RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#004, 2015-02-06 > #005, 2015-02-13 > #006, 2015-02-20 > #007, 2015-02-27 > #008, 2015-03-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 20-02-2015



Տեղադրվել է` 2015-02-20 19:09:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1773, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՆԽՈՆՋ ՄՇԱԿԸ

ՀՐԱՆՈՒՇ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Գեւորգ Պարիսի ծննդյան 115-ամյակի առթիվ

Գեւորգ Հակոբի Պարիսը ծնվել է (01.01.1901-17.10.1958) Վանում, արհեստավորի ընտանիքում: Մեծ եղեռնից մազապուրծ պատանին հայտնվել է Երեւանում եւ շունչ առել մանկատանը:

Երբ է դարձել Պարիս եւ ինչո՞ւ: Ոչ ոք չի հիշում: Գուցե այդ գրական կեղծանունը ընդունել է դեռեւս դպրոցական տարիներին, երբ խմբագրում էր «Արծիվ Վասպուրականի» աշակերտական խմորատիպ թերթը, գուցե եւ համալսարանի առաջին կուրսում, երբ սերտորեն շփվում էր գրական շրջանների հետ, մասնակցում պրոլետգրողների ասոցիացիայի հիմնադրմանը

Փաստն այն է, որ նա ճանաչման եւ հարգանքի արժանացավ Պարիս անունով։ Միշտ բարձր պահեց մտավորական մարդու կոչումը եւ այդպես մնաց հայ մշակույթի պատմության մեջ:

Գ. Պարիսը 1926 թ-ին. ավարտել է Երեւանի պետական համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետը, տնտեսագետի մասնագիտությամբ: Սակայն նրա կոչումը հայագիտությունն էր, հայոց լեզուն, որին եւ նվիրեց իր ողջ գիտակցական կյանքը:

Պրպտող, սուր մտքի տեր էր ու նախաձեռնող։ Իզուր չէր, որ դեռեւս առաջին կուրսի ուսանողՙ նա ընտրվեց (1922թ. դեկտեմբերի 24-ին) հենց նոր հիմնադրված Հայաստանի պրոլետարական գրողների ասոցիացիայի ընդամենը երեք հոգուց բաղկացած գործադիր մարմնի կազմում (Ա. Վշտունի, Գ. Պարիս, Ե. Դանչո): Զարգացած մարդ էր: Գիտեր օտար լեզուներՙ ռուսերեն, ադրբեջաներեն, քրդերեն: Կարող էր կարդալ եւ բացատրվել ֆրանսերենով ու գերմաներենով: Այս ամուր հիմքի վրա է խարսխված Պարիսի թարգմանչական եւ գիտահետազոտական ու խմորագրական աշխատանքները: Նա մեծ հեղինակություն էր վայելում գրական, կրթական ոլորտներում: Քանզի ինչի էլ որ ձեռնամուխ էր լինում, անում էր գործասիրությամբ, սիրով եւ անմնացորդ նվիրումով: Հրատարակչական գործի հմուտ կազմակերպիչ էր, փնտրված խմբագիր, թարգմանիչ, բառարանագիր: Նրա մայրենի լեզվի ընթերցարանները (2-րդ դասարանի համար 1947 թ., 3-րդ դասարանի համարՙ 1948 թ.) նյութի խորիմացության ու մանկավարժական հասուն մտքի միաձուլման արգասիք էին:

Մեր բառարանագրական դարավոր ավանդույթի մեջ նորություն էր Պարիսի կազմած «Պոլիգրաֆիական եւ հրատարակչական տերմինների ռուս-հայերեն համառոտ բացատրական բառարանը» (Երեւան 1953 թ.) եւ ռուսերենից թարգմանված «Գրականագիտական տերմինների համառոտ բառարանը» (Երեւան 1967 թ.):

Արարատ Ղարիբյանի հեղինակությամբ կազմված նրա «Դպրոցական ուղղագրական բառարանները», ինչպես նաեւ «Հայոց լեզվի քերականության, ուղղագրության եւ կետադրության ուղեցույցը» սերունդներ են դաստիարակել, նպաստել մեր լեզվի հարստության յուրացմանը:

Նրա դպրոցական ողղագրական բառարանները սեղանի գիրք էին դարձել նաեւ մտավորականության համար:

Գ. Պարիս հայագետի կյանքին ու գործունեությանը գնահատական է տվել ականավոր լեզվաբան, Հայաստանի գիտուրյունների ակադեմիայի ակադեմիկոս, հանգուցյալ Արարատ Ղարիբյանը «Գեւորգ Պարիսին ճանաչում եմ 20-ականից, սակայն աշխատակցել եմ 1953 թվականից: Ծանոթ լինելով նրա գործունեությանը, եկել եմ այն համոզման, որ նա իր հայրենիքին, ժողովրդին նվիրված է եղել իր բոլոր կարողություններով: Բացի պաշտոնական աշխատանքից, նա հետազոտել եւ իր հետազոտություններով մեծապես նպաստել հայոց լեզվի, նրա քերականության եւ ողղագրության ժողովրդականացման գործին: Կազմել է տպագրական արտադրության տերմինների ռուս-հայերեն առաջին բառարանը: Ինձ հետ մասնակցել է «Հայոց լեզվի քերականության, ուղղագրության ծավալուն ուղեցույց, հայերեն ուղղագրական բառարան»-ի ստեղծմանը: Պարգեւներ ու վաստակներ չուներ, կոչումներ եւ գիտական վաստակներ չէր ստացել, բայց մեծ էր նրա վաստակը գիտության եւ մշակույթի ոլորտներում »: Վերը նշվածին ավելացնենք եւս երկու խոսուն փաստ: 1930 թ. նա մեծ ջանքեր գործադրեց քրդական «Ռիա թազա» թերթի ստեղծման գործում եւ Հրաչյա Քոչարի ու Հարություն Մկրտչյանի հետ դարձավ այդ թերթի առաջին խմբագիրներից մեկը («ԽՏՎՎցվՌրՑ», Երեւան, 1990 թ. 7-ը ապրիլի, էջ 1):

Հայրենական Մեծ պատերազմի տարիներին նա մեկնեց ռազմաճակատ իր ուժերի ներածին չափ պաշտպանելու հայոց հողը, հայ գիրն ու մշակույթը Այսպիսին էր Գեւորգ Պարիսը:

Ցավով նկատենք, որ իր կենդանության օրոք ըստ արժանվույն չգնահատվեց բարձր գնահատականների արժանի հայագիտության այդ նվիրյալի վաստակը: Թեեւ իրեն ճանաչողների շրջանում նա վայելում էր ե՛ւ հարգանք, ե՛ւ սեր: Ասվածը հաստատելու համար վկայակոչենք գրական շրջաններում դեռեւս անհայտ երկու փաստաթուղթ, գրված Պարիսի մահից անմիջապես հետո, աշակերտական վանդակավոր տետրակից պոկված թերթիկների վրա: Դրանք ժամանակից դեղնել ու խունացել են, բայց պահպանում են մարդկային հոգիների ջերմությունն ու ասելիքի թարմությունը, բացում Պարիս երեւույթի մեզ անհայտ ծալքերը: Այդ գրությունների հրապարակումով էլ վերջացնենք մեր խոսքը, ձայնը տանք Ն. Զարյանին ու Գ. Մահարուն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 20-02-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ