RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#004, 2015-02-06 > #005, 2015-02-13 > #006, 2015-02-20 > #007, 2015-02-27 > #008, 2015-03-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 20-02-2015



Տեղադրվել է` 2015-02-20 19:09:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1900, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՊԱՊԱՆՁՎԵԼ ՀԱՅ ԳՐԱՆՏԱԿԵՐՆԵՐԸ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Այն, որ իրեն համաշխարհային առաջատար հայտարարած եւ առանց միջազգային հանրության համաձայնության գործելու իրավունք վերապահող ԱՄՆ-ն ավելի ու ավելի անկանխատեսելի ու վտանգավոր է դառնում մնացած աշխարհի համար, կրկին հաստատվում է: Բացառություն չէր ուկրաինական մայդանում բլիթներ հյուրասիրող տիկնոջ` ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նյուլանդի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում մարդասպանության համար դատապարտված ադրբեջանցի դիվերսանտների մասին: Ոչ ավել, ոչ պակաս, Վիկտորիա Նյուլանդը կոչ արեց մարդասիրական ժեստ անել նրանց նկատմամբ եւ վերադարձնել Ադրբեջան, միաժամանակ նշելով, որ նրանք սոսկալի հանցագործություն են կատարել: Մինչ այդ, Բաքվում, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը խոստացել էր բարձրացնել այդ հարցը Հայաստանում: Ու ինչպես տեսանք, անկախ դիվերսանտների կատարած «սոսկալի հանցագործությունից», տիկինը նման պահանջով հանդես եկավ Հայաստանում: Սակայն վրդովեցուցիչը ոչ միայն Նյուլանդի հայտարարությունն էր, որքան դրա արձագանքը կամ գրեթե արձագանքի բացակայությունը Հայաստանում:

Երբ ռուսաստանյան պետական հեռուստաընկերության ղեկավար Դմիտրի Կիսելյովը ասաց, որ Հայաստանում նոր սերունդը լավ չգիտի ռուսերեն, մի այնպիսի հակառուսական հիստերիա բարձրացավ, որ ոչ ոք չհամարձակվեց ասել, որ այդ մարդն ուղղակի լրագրող է եւ, որքան էլ անընդունելի, իր կարծիքն է արտահայտել: Ոճրագործ Պերմյակովի դեպքում այդ հիստերիան հասավ իր գագաթնակետին, երբ արեւմուտքից սնվող գրանտակերները, չարաշահելով Ավետիսյանների ընտանիքի վիշտը, կոչեր էին անում ռուսական ռազմաբազան գրոհել: Այդ ընթացքում նրանք ասես մանրադիտակով փնտրում էին Հայաստանում Ռուսաստանի դեսպանության հայտարարության անհաջող ձեւակերպումները` հերթական ոռնոցը բարձրացնելով դրանց շուրջ: Ի՞նչ եղավ հիմա: Ո՞ւր կորավ այս եռանդը:

Եթե պահանջում ենք Ռուսաստանից Հայաստանի արդարադատությանը հանձնել ոճրագործին, ապա ինչո՞ւ ենք պապանձվել, երբ հայ պատանուն սպանած ադրբեջանցուն ԱՄՆ-ն պահանջում է հանձնել Ադրբեջանին: Ոչ ոք թող չվիճարկի պահանջել բառը, քանի որ ԱՄՆ քաղաքականության մեջ ամեն մի առաջարկ կամ կոչ ոչ այլ ինչ է, քան պահանջ: Ո՞ւր են այն քաղաքագետները, իրավապաշտպանները, լրատվամիջոցները, որոնք ամեն անգամ վայնասուն են բարձրացնում, ճամարտակելով մարդու իրավունքների եւ ազատությունների մասին, երբ ոստիկանությունը փորձում է բացել, այսպես կոչված «ակտիվիստների» փակած որեւէ փողոց: Որտե՞ղ են այդ սաքունցները, բարսեղյանները, դանիելյանները, նավասարդյանները, մելիքյանները եւ մյուսները: Լեզուները կուլ են տվել, թե՞ տեսողությունն են կորցրել:

Դժվար չէ հասկանալ, որ նրանց խնդիրը բացառապես իրենց ֆինանսավորողների` ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի շահերը Հայաստանում սպասարկելն է, թքած ունենալով մեր երկրի շահերի, անվտանգության եւ ապահովության վրա: Չեն կարող հո՞ նրանք իրենց տիրոջից պահանջել ներողություն խնդրել հայտարարության համար: Նրանց հետաքրքիր չէ ոչ Ղարաբաղում սպանված հայ պատանին, ոչ Գյումրիում սպանված ընտանիքը, նրանք անում են միայն այն, ինչ իրենց հրահանգված է: Այդ մարդկանց եւ կազմակերպությունների գործունեությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ:

Ինչ վերաբերում է մայդանի բլիթներով հայտնի դարձած տիկնոջ հայտարարությանը, ապա նրան դիպուկ պատասխանել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը: «Ինչպիսի՞ արձագանք կլիներ ԱՄՆ-ում, եթե նրանց առաջարկեին որպես բարի կամքի դրսեւորում, վերադարձնել բոստոնյան ահաբեկչության հեղինակ Ջոխար Ցարնաեւին»: Ավելացնենք միայն, որ Չեչնիան չէր պահանջի անմեղ մարդկանց արյուն հեղած այդ մարդուն հանձնել իրեն, ի տարբերություն հանցագործներին հերոսացնող Ադրբեջանի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 20-02-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ