ՀԱՅ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԴՊՐՈՑԻ ՆՎԻՐՅԱԼԸ Ռոմա ԴԱԼԼԱՔՅԱՆ Ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանի ծննդյան 90-ամյակի առթիվ Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Սերգեյ Գյանջումի Աբրահամյանն իր կյանքի հասուն տարիների բեղմնավոր գործունեությունն անմնացորդ նվիրաբերեց հայ լեզվաբանությանն ու դպրոցինՙ դառնալով այդ ազգապահպան ոլորտների ականավոր դեմքերից մեկը: Նրա էության մեջ բնականորեն զուգակցված էին մարդը, քաղաքացին, գիտնականը, մանկավարժըՙ այդ բառերի տարողունակ իմաստներով ու բովանդակությամբ: Նա արտակարգ համեստ էր ու ազնիվ եւ ամրորեն կառչած էր հայոց գենային արմատներինՙ միշտ հարազատ մնալով ազգային մտածողությանն ու ինքնությանը, հայրենի երկրին ու ժողովրդին: Եվ իրոք, հայրենի եզերքից են սկսվել Ս. Աբրահամյանի կերպարի ձեւավորումն ու զարգացումը: Ահա թե ինչու մի առիթով նա գրել է. «Իմ ծննդավայրըՙ Արցախը, Տումին, սոսկ վայր չէ, որտեղ ծնվել եմ, այլ իմ կյանքի ճանապարհի, այդ ճանապարհն անցնելու կերպի սկիզբը, իմ էությունը ծնող ու սնող ակունք»: Եվ իսկապես, իմ համառոտ բնութագրումները, մեջբերված խոսքը Սերգեյ Աբրահամյանի կերպարի բնորոշ բաղադրիչներից են: Սերգեյ Աբրահամյանը ծնվել է 1925 թ. փետրվարի 14-ին Արցախի Հադրութի շրջանի Տումի գյուղում: 1942 թ. ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը: 1942 թ. զորակոչվել է խորհրդային բանակ, մասնակցել Հայրենական պատերազմին, վիրավորվել: 1950 թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական բաժինը: 1952-1953 թթ. դասախոսել է Երեւանի պետական համալսարանում: 1953 թ. շնորհվել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, իսկ 1966 թվականինՙ բանասիրական գիտությունների դոկտորի: 1996 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս: 1953 թ. մինչեւ կյանքի վերջը աշխատել է ՀՍՍՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում, սկզբումՙ որպես գիտաշխատակցի պաշտոնակատար, 1956-իցՙ ավագ գիտաշխատակից, 1959 թվականից մինչեւ կյանքի վերջըՙ ժամանակակից հայերենի բաժնի վարիչ: Ս. Աբրահամյանը 1962 թվականից անդամ է եղել Հայաստանի կառավարությանն առընթեր տերմինաբանական կոմիտեի, իսկ 1992 թվականիցՙ ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության հայերենի բարձրագույն խորհրդի: 1968-1973 թթ. համատեղությամբ աշխատել է ՀՍՍՀ Լուսավորության մինիստրության մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտում որպես հայոց լեզվի եւ գրականության բաժնի վարիչ: Ակադեմիկոս Ս. Աբրահամյանը բազմաթիվ մենագրությունների, գիտական հոդվածների, դասագրքերի, ձեռնարկների եւ այլ բնույթի աշխատությունների հեղինակ է: Նրա «Արդի հայերենի դերանունները», «Ժամանակակից հայերենի չթեքվող խոսքի մասերը», «Ժամանակակից հայերենի շարահյուսության հարցեր», «Չթեքվող խոսքի մասերը եւ նրանց բառական ու քերականական հատկանիշների փոխհարաբերությունը ժամանակակից հայերենում», «Ժամանակակից հայերենի քերականություն», «Ժամանակակից գրական հայերեն», «Հայերենի կետադրություն» եւ այլ աշխատությունները հայ լեզվաբանական գրականության մնայուն արժեքներից են: Դրանք ունեն գիտական նորարարական, ուսուցողական անգնահատելի առանձնահատկություններ ու արժանիքներ: Սերգեյ Աբրահամյանը նորովի է անդրադարձել հայոց լեզվի եւ մանավանդ նրա քերականական կառուցվածքի բազմաթիվ ըմբռնումների: Հայերենի խոսքի մասերի հետազոտությունն ինքնատիպ արժեք է ստանում հայոց լեզվի ձեւաբանության համակարգում: Նրա «Չթեքվող խոսքի մասերը եւ նրանց բառական ու քերականական հատկանիշների փոխհարաբերությունը ժամանակակից հայերենում» (1965 թ.) խորագիրը կրող ուշագրավ մենագրության մեջ ճշտված է խոսքի մասերի ամբողջ համակարգի պատկերը, գիտականորեն բացահայտված են նրանց միջեւ եղած անմիջական եւ միջնորդական հակադրությունները, յուրաքանչյուր խոսքի մասի իսկական էությունը: Խոսքի մասերը դասակարգվում են իրենց բնորոշ հատկանիշներով ու առանձնահատկություններով: «Վերաբերականներ կամ եղանակավորող բառեր» խոսքի մասին անդրադարձել են առանձին լեզվաբաններ: Բայց Ս. Աբրահամյանի փաստարկված ուսումնասիրությունից հետո է այդ խոսքի մասն ընդունվել հայ քերականագիտության մեջ եւ մտել դպրոցական ու բուհական դասընթացները: Ս. Աբրահամյանը մանրամասնորեն հետազոտել է հայերենի գրեթե բոլոր խոսքի մասերը: Բայց, բացի «վերաբերականներ» խոսքի մասից, որի մասին թռուցիկ նշվեց վերը, նա մանրակրկիտ ուսումնասիրել է «Դերանուն» խոսքի մասը (տե՛ս «Արդի հայերենի դերանունները» խորագիրը կրող մենագրությունը, 1956 թ.) եւ բացահայտել դերանվան ձեւաբանական, շարահյուսական առանձնահատկությունները, առաջին անգամ առարկայացված անդրադարձել դերանունների լեզվաոճական կիրառություններին, նրանց կազմությանն ու բառակազմական նշանակությանը: Իհարկե, շարադրվածով չեն սպառվում այն արժեքավոր եւ ուսանելի ներդրումները, որ կատարել է ականավոր գիտնականը ժամանակակից հայերենի ձեւաբանական համակարգում: Ս. Աբրահամյանը մեծարժեք ներդրումներ ունի նաեւ արդի հայերենի շարահյուսության կառուցվածքի հետազոտության ոլորտում: Նա, օրինակ, արդի հայերենի շարահյուսական համակարգը համալրել է մի նոր բաժնով, որ կոչվում է «Նախադասությունների կապակցություն»: Այս բաժնում նա հանգամանորեն քննարկել է վերջակիտված նախադասությունների կապակցման ձեւերն ու միջոցները, այսինքնՙ խոսքի կառուցվածքը: Արդի հայերենի ոճաբանության, բառագիտության, բառարանագրության, ուղղագրության, կետադրության համակարգերում զգալի են անվանի լեզվաբանի ներդրումները: Չափազանց մեծ է Ս. Աբրահամյանի վաստակը դպրոցական եւ բուհական դասագրքեր, ձեռնարկներ կազմելու խնդրում: Նրա «Ժամանակակից հայերենի քերականություն» (1975 թ.), «Ժամանակակից հայոց լեզու» (հեղինակակցությամբ, 1976 թ.), «Ժամանակակից գրական հայերեն» (1981 թ.), «Հայոց լեզու. բառ եւ խոսք» (1978 թ.), «Հայերեն լեզուի դասագիրք» (սփյուռքահայ դպրոցների միջին եւ բարձր դասարանների համար, Բ. Վերդյանի եւ Վ. Քոսյանի հեղինակակցությամբ, 1968 թ.), «Հայոց լեզու: Շարահյուսություն» (7-րդ, 8-րդ դասարանների համար, 1984 թ., 1985 թ., 1997 թ.) գրքերը, որ մեծ դեր են կատարել հայ սերունդների ուսումնառության, հայեցի կրթության ճանապարհին, այսօր էլ պահպանում են իրենց արժեքն ու նշանակությունը: Ս. Աբրահամյանը մի շարք գրքերով (օրինակՙ «Աշակերտի խոսքի զարգացումը» (1973 թ.), «Մեր լեզուն եւ մեր դպրոցը» (2001 թ.) եւ ամսագրային ու թերթային բազմաթիվ հրապարակումներով զգալի չափով հարստացրեց հայոց լեզվի ուսուցման մեթոդիկայի գիտամանկավարժական համակարգը: Ս. Աբրահամյանը գնահատելի ծառայություններ ունի նաեւ գիտական կադրերի պատրաստման բնագավառում: Նա ղեկավարել է բազմաթիվ ասպիրանտների եւ հայցորդիների, ընդդիմախոսել շատ թեկնածուական եւ դոկտորական ատենախոսություններ: Խմբագրել է մեծաթիվ գրքեր, բառարաններ: Թերթային մի հոդվածում դժվար է ներկայացնել նշանավոր գիտնականի ու մանկավարժի ամբողջական գործունեւթյունն ու գիտական-ստեղծագործական բազմաբնույթ վաստակը: Նա սիրված ու գնահատված անձնավորություն էր: Այդ իմաստով ուշագրավ է 2002 թ. տպագրված «Սերգեյ Գյանջումի Աբրահամյան. գիտական դիմանկար եւ կենսամատենագիտություն» վերնագրով գիրքը, որի մեջ լեզվաբաններ, բանասերներ Լ. Խաչատրյանը, Լեոնիդ Թելյանը, Արտաշես Պապոյանը, Աելիտա Դոլուխանյանը, Սերգեյ Գալստյանը, Նվեր Սարգսյանը եւ տողերիս հեղինակը ծավալուն հոդվածներով ներկայացրել են Ս. Աբրահամյանի մեծահարուստ վաստակի տարբեր ոլորտները, պատկերել նրա գիտական դիմանկարը: 2001 թ. Արցախի Հադրութի շրջանի Տումի գյուղի հանրակրթական միջնակարգ դպրոցն անվանակոչվել է ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանի անունով: Ավա՜ղ, Սերգեյ Աբրահամյանը շուտ հեռացավ կյանքից, բայց նրա լուսեղեն կերպարը հավերժաբար կապրի հայ լեզվաբանության ու դպրոցի պատմության էջերում, եւ նա կշարունակի իր տպագիր բազմաբնույթ գրքերով հայոց լեզվի խորախորհուրդ դասեր պարգեւել փոխհաջորդող սերունդներին: 24-26 հունվարի, 2015 թ. |