RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#004, 2015-02-06 > #005, 2015-02-13 > #006, 2015-02-20 > #007, 2015-02-27 > #008, 2015-03-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 20-02-2015



Տեղադրվել է` 2015-02-20 19:09:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1922, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ՔԱՆԻ ԻԼՀԱՄԸ ՇՈԿԻ ՄԵՋ Է

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Եկեք Բաքուն «բիզիմդիր» անենք

Մինչ Հայաստանում Կարապետյան եղբայրներն ու ՀՅԴ-ն, արյունահեղության հոտ առնելով ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների սրվածությունից, միջնորդում էին, որպեսզի հայաստանյան այդ երկու աշխարհացունց կուսակցությունները հաշտվեն, մինչ Գագիկ Ծառուկյանը տարածում էր իր հայտարարությունը, թե փետրվարի 20-ին Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքը չի կայանալու, քանի որ բոլոր հարցերը պետք է լուծել խաղաղ, օրինական եւ քաղաքական ճանապարհով, եւ վերջապեսՙ մինչ Հայաստանում շատերս հանգիստ շունչ քաշեցինք, որ Ադրբեջանը չի կարողանալու օգտվել մեր ներքին լարվածությունից եւ Ղարաբաղը «բիզիմդիր» անել, Ռամզա Ախմեդով անունով մի տարեց ադրբեջանցի Մոսկվայում հրապարակեց սեփական օրագիրը: Միանգամից ասենք, որ Հեյդար Ալիեւի խորհրդականներից մեկը եղած այս Ախմեդովը իր օրագրում անդրադարձել է Հեյդար Ալիեւի կյանքին, այն էլ` անձնական:

Պարզվում է, հայր Ալիեւը իր կյանքում նախ սիրել է, հետեւաբար` մարդ է, հետեւաբար` Իլհամ Ալիեւը մարդու որդի է, բացի այդ իր ողջ կյանքում Հեյդարը սիրել է միայն մեկ կնոջ, ով ամենեւին էլ Իլհամ Ալիեւի մայրը չէ: Այդ կնոջ անունը Աիդա Իմանգուլիեւա է: Ով չգիտի ասենք, որ նախ սա չիմանալն ամոթ չէ, հետո էլ Աիդա խանըմը Մեհրիբան խանըմի մայրն է, այսինքն` Իլհամ Ալիեւի զոքանչը:

Ամենահետաքրքրականը, սակայն, սա չէ. ըստ Ախմեդովի օրագրի` Աիդա Իմանգուլիեւան եւս սիրել է Հեյդար Ալիեւին, ավելինՙ նրանք ունեցել են դուստր, որին կոչել են Մեհրիբան, որն էլ այսօր Ադրբեջանի առաջին տիկինն է: Ախմեդովը հստակ չի ասում, բայց հասկացնում է, որ Իլհամ Ալիեւն ամուսնացել է հարազատ քրոջ հետ...

Ասեմ, որ այս տեղեկությունը ես կարդացի հայերեն, հայկական լրատվական կայքում: Ավելին, չգիտեմ կայքն ինքն իր կողմից, թե՞ Ախմեդովն ինքն էր հավելել, որ այս պատմության բացահայտումից հետո Իլհամ Ալիեւը շոկի մեջ է, տեղը չի գտնում: Ով լիներ, որ գտներ. այսքան գեղեցիկ եւ հարազատ քո՞ւյր...

Հրապարակումից պարզ չէ, թե որտեղի՞ց գիտենք, որ Ադրբեջանի նախագահը շոկի մեջ է, գուցե ի՞նքն է անձամբ ասել: Հավատում ենք, բայց սա պետք է օգտագործել անպայման: Բերեք, քանի Իլհամը շոկի մեջ է, մտնենք Բաքու... Հա ի՞նչ, մենք, որ շոկի մեջ լինեինք, իրենք չէի՞ն գա: Վաղվանից ուրեմն սկսում ենք Բաքուն «բիզիմդիր» անելու համազգային ծրագրի իրագործումը... Մինչեւ ե՞րբ, մինչեւ զգանք, որ աշխարհը մեզ վրա ծիծաղում է, որովհետեւ մենք ծիծաղելի ենք դառնում, որովհետեւ Իլհամ Ալիեւն ամենեւին էլ շոկի մեջ չէ...

Բայց ինչ լավ կլիներ, եթե լիներ. շուտ եմ ասել` Բաքուն մերը դարձնելուց հետո Կասպից ծովի հենց ափին գտնվող կարմիր կտուրով երկհարկանի տունն իմն է: Ձեռ չտա՛ք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 20-02-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ