ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԷԼ ՓՐԿՎԵՑ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ Կառավարությունը, կարելի է ասել, այս անգամ էլ փրկվեց: Ռուսական ֆինանսական շուկայի վայրիվերումների, դրանց պատճառով մեր տնտեսական կորուստների ֆոնին, երբ բոլորի քննադատության թիրախը հենց կառավարությունն էր դառնում` մի կերպ դոփող մեր տնտեսությունից բավարար հարկեր բյուջե բերել չկարողանալու, ավելին` երկու ամիս անշեղորեն դրամի արժեզրկման պատճառով բյուջեի կորուստների ավելացման համար: Բայց Ամանորի շեմին օգնության հասավ արդեն շատ տարիներ աշխատած տրյուկը. տատանում ես դոլարը, մեր բնակչությանը սովորաբար հատուկ խուճապի պատճառով սկսվում է մի իսկական հարայ-հրոց դոլար-դրամ շուկայում: Հետո բարձր գնով դոլար ես ինտերվենցիա անում, դմբոներն ու խուճապին տրվողները գնում են, հավաքում ես անհրաժեշտ չափով դրամ, ծածկում դրամի արժեզրկման պատճառով առաջացած բյուջեի բացերը գոնե մի կարճաժամկետ կտրվածքով, հետո մի ինչ-որ իքս պահի հայտարարում ես, որ վերջ, կայունանում է, բավարար դոլարային պահուստ ունենք: Ե՛ւ աշխատավարձի ու թոշակի փող է լինում, ե՛ւ նոր տարվա քեֆերի, բացի այդ էլ` կառավարությունը գոնե մի երկու ամիս ժամանակ է շահում` գլուխ հանելու համար, թե անկայուն տնտեսությամբ Ռուսաստանի պարագայում ի՞նչ պետք է անի ԵՏՄ-ում, սկզբի դժվարին ամիսներին: Մեկը կարող է նստել ու հաշվել, թե որքան հավելյալ դրամ առաջացավ բարձր գնով դոլարի ինտերվենցիաներից, երբ հայտի է, որ այդ դաշտում գլխավոր խաղացողը բացառապես պետությունն է` իր գլխավոր դրամատան միջոցով: Մանավանդ` ցածր դոլարային փոխարժեքով հաշվված նոր բյուջեն կորուստներ էր կրել արդեն` դեռ գործողության մեջ չմտած: Իսկ հիմա միգուցե այդ կորուստները ծածկվեցին մի քանի օրում, թեկուզ եկող տարեսկզբի հաջող մեկնարկի կտրվածքով: Իսկ որ բնակչությանը վարակած դոլար-դրամային խուճապը վերջին օրերին արհեստականորեն ուռեցնում էր նաեւ ապրանքների գները, ու սովորական, միջին վիճակագրական սպառողին բավական վնասներ պատճառվեցին, սա, հասկանում եք, մանրուք է այդ մեծ «առաքելության» ֆոնին: Ինչպես որ մանրուք է այն, որ մեր տնտեսական դաշտի մեծ խաղացողները եւս անհատապես շահեցին դոլար-դրամ առքուվաճառքից սեփական արժութային կետերի ու բանկերի միջոցով, ժամանակին էժան ներկրած ապրանքը խուճապին թանկ վաճառելով: Է, բոլոր այդ մեծ խաղացողներն էլ կամ հենց իշխանության մեջ եղողներն են, կամ նրանց հարակից գործարարները: Իսկ առավել լայն շերտի համեմատաբար մանր գործարարները հավանաբար տուժեցին, ինչպես, ի դեպ, բնակչության լայն շերտերը: Հիմա գներն ինչքան էլ ընկնեն, դրամը որքան էլ կայունանա` այլես դեկտեմբերի մեկի ելման դիրք չեն վերադառնա, էս էլ «նվեր» հայ սպառողին: Բայց գլխավոր խնդիրը` կառավարությանը փրկելը մի երկու ամսով, մինչեւ տեսնեն` ԵՏՄ-ից ինչ է դուրս գալիս, դոլարի «գերարժեւորման» ֆոնին հուսանք լուծվեց: Համենայնդեպս` վերջին տասն օրվա իրադարձությունների վերլուծությունն այդ մտքին է հանգեցնում, մանավանդ` ֆինանսական դաշտի պատասխանատուների հրապարակային բացատրությունները զուրկ են դրամ-դոլար տատանումների իրական պատճառները մատնացույց անելու համոզիչ փաստարկներից: Իսկ սովորական հայ մարդու նախաամանորյա կորուստները կմոռացվեն` կմեծանանք-կմոռանանք, չէ որ հիմա կառավարության ձեռքի տակ բավարար դրամ կլինի աշխատավարձ ու թոշակ վճարելու: Ամեն տարի այս սցենարն Ամանորի շեմին կիրառվում է իհարկե, գումարած ամանորյա առետրի սպասումային թանկացումները` բալանսի բերելով տարվա կտրվածքով ճեղքվածքները, բայց այս տարի մի առանձնակի ցնցումային էր այդ սցենարը` արտաքին ցնցումների գործոնը եւ անկայուն ռուսական շուկայի հիմքով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության առաջիկա դժվարություններն էին գումարվել: Ասենք, որ «սպեկուլյացիա» բառը, որ օգտագործում էին մեր ֆինանսատնտեսական առաջին դեմքերը, բառարանային բացատրությամբ մի քանի փոխարժեք ունի. «չարաշահում» իմաստին զուգահեռ, նայած օգտագործման, կան նաեւ «մտազննություն», «հայեցողություն» բացատրությունները, վերջին երկուսը հատկապես շատ էին համապատասխանում ֆինանսական շուկան կարգավորելու կոչված մեր կառույցներին` դեկտեմբերի մեկից մինչեւ տասնյոթը, երբ այդ կառույցները հանգիստ մտազննում ու հայում էին, թե ինչ է կատարվում դոլարի հետ, առանձնապես չշտապելով կարգավորել վիճակը: Հավանաբար երբ դրամի` բյուջետային կտրվածքով կորուստները մի փոքր լրացրին` «սպեկուլյացիա» բառն արդեն մոտեցավ իր առաջին իմաստին: Համենայն դեպս` այդ իմաստով էին արդեն այդ բառն արտասանում եւ վարչապետը, եւ ԿԲ նախագահը` ուղղելով չգիտես , թե ում: Մի կողմից այս «հնարամտությունը» խփեց հազարավոր քաղաքացիների գրպանին, մյուս կողմից, հավանաբար, մեծ հաշվով կառավարությանը հնարավորություն տվեց դուրս գալ նեղ վիճակից: Օգուտներն ու վնասները` տնտեսական եւ քաղաքական (բարոյական բառը չենք էլ մտածում անգամ օգտագործել) թողնելով հաշվել տնտեսագետներին եւ մեր քաղաքականներին` չենք կարող չնշել, որ հերթական անգամ նեղ վիճակից, թող որ ժամանակավոր, պետությունը դուրս եկավ, մեր հասարակ քաղաքացիների գրպանները թեթեւացնելու միջոցով, ձեռքի հետ էլ հնարավորություն տալով եղբայր գործարարարներին գերշահույթներ ստանալ փող առնել-ծախելուց: Կամ որ ավելի ստույգ է` մեր հասարակ, խուճապային, առանձնապես չապահովված քաղաքացին, իր չմտածված վարքագծով հերթական անգամ փրկեց իշխանությանը` գլխապատառ թանկ դոլար գնելով , որն արդեն այս օրերին կայունացող դրամի պարագայում ավելի էժան հանձնելու է բանկերին` սովորականից ավելի թանկ ապրանքները գնելիս եւս կորուստներ ունենալով: Չգիտենք, թե ինչ է տալու պետությունն այդ քաղաքացուն` նրա չմտածված զոհողության դիմաց, բայց հուսանք` ժամանակավոր կայունություն գոնե չուշացված աշխատավարձերի ու թոշակների տեսքով: Սա դիտարկում է, որի հետ բնականաբար եզր չունեն պաշտոնական բացատրությունները, իսկ մասնագետ վերլուծաբաններն էլ ամենատարբեր գործոնների համադրությամբ կարող են տարբեր կերպ բացատրել վիճակը (այդ բացատրությունների պակասը չկա նաեւ մեր թերթում): Ասել, որ այս բոլորը մեր քաղաքական էլիտան ու դրամ-դոլար տատանման թեմայով արտահերթ նիստ անող Ազգային ժողովի պատգամավորների մեծ մասը չգիտեին, ճիշտ չի լինի: Ճիշտ չի լինի անգամ ասել, որ մեր ոչ իշխանականները դա չէին հասկանում, քանի որ նրանց շարքերում եւս շատ են գործարարները, ովքեր ձեռք տաքացրին այս իրավիճակում: Սակայն բոլորն էլ հանգիստ համաձայնեցին դոլար-դրամ տատանման վերաբերյալ արտահերթ նիստին, որի փակ լինելն անշուշտ հնարավորություն տվել է` անելանելի վիճակից պետության դուրս գալու այս տարբերակի մասին ակնարկներ անել նրանց, ովքեր դեռ չէին հասկացել այս ամենը: Միգուցե իսկապես սա տարբերակ էր Ժամանակ շահելու, առանց շատ մեծ ցնցումների հաղթահարելու ԵՏՄ-ին անդամակցելու առաջին շրջանի անհարմարությունները հատկապես, Ռուսաստանում իշխող անկայուն տնտեսական կացութայն պատճառով մեզ եւս պատած անորոշությունը եւ գարնանը սպասելու, չգիտենք: Ի դեպ, Ռուսաստանում եւս պետության ձեռնակած միջոցառումների շնորհիվ ռուբլին մի փոքր կայունացավ, իսկ ընդհանրապես` Ռուսաստանում այս առթիվ տարբեր վարկածներ կան` ընդհուպ ռուբլու շեշտակի արժեզրկման արհեստծին իրավիճակի վերաբերյալ վարկածի շրջանառումով, հեռուն գնացող նպատակներ մատնանշելով (ասենք` ԵՏՄ-ում միասնական արժույթի առաջարկ հենց ամենասկզբում): Սակայն Հայաստանում դրամ-դոլար ցնցումից տուժած մարդկանց բերանում մնում է դառնահամ` կառավարողներից խաբվելու առումով, գումարած դրամի կայունացումից հետո ելման դիրքեր այլեւս չվերադարձող թանկացումները: Մակրոտնտեսական ցուցանիշների մասին կամ այլ խիստ մասնագիտական տերմինների անիմաստ ճոճումը, որ հատկապես այս երկու օրը տեղի էր ունենում հեռուստաէկրաններին, ոչինչ չէին ասում հասարակ մարդուն, ով ուզում էր վերեւներից լսել հոդաբաշխ բացատրություն, որպեսզի ճիշտ կազմակերպի իր կյանքը: Բայց այդ բացատրություններն ուշացան, ու նա ընկավ խուճապի լարած ցանցը: Իսկ մեր դիտարկումներն ընդամենը հետեւանք են այն բանի, որ հրապարակայնորեն դրամի կայունացման գործիքները կամ հաջորդական քայլերն այդպես էլ չհայտարարվեցին, անգամ ԱԺ փակ նիստի ժամանակ առաջարկված քայլերի մասին հայտնի չդարձավ, իսկ մենք էլ, ուրեմն, իրավունք ունենք մեր սեփական հետեւությունները հրապարակելու: Բացի այդ` եթե քաոս է տիրում ֆինանսական շուկայում, սա արդեն պետության անվտանգության հարց է. եթե, իհարկե, նախապես լավ հաշվարկված եւ կառավարվող գործընթաց չէ տեղի ունեցողը, գոնե ազգային անվտանգության խորհրդի նիստ պե՞տք է հրավիրվի: Իսկ մերոնք Ազգային ժողովի արտահերթ նիստ են հրավիրվում. կարծես Ազգային ժողովը դրամ-դոլար տատանումն արգելող հատուկ օրենք պիտի ընդունի: Հավանաբար` արտահերթ նիստը համընկավ գործընթացի ավարտական փուլի հետ եւ ավելի շատ հոգեբանական շեշտ էր կրում, հավաստիացում էր մարդկանց, թե գործողությունն ավարտվել է: Հետաքրքրական է, թե էլ ի՞նչ պիտի լինի, որ մեր անվտանգության խորհուրդը նիստ գումարի: Բայց ասենք, որ թեեւ այս անգամ ֆինանսական ցնցումից հասարակ մարդիկ մի կերպ դուրս կգան, բայց նոր տատանում խորհուրդ չի տրվում եւ հղի է ժողովրդի զայրույթի ժայթքմամբ, որը կարոող է եւ անկառավարելի լինել, երթուղայինների վարորդների այս օրերի բողոքը ձեզ օրինակ: Այսինքն` գոնե արտաքին գործոնին թույլ չտալ ազդելու դոլարի գնի վրա` այն չհիմնավորված արտահոսեցնելով Հայաստանից: Իսկ ստեղծված իրավիճակի հետեւանքով ծագած հարակից դժգոհությունները դեռ պետք է մարել, աղքատ խավին մի բան հասցնել` անիմաստ շքեղ ամանորյա ախմախությունների փոխարեն: Անհիմն թանկացումները չհանդուրժելու վերաբերյալ սոսկ հայտարարությունները քիչ են, արագ միջոցառումներ են պետք դոլարի` էժան ժամանակով ներկրած շաքարավազի, ալյուրի, ձեթի, ձվի անհիմն թանկացումները կանխելու համար: Եթե խանութներում թանկացումները կանգ առնեն` գուցե ժողովուրդը հաղթահարի նաեւ դրամ-դոլար ցնցակաթվածի պատճառած սթրեսը: Իսկ ընդհանրապես` ամեն ինչ ավելի հեշտ կլիներ, եթե մեր բնակչությունը կայուն իմունիտետ ձեռք բերեր խուճապի վիրուսի հանդեպ: Երբ անտարբեր նայում ես դոլարի ուզած տատանման եւ խանութներն էլ չես նետվում` տուն կրելու ենթադրաբար թանկանալիք ապրանքը, դե թող որքան կուզեն տատանեն, որքան կուզեն թանկացնեն իրենց ձուն: Մի Նոր տարի էլ մի քիչ քիչ կերեք, մի Նոր տարի էլ պարտքով բուդ մի գնեք` այդպես կարգի հրավիրելով մեր խուճապի վրա ձեռք տաքացնողներին: |