստադիտողները հիացած ծափահարում ենՙ էքստրասենսի հերթական հրաշքի ականատեսը լինելով, եւ միայն նրանցից մեկը, սեանսից հետո, մոտենում է տղային եւ հետաքրքրվում, թե ի՞նչ հիվանդություն ուներ վերջինս: Տղան պատասխանում էՙ «Ես թեթեւակի մրսած եմ»: «Այդ պարագայում ի՞նչ էիր անում հենակը», հետաքրքրվում է քաղաքացին: «Դե, այն տատիկիս համար էր, ուղղակի բռնել էի ես»,-պատասխանում է տղան: Անցան տարիներ, եւ Կաշպիրովսկին, ճիշտ է, չմտավ քաղաքականություն, բայց ակամայից հիմնադրեց իր ուղղությունը քաղաքականության մեջ, հենց որի մասին էլ կխոսենք: Հազիվ դուրս պրծնելով ճանապարհիս հանդիպած Եհովայի վկաների հետ կրոնական եւ ոչ միայն կրոնական թեմաներով բանավիճելու գայթակղությունից, հասա տուն: Մի քանի րոպե չէր անցել, երբ դռան զանգը հնչեց: Բացեցի. դիմացս կանգնած են նրանքՙ փողկապով երիտասարդն ու գեղեցիկ աղջիկը: Եթե կարեւոր է, ապա ասեմ, որ տղան կարմիր փողկապով է, ինչպես սըր Ալեքս Ֆերգյուսոնըՙ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կամ «Կարմիր սատանաների» խաղերի ժամանակ: - Բարեւ ձեզ,- տղան սկսում է խոսակցությունըՙ հենց դռան շեմից, աղջիկը լուռ ժպտում է,- Մենք ներկայացնում ենք «Համաժողովրդական շարժումը», դուք ուզո՞ւմ եք, որ փոփոխություններ լինեն: Չգիտեմ ինչո՞ւ, առաջին հարցը, որ առաջացավ ինձ մոտ, հետեյալն էր. - Որտե՞ղ լինեն փոփոխություններ: - Հայաստանում, որ ամեն ինչ փոխվի, որ յուրաքանչյուր քաղաքացի ունենա իր աշխատանքը, որ արտագաղթը կասեցվի, որ վարկերը ցածր տոկոսներով տրվեն, որ արժանապատիվ կերպով մտնենք Եվրասիական տնտեսական միություն,- ասաց տղան, մինչ աղջիկը շարունակում էր լուռ ժպտալ: - Իսկ կարելի՞ է ուզել ձեր ասած բոլոր բաները, բացիՙ թեկուզ արժանապատիվ կերպով ԵՏՄ մտնելուց,- հետաքրքրվում եմ ես: - Իհարկե դուք կարող եք հենց հիմա մեզ հետ գալ մեր շտաբ եւ այնտեղ բարձրաձայնել ձեր կարծիքը, որը մենք շատ ենք կարեւորում: Միացեք մեզ,-աղջիկն էր, պետք է խոստովանելՙ համոզիչ տոնով: - Այսինքն, եթե ես ուզում եմ, որ Հայաստանում փոփոխություններ լինեն, պետք է հենց հիմա միանամ ձեզ ու միասին գնանք ձեր շտա՞բ,- ապշում եմ ես: - Այո-այո, մեր մասնագետներն այնտեղ կզրուցեն ձեզ հետ, մենք կգրանցենք ձեր տվյալները, եւ, որքան ակտիվ լինեք անձամբ դուք, այնքան ավելի արագ մենք կհասնենք երկրում փոփոխությունների,- ասաց տղանՙ առավել շեշտելով այն հանգամանքը, որ ակտիվ պետք է լինեմ ես, իսկ երկրում փոփոխությունների պետք է հասնենՙ իրենք: Աղջիկը շարունակում էր ժպտալ: - Իսկ ինչո՞ւ եք գրանցելու իմ տվյալները,- անհանգստանում եմ ես: Կարծես կռահելով իմ անհանգստությունըՙ այս անգամ ինձ պատասխանում է աղջիկը. - Դե մեր շարժումն, ինչպես գիտեք, կոչվում է համաժողովրդական, եւ բոլոր այն քաղաքացիները, ովքեր մտահոգված ենք այս երկրի ապագայով, պետք է փաստացի միանան մեզ: - Այսինքն, չնայած շարժումը կոչվում է համաժողովրդական, բայց դեռ ժողովուրդ չի՞ միացել դրան,- կիսահռետորական հետաքրքրվում եմ եսՙ ժպտալով: - Մենք մի քանի հարյուր հազար հետեւորդ ունենք արդեն,- պատասխանում է տղանՙ դեմքի լուրջ արտահայտությամբ եւ փողկապն ուղղելով, իսկ ես նկատում եմ երկուսի կրծքանշաններըՙ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն: Մինչ ես փորձում էի հասկանալ, թե ի՞նչ իմաստ կա իմՙ նրանց հետ շտաբ գնալու մեջ, եւ ի՞նչ է նշանակում քաղաքական, թեկուզ համաժողովրդական շարժման հետեւորդ լինելը, հենցՙ հետեւորդ, աղջիկը հանկարծ շրջվեց ու ծեծեց մեր դիմացի հարեւանի դուռը: Հարեւանուհիսՙ տիկին Լաուրան, կարծես դրան էր սպասում, անմիջապես բացեց դուռն ու հայտարարեց. - Ես, իհարկե ուզում եմ, որ փոփոխություններ լինեն, բա էս ի՞նչ կյանք է, երեք թոռ ունեմ, պետությունը չի պահում... Այս զրույցն, անշուշտ, դեռ երկար տեւեց, միայն նշեմ, որ տիկին Լաուրան ներսՙ իր տուն հրավիրեց փողկապով երիտասարդին եւ գեղեցիկ աղջկանՙ սուրճ խմելու, մինչեւ ինքը կպատրաստվի նրանց հետ շտաբ գնալու համար: Երբ արդեն ներս էին մտնում հարեւանուհուս տուն, հանկարծ աղջիկը թեքվեց դեպի ինձ եւ ժպտալով հարցրեց. - Դուք էլ կգաք, չէ՞: Ես պատասխանեցի, որ ես կաղ չեմ, ուղղակի մի քիչ մրսած եմ, բայց ոչ աղջիկը, ոչ տղան ինձ իհարկե չհասկացան, իսկ տիկին Լաուրան, դուռը հյուրերի հետեւից փակելովՙ ինձ լուռ հասկացրեց, որ սուս մնամ: Այդուհանդերձ փողկապով երիտասարդը եւ գեղեցիկ աղջիկը ինձՙ մեր զրույցի ժամանակ հասցրեցին տալ «Համաժողովրդական շարժման» բրոշյուր: Հենց որից էլ իմացա, որ «մեր երկրում մեկնարկած համաժողովրդական շարժումը մեծ թափ է հավաքում...»: Էլի բաներ իմացա, օրինակ այն, որ «Համաժողովրդական շարժումն իր շտաբներն է բացում հանրապետության բոլոր խոշոր բնակավայրերում», հասկացա նաեւ, որ այս ամենը տեղի է ունենում քաղաքացիների բնակարաններ գնալու եւ նրանց շտաբներ բերելու եւ այնտեղ նրանց տվյալները գրանցելու նպատակով, բայց, չհասկացա, թե ինչո՞ւ, ի՞նչ իրավունքով է շարժումը կոչվումՙ համաժողովրդական, երբ ժողովուրդըՙ գոնե դեռ այդ շարժման մեջ չէ: Ավելին, ժողովուրդն ամենեւին էլ չի կաղում: |