ՈՐՔԱ՞Ն ՀԱՐԿԵՐ ԵՆ ՎՃԱՐԵԼ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅՏՆԻ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Սկսեցինք «չնկատել» Գագիկ Ծառուկյանի չվճարած միլիարդները, հենց որ դա «նկատեց» նախագահը Քաղաքակիրթ աշխարհում հարկերից խուսափելը համարվում է ամենադատապարտելի հանցագործություններից մեկը, իսկ նման կերպ վարվող գործարարի կամ ընկերության վարկանիշը լրջորեն իջնում է` դրանից բխող բացասական հետեւանքներով: Հայաստանում թեեւ ավելի քան 10 տարի է, ինչ հարկային ծառայության կողմից հրապարակվում է խոշոր հարկատուների ցանկը, բայց վերոնշյալ մտածելակերպը մեզանում դեռեւս չի արմատավորվել: Այդուհանդերձ, խոշոր հարկատուների ցանկի հրապարակումը հնարավորություն է տալիս յուրաքանչյուրիս հավաստիանալ, թե որքանո՞վ են ճիշտ կամ սխալ այս կամ այն խոշոր գործարարի վճարած հարկերի մասին տարբեր տեղերից եւ տարբեր նպատակներով հնչող հայտարարությունները, այսինքն` տարբերել սուտը կամ շահարկումները իրականությունից: Երկու իրարամերժ հայտարարություններ` Գագիկ Ծառուկյանի հարկային պարտավորությունների վերաբերյալ «ԱԶԳ»-ում մշտապես անդրադարձել ենք` նախկինում 300, հիմա 1000 խոշոր հարկատուների ցանկին, մատնանշել այդ ցանկում ընդգրկված կազմակերպությունների վճարած հարկերի անհասկանալի չափերը նրանց իրական շրջանառության հետ, ներկայացրել թե ո՞ր խոշոր գործարարներին են պատկանում առավել ստվերայնություն ունեցող ընկերությունները: 2014 թ.-ի խոշոր հարկատուների ցանկից ներկայացրել ենք առաջին տասնյակում գտնվողների անվանումները եւ նրանց վճարած հարկային մեծությունները: Սակայն անցնող շաբաթվա քաղաքական իրադարձությունները ստիպեցին մեզ հերթական անգամ անդրադառնալու խոշոր հարկատուների ցանկին: Ի դեպ, ցանկի մանրամասներին յուրաքանչյուրը կարող է տեղեկանալ ֆինանսների նախարարության հարկային ծառայության կայքում: Այսպիսով, անցնող շաբաթվա ընթացքում երկու հակասական հայտարարություն հնչեց: Առաջինը երկրի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, այն մասին, որ Գագիկ Ծառուկյանը խուսափում է միլիարդավոր դրամների հարկերի վճարումից, երկրորդը նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կողմից, որ Գագիկ Ծառուկյանը` իր բոլոր ընկերությունների վճարած հարկերի ընդհանուր ցուցանիշով առաջինն է: Այն, որ Գագիկ Ծառուկյանը մշտապես առաջինն է եղել ամենամեծ ստվերային շրջանառություն ունեցող գործարարների թվում, բազմիցս ենք նշել: Պարզապես այն ժամանակ ԲՀԿ-ն կոալիցիոն գործընկեր էր, մաս էր կազմում իշխանության եւ նման հրապարակումները իշխանությունների կողմից անարձագանք էին մնում: Այժմ ըստ էության: Ներկայացնենք մի քանի` հանրությանն առավել հայտնի խոշոր գործարարների վճարած հարկերի ցուցանիշները` ըստ խոշոր հարկատուների ցանկում ներկայացված նրանց ընկերությունների: Ո՞վ որքա՞ն է վճարել Այսպիսով, Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններից ամենախոշոր հարկատուն 20-րդ տեղում գտնվող «Օնիրա քլաբ» խաղատնային համալիրն է, որն անցյալ տարի վճարել է 4,7 մլրդ դրամ հարկ: Այնուհետեւ գալիս են 104-րդ տեղում գտնվող «Արարատցեմենտ»` 1,2 մլրդ դրամ վճարած հարկերով, 115-րդ տեղ` «Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը»` 1,1 մլրդ դրամ վճարած հարկերով, 129-րդ տեղում գտնվող «Ար-Բե հայ-բելառուսական առեւտրի տունը»` 967 մլն դրամ վճարած հարկերով: Գագիկ Ծառուկյանին պատկանող մյուս 4 ընկերությունները` «Մուլտի-լեոնը», «Կոտայք գարեջրի գործարանը», «Ավիասերվիսը», «Մուլտի գազը» առաջին 300 հարկատուներից ներքեւ են գտնվում եւ միասին վերցրած վճարել են մոտ 1 մլրդ դրամ հարկեր ամբողջ տարվա ընթացքում: Եթե ընդհանրացնենք Հայաստանի ամենահարուստ օլիգարխին պատկանող վերոնշյալ ընկերությունների կողմից վճարված հարկերի ամբողջ գումարը 2014 թ-ին, ապա այն կկազմի մոտ 9 մլրդ դրամ: Հանրության կողմից հանրաճանաչ մյուս օլիգարխի` Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Գրիգ» ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում 3-րդն է` «Գազպրոմ Արեմնիայից» եւ «Ղ-Տելեկոմից» հետո, վճարելով 21,5 մլրդ դրամ հարկ: Նրան պատկանող մյուս ընկերությունը` «Նատալի Ֆարմը», 34-րդ տեղում է 3,4 մլրդ դրամ վճարած հարկերով: Այսինքն, այս խոշոր գործարարի` մեզ հայտնի միայն այս երկու ընկերությունները միասին վերցրած վճարել են գրեթե 25 մլրդ դրամ հարկեր, ինչը մոտ 2,8 անգամ ավելի է Գագիկ Ծառուկյանի վճարած հարկերից: Բնականաբար, հեռու ենք այն մտքից, որ Սամվել Ալեքսանյանը կամ մյուս խոշոր գործարարները ստվերային շրջանառություն չունեն, բայց փաստերը համառորեն մատնացույց են անում հարկեր վճարելուց ամենից շատ խուսափողին: Հրանտ Վարդանյանի հիմնադրած եւ նրա որդիներին պատկանող «Գրանդ հոլդինգի» ընկերությունների վճարած հարկային մեծություններն ավելի տպավորիչ են: Խոշոր հարկատուների ցանկի 8-րդ տեղում գտնվող «Գրանդ-Տոբակոն» վճարել է 10,4 մլրդ դրամ հարկ, 15-րդ տեղում գտնվող «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը»` 5,8 մլրդ դրամ, 33-րդ տեղում գտնվող «Գրանդ Քենդին»` 3,5 մլրդ դրամ, 72-րդ տեղում գտնվող «Գրանդ Մաստերը»` 1,8 մլրդ դրամ, 109-րդ տեղում գտնվող «Մասիս Տոբակոն»` 1,2 մլրդ դրամ եւ 209-րդ տեղում գտնվող «Գրանդ Թրեյդը»` 553 մլն դրամ: Այսպիսով, Վարդանյաննների ընտանիքին պատկանող այս 6 ընկերությունները միասին վերցրած վճարել են մոտ 23 մլրդ դրամ, ինչը Գագիկ Ծառուկյանի ընկերությունների վճարած հարկերը գերազանցում է մոտ 2,5 անգամ: Նկատի ունենալով, որ Բարսեղ Բեգլարյանը նշվում է որպես Սերժ Սարգսյանի շրջապատի անձնավորություն, անդրադառնանք նաեւ նրա ընկերությունների վճարած հարկերին: Խոշոր հարկատուների ցանկում վառելիք ներմուծող «Ֆլեշ» ընկերությունը 7-րդն է` 11,9 մլրդ դրամ, իսկ «Արարատբանկը», որի հիմնական բաժնետերերից է Բարսեղ Բեգլարյանը` 80-րդ տեղում է` 1,6 մլրդ դրամ վճարած հարկերով: Միասին վերցրած այս երկու ընկերությունների վճարած հարկերը կազմել են 13,5 մլրդ դրամ: Նկատենք, որ վառելիքի ներմուծման դեպքում գործում է ակցիզային հարկով հարկման դաշտը, իսկ բանկային համակարգն ավելի թափանցիկ հարկման դաշտ ունի: Ի դեպ, եւս մեկ հետարքրական փաստ` վառելիք ներմուծող մյուս խոշոր ընկերությունը` «Սի Թի Էս քորփորեյշնը», որը պատկանում է` Հարութ Փամբուկյանին, վճարել է 9,6 մլրդ դրամ: Այսինքն, այնքան եւ անգամ փոքր ինչ ավելի շատ, քան Գագիկ Ծառուկյանի բոլոր ընկերությունները միասին վերցրած: Խոշոր հարկատուների ցանկին անդրադառնալով, մշտապես նշել ենք, որ հարկերից առավել խուսափող մյուս խոշոր գործարարը Միխայիլ Բաղդասարովն է: Այն, որ դա իրականում այդպես էր, վկայում են անցյալ տարվա ցանկի հրապարակած ցուցանիշները: Այսպես, սնանկացած «Արմավիա» ավիաընկերությունը զբաղեցնում է 11-րդ տեղը` 7,1 մլրդ դրամ վճարած հարկերով: Հիշեցնենք, որ այս ընկերությունը մշտապես համեստ ցուցանիշներ էր զբաղեցնում խոշոր հարկատուների ցանկում` վճարելով մի քանի հարյուր միլիոն դրամ: Նույնը պետք է ասել նաեւ «Միկա ցեմենտի» մասին: 7,1 մլրդ դրամը այն պարտքերն են, որ «Արմավիան» կուտակել է պետական բյուջեին անցած տարիների ընթացքում: Իսկ վերոնշյալ գործարարին պատկանող «Միկա Քորփորեյշնը» 2014-ին զբաղեցրել է խոշոր հարկատուների ցանկի 71-րդ տեղ` 1,8 մլրդ դրամ վճարած հարկերով: Միխայիլ Բաղդասարովի չվճարած հարկային պարտավորությունների դիմաց բռնագրավվում եւ վաճառքի է հանվում նրան պատկանող անշարժ գույքը: Սակայն, դժբախտաբար, դա մի տեսակ աննկատ է մնում հանրության ուշադրությունից եւ, բարեբախտաբար, ներքաղաքական ցնցումներ չի առաջացնում: Որպես ամփոփում, հարկ ենք համարում նշել, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունները Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ ոչ մի նորություն չէին պարունակում: Նորությունը միայն այն էր, որ դա ասվում էր երկրի նախագահի կողմից: Մյուս կողմից էլ, դրանց հավաստիությունն ապացուցվում է թե՛ նրա ընկերությունների իրական շրջանառությունից եւ դրա համեմատ վճարած չնչին հարկերից, թե՛ հարյուրների հասնող թիկնապահներից, թե՛ Հայաստանում իր տեսակով եւ արժողությամբ նմանը չունեցող առանձնատներից, թե՛ կուսակցության ստեղծման եւ պահպանման փաստից: Պարզապես հանրության մի մասը սկսում է այս ամենը «չնկատել» սկսած այն պահից, երբ դա «նկատեց» երկրի նախագահը: Դատելով իրադարձությունների զարգացումից, դեռ հարց է, թե նախագահը կշարունակի՞ վերոնշյալ օլիգարխից պահանջել վճարել միլիարդներ կազմող թաքցրած հարկերը: Սակայն, երբ իշխանությունը, անկախ դրա քաղաքական ենթատեքստից, սկսում է քայլեր անել, որոնք նա պարտավոր էր անել բնակչության եւ պետական ընդհանուր շահի համար, որոնք չանելու համար նրան քննադատում էին, շատերը սկսում են քննադատել իշխանությանը` հիմա էլ իր պարտականությունը կատարելու համար: Մեր հասարակության մեջ առկա մեծագույն անոմալիաներից մեկը... Խմբ. կողմից.- Բոլոր պարագաներում, անհետաձգելիորեն անհրաժեշտ է, որ պետական համապատասխան մարմինները հետեւողականորեն ձեռնարկեն ոչ միայն Գագիկ Ծառուկյանի, այլեւ բոլոր, կրկնում ենքՙ բոլոր օլիգարխների եւ օլիգարխիկների հարկային պարտավորությունների մանրակրկիտ քննությունը, որքան էլ որ դա ցավոտ լինի ենթակաների եւ, կարճ ժամանակով, տնտեսության համար: |