ԱՅՍՕՐ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ՉԿԱ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Ի տարբերություն օրաթերթի, առավելեւս օնլայն կայքի, շաբաթաթերթը մի առանձնահատկություն ունի: Եթե, օրինակ, այն հրատարակվում է ուրբաթ օրերին, ինչպես մեր թերթը, ապա որպես կանոն չես անդրադառնում, ենթադրենք, երկուշաբթի օրվա` մանր իրադարձություններին, որոնք կա՛մ անկարեւորությունից, կա՛մ պրիմիտիվությունից, մինչեւ ուրբաթ անհետաքրքիր եւ հնացած են դառնում, անցնում-գնում: Պետք է խոստովանեմ, անցած երեքշաբթի օրը, երբ Հայաստանում բոլորն ասում էին, թե կամ «Մենք բոլորս գրագետ ենք», կամ «Մենք բոլորս Գագիկ Ծառուկյան ենք», ինձ չէր թվում, թե այս թեման անհետաքրքիր կլինի ուրբաթ օրը, առավել եւս, որ հենց այդ օրը` այսօր, նախատեսված էր եռյակի խոշոր եւ համազգային եւ շտապ հանրահավաքը Ազատության հրապարակում: Ավելին, ԱԺ նախագահը պատրաստվում էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով ուղարկել ԲՀԿ առաջնորդի գործը` վերցնելով վերջինիս պատգամավորական մանդատը, հիմք ընդունելով այն փաստը, որ ԱԺ-ի վերջին 145 նիստերից Գագիկ Ծառուկյանը ներկա է եղել միայն 4-ին, այն էլ, որպես կանոն, կեսից գնացել է իր հիմնական աշխատանքին: Հետեւաբար ես հոդված գրեցի, որը սակայն այսօր չի կարող արդիական լինել, հետեւաբար տպվել: Բանն այն է, որ Գագիկ Ծառուկյանը չեղյալ է հայտարարել այսօր նախատեսված հանրահավաքը եւ իր վերջին հայտարարությամբ նշել, որ հարցերը պետք է լուծել խաղաղ, օրինական եւ քաղաքական ճանապարհով, հակառակ պարագայում կարող է լինել արյունահեղություն, ինչից ոչ ոք չի շահի, հատկապես` ժողովուրդը: Անշուշտ ճիշտ մոտեցում է, եթե հարցին նայենք, ինչպես հիմա շատ են ասում` համազգային տեսանկյունից: Բայց զուտ լրագրողական տեսանկյունից, փաստորեն, Հայաստանի երկու խոշոր կուսակցությունների հարաբերությունների լարվածությունը չկարողացավ թեմա դառնալ շաբաթաթերթի համար, որովհետեւ այն ուղղակի կորցրեց արդիականությունը, այսինքն խորը չէր, այսինքն լուրջ չէր, այսինքն շինծու էր, արհեստական... Հիմա սպասենք ՀՀԿ-ի հաջորդ խորհրդի նիստին: Չի բացառվում, որ նախագահ Սարգսյանը հայտարարի, որ ինքը նորից արգելում է տալ Գագիկ Ծառուկյանի մականունը, որից հետո ժպտալով նայի վարչապետ Աբրահամյանին եւ ասի, որ էլ կարիք չկա ուսումնասիրել ԲՀԿ առաջնորդի հարկային պատմությունը, քանի որ այն լեռնային առվակի պես ջինջ է եւ արեւի պես պայծառ: Ապա Գալուստ Սահակյանը հայտարարի, որ ինքը ինչպես հարգելի է ճանաչել պատգամավոր Ծառուկյանի բացակայությունները, այնպես էլ շարունակում է հարգելի ճանաչել դրանք, դե իսկ Արմեն Աշոտյանը, որպես այս պարագայում զուտ կրթության նախարար, «Արմենիա» հեռուստաընկերության եթերում պարզաբանի, որ «դոդ» ասում են մեծ ափսեին, որից հաճախ է կերել Գագիկ Ծառուկյանը մանուկ հասակում, հետեւաբար էլ... Հետեւաբար մենք ոչինչ չենք իմանա, ինչպես միշտ: Մեր երկրում այդպես էլ կիսատ կմնա անգրագիտության դեմ պայքարը, որը չգիտես ինչու իշխանությունը սկսել էր Գագիկ Ծառուկյանից: Նրա` խորհրդարանական դատարկ աթոռը կշարունակի մնալ որպես խիստ եւ մաքուր քաղաքական գործընթացիների եւ իրադրության խորհրդանիշ, իսկ նրա հարկային պատմությունը կշարունակի սովորական մահկանացուների համար լինել ԲՀԿ-ի կուսակցական գաղափարախոսության պես մի բան. ոչ տեսել ենք, ոչ լսել: Չնայած մի կողմից էլ լավ է, որ այսպես եղավ. նախ արյունահեղություն չի լինի, ինչը միշտ լավ է, անկախ նրանից, թե ինչի համար պետք է արյուն թափվի, եւ հետո իմ` ավելի վաղ գրված մեծ հոդվածը չի տպվի, ինչի արդյունքում էլ մեր շաբաթաթերթում ավելի շատ տեղ կհատկացվի` անհամեմատ ավելի հետաքրքրական եւ արդիականությունը չկորցրած թեմաներով հոդվածների համար: Մի լավ բան էլ կա. ինչպես հաղորդում է ոստիկանությունը, ԲՀԿ-ական պատգամավորներից մեկին պատկանող հյուրանոցից բերման են ենթարկվել 4 մարմնավաճառ: Իսկ լավն այն է, որ մեզանում ոչ ոք չասաց` «Այդ 4 մարմնավաճառներից մեկը ես եմ»: Ուրեմն դեռ հույս կա: Այն միշտ կա: |