ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ՈԽԵՐԻՄ ԹՇՆԱՄԻ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ, ԲԱՅՑ ՍԱՐՍԱՓՈՒՄ ԵՆ «ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ» Պ. Ք. Փետրվարի 8-11-ը «Գելապ» հաստատության անցկացրած հարցման արդյունքների համաձայն, ԱՄՆ-ում Ուկրաինայի դեպքերի պաշտոնական մեկնաբանությունն ազդել է հանրային կարծիքի վրա: Եթե 2014 թ. ամերիկացիները ոխերիմ թշնամի համարում էին ԿԺԴՀ-ին, ապա այժմ նրան փոխարինում է Ռուսաստանը: Ներկայումս ամերիկացիների 18 տոկոսը ԱՄՆ-ի ոխերիմ թշնամի համարում է Ռուսաստանին, 15 տոկոսըՙ ԿԺԴՀ-ին, 12 տոկոսըՙ ՉԺՀ-ին, 9 տոկոսըՙ Իրանին: 2012 թ. եւ 2014 թ. անցկացված հարցումների համաձայն, Ռուսաստանի ցուցանիշները եղել էին համապատասխանաբար 2 եւ 9 տոկոս, ԿԺԴՀ-ինըՙ 10 եւ 16 տոկոս, ՉԺՀ-ինըՙ 23 եւ 20 տոկոս, Իրանինըՙ 32 եւ 16 տոկոս: Եթե մեկ տարի առաջ ՌԴ ռազմական զորությունը ԱՄՆ-ի համար «օրհասական վտանգ» էր համարում ամերիկացիների 32 տոկոսը, ապա այժմ նույն կարծիքին է 49 տոկոսը: Ռուսաստանը վտանգավոր չհամարողների բաժինը համապատասխանաբար 17-ից իջել է 7 տոկոսի: Չնայած այս ամենին, ամերիկացիներին իրենց համար գլխավոր սպառնալիքներ են համարում «Իսլամական պետությունը» եւ միջազգային ահաբեկչությունը (84-ական տոկոս), ինչպես նաեւ Իրանում միջուկային զենքի մշակումը (77 տոկոս) եւ ԿԺԴՀ ռազմական զորությունը (64 տոկոս): Ռուսաստանի հանդեպ ամերիկացիների վերաբերմունքն այժմ վատթարագույնն է վերջին 26 տարում: Ռուսաստանին դրական գնահատական է տալիս հարցման մասնակիցների 24 տոկոսը, մինչդեռ 70 տոկոսը բացասաբար է վերաբերվում: Ընդամենը 3 տարի առաջ ամերիկացիների մեծ մասը դրականորեն էր վերաբերվում Ռուսաստանին: Նախագահ Պուտինին դրական գնահատական է տալիս հարցման մասնակիցների 13 տոկոսը, բացասականՙ 72 տոկոսը: «Գելապ» հաստատությունը վերոհիշյալ տվյալները համեմատել է ռուսաստանցիների շրջանում 2014 թ. ապրիլ-հունիսին անցկացված հետազոտության տվյալների հետ: Վերջիններիս համաձայն, հարցման մասնակիցների միայն 4 տոկոսն է հավանություն տվել ԱՄՆ ղեկավարության քաղաքականությանը, մինչդեռ 82 տոկոսը բացասաբար է արտահայտվել: 2015 թ. հունվարին Ռուսաստանում «Լեւադա-կենտրոնի» անցկացրած հարցման համաձայն, ռուսաստանցիների 2 տոկոսը ԱՄՆ-ին վերաբերվում է շատ լավ, 11 տոկոսըՙ հիմնականում լավ, 39 տոկոսըՙ շատ վատ եւ 42 տոկոսըՙ հիմնականում վատ: Հարցման մասնակիցների 42 տոկոսը ռուս-ամերիկյան հարաբերությունները համարում է թշնամական, 37 տոկոսըՙ լարված, եւ միայն 4 տոկոսն է դրանք համարում բնականոն, բարիդրացիական կամ բարեկամական: |