RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#004, 2015-02-06 > #005, 2015-02-13 > #006, 2015-02-20 > #007, 2015-02-27 > #008, 2015-03-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 20-02-2015



Տեղադրվել է` 2015-02-20 19:09:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1311, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ԵԳԻՊՏՈՍԸ ՊԱՏԺՈՒՄ Է ԼԻԲԻԱՑԻ ՋԻՀԱԴԻՍՏՆԵՐԻՆ

Պատրաստեցՙ Պ. ՔԵՇԻՇՅԱՆԸ

Անցյալ շաբաթավերջին լիբիացի ջիհադիստների կողմից 21 ղպտի քրիստոնյաների գլխատման տեսաերիզի հրապարակումից ընդամենը մի քանի ժամ անց եգիպտական F-16 ռազմօդանավերը պատժիչ գրոհներ ձեռնարկեցին «Իսլամական պետության» լիբիական մասնաճյուղի «ճամբարների, կուտակման վայրերի եւ զինապահեստների վրա»: Ֆրանսիական «Ֆիգարո» թերթում հրապարակված ականատեսների վկայությունների համաձայն, հարձակումների թիրախ է դարձել ջիհադիստների գլխավոր քաղաք Դերնան, որը գտնվում է մայրաքաղաք Տրիպոլիից 1300 կմ դեպի արեւելք:

Նաեւ հաղորդվում է, որ Եգիպտոսն ակնկալում է Լիբիայի ջիհադիստների դեմ ուղղված միջազգային ռազմական գործողություն, որի համար պահանջվում է ՄԱԿ-ի ԱԽ թույլտվությունը:

Ջիհադիստները հանգիստ չեն տալիս նաեւ Լիբիայի պաշտոնական կառավարությանը, ուստի վերջինիս ռազմօդանավերը եգիպտականների հետ համատեղ մասնակցել են Դերնայի գրոհին, նշում է «Ֆիգարոն»: Ղպտիների սպանության կազմակերպիչը «Իսլամական պետության» լիբիական մասնաճյուղն է, որի 40-50 մարտիկները ոչնչացվել են օդային հարվածների հետեւանքով: Այդ մասին Եգիպտոսի պաշտոնական հեռուստաալիքի եթերում հայտարարել է Լիբիայի օդուժի հրամանատարներից մեկը: Նա ավելացրել է, որ մոտ օրերս կձեռնարկվեն նոր հարվածներ:

Ջիհադիստները եւ Լիբիայի «ինքնիշխանությունը»

2011 թ. ամերիկյան ներխուժումից եւ Քադդաֆիի սպանությունից ի վեր Լիբիան մասնատված է եւ բզկտվում է ներքին կռիվներից: 2014 թ. օգոստոսի վերջերից մայրաքաղաք Տրիպոլին վերահսկում են իսլամիստների խռովարար խմբավորումները, որոնց խորհրդարանիՙ Համազգային կոնգրեսի խոսնակ Օմար Հոմայդանը դատապարտել է Դերնայի վրա եգիպտական եւ լիբիական ռազմօդանավերի ձեռնարկած հարձակումը, այն անվանելով «գրոհ Լիբիայի ինքնիշխանության դեմ»:

Ներկայումս Լիբիան ունի ախոյաններ դարձած երկու խորհրդարան եւ երկու կառավարություն, նշում է «Ֆիգարոն»: Միջազգայնորեն ճանաչված կառավարության ղեկավար Աբդուլլահ ալ Թանին երկրի արեւելքումՙ Թոբրուկում գտնվող իր ռազմակայանից Արեւմուտքին հորդորել է օդային հարվածներ հասցնել իսլամիստներին, որոնք մայրաքաղաքից արտաքսել են օրինական կառավարությանը: «Մեր ձեռքին ունենք հաստատված տեղեկություններ, որ «Ալ Ղաիդան» եւ «Իսլամական պետությունը» ներկա են Տրիպոլիում եւ Բեն Ջավադի մոտակայքում», հայտարարել է վարչապետըՙ վկայակոչելով երկրի կենտրոնում գտնվող եւ «Լիբիայի լուսաբաց» խռովարար խմբավորման ձեռքն անցած այդ քաղաքը: «Ես մեծ տերություններին խնդրեցի գրոհներ ձեռնարկել այդ խմբերի դեմ, քանի որ իսլամիզմի վտանգը կտարածվի եվրոպական երկրներում եւ առաջին հերթին Իտալիայում», հայտարարել է վարչապետը «Ֆիգարոյի» թղթակցին:

Եգիպտոսը իր հերթին «Իսլամական պետությանը» ռմբակոծող Միջազգային կոալիցիայի երկրներին հորդորել է «անհրաժեշտ միջոցները ձեռնարկել Լիբիայի տարածքում աֆրիկյան «Ալ Ղաիդայի» եւ համանման ահաբեկչական կազմակերպությունների դեմն առնելու համար»: Եգիպտոսի եւ Ֆրանսիայի նախագահներ Աբդել Ֆաթթահ ալ Սիսին եւ Ֆրանսուա Օլանդը միաժամանակ ՄԱԿ-ին կոչ են արել Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել «Իսլամական պետության» դեմ ուղղված «նոր միջոցներ» ձեռնարկելու նպատակով:

Քաթարն ու Թուրքիան լուռ են

«Ալ Ղաիդայի» աֆրիկյան մասնաճյուղին հարվածելու հարցում Եգիպտոսին եռանդագին աջակցում է Պարսից ծոցի գլխավոր ներդնողներից մեկըՙ ԱՄԷ-ն, որն անցյալ տարվա ամռանը եգիպտական տարածքից օդային հարվածներ հասցրեց Լիբիային: Վերջին ամիսներին լիբիական քաոսը տագնապ է պատճառում ԱՄԷ-ին: Այդ երկրի ղեկավարներից մեկը շաբաթներ առաջ «Ֆիգարոյին» տված հարցազրույցում ընդգծել էր Լիբիային հարվածելու կարեւորությունը: Սակայն հակալիբիական նոր ճակատ ձեւավորելու ջանքերը բախվում են տարածաշրջանի որոշ երկրների, մանավանդ Քաթարի եւ Թուրքիայի դժկամությանը եւ նույնիսկ ընդդիմությանը: Այդ երկու երկրներն օժանդակում են Լիբիայի իսլամիստական խմբերին, ինչպես որ փոքր-ինչ քողարկված ձեւով աջակցում են «Իսլամական պետությանը»: ԱՄԷ-ի պաշտոնյաներից մեկը «Ֆիգարոյին» տված հարցազրույցում ասել է. «Մենք գիտենք, որ օդային ճանապարհով Թուրքիա են հասցվում վիրավոր իսլամիստներ, որոնք բուժվում են թուրքական հիվանդանոցներում»: Պաշտոնյան նաեւ դատապարտել է Մեծ Բրիտանիային, որը «չափազանց զիջողամիտ է» Լիբիայում գործող «Մուսուլման եղբայրների» հանդեպ: Լիբիայի հարավում եւս գործում են ջիհադիստներ, եւ դա մտահոգում է հարեւան Չադին, ինչպես նաեւ եվրոպական պետություններին: Չադի որոշ մասերում արդեն տեղաբաշխված են ամերիկյան եւ ֆրանսիական հատուկ ուժեր, սակայն Լիբիայում ջիհադիստների դեմ պատերազմելու համար ամերիկացիները փնտրում են հավելյալ դաշնակիցներ: Գերմանացիներն ու բրիտանացիները գրեթե չեն արձագանքում: Առ այսօր կոալիցիային միանալու պատրաստակամություն են հայտնել Սաուդյան Արաբիան եւ Քուվեյթը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 20-02-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ