RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#009, 2015-03-13 > #010, 2015-03-20 > #011, 2015-03-27 > #012, 2015-04-03 > #013, 2015-04-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 27-03-2015



Տեղադրվել է` 2015-03-26 23:40:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 1636, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ՀՈՒՅՆԵՐԻ ԵՎ ԱՍՈՐԻՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄԸ` ՈՒՂԵՐՁ ԱՇԽԱՐՀԻՆ

Մ. Խ.

Անցնող շաբաթվա մեջ մի շատ կարեւոր իրադարձություն տեղի ունեցավ հայոց խորհրդարանում` Ազգային ժողովի վեց խմբակցությունների համատեղ նախաձեռնությամբ քննարկվեց եւ ընդունվեց Օսմանյան կայսրության կողմից 1915-1923 թվականներին տեղի ունեցած հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն:

Պոնտոսի հույների, ինչպես նաեւ Փոքր Ասիայի հույների ցեղասպանությունը ճանաչել էր Հունաստանը, իսկ Շվեդիան` հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանությունը: Այնպես որ Հայաստանի քայլը, կարելի է ասել, շատ կարեւոր էր այս երկու ազգերի ներկայացուցիչների ցեղասպանությունն ընդունելու գործընթացի հիմնաքարին նախ, ապա եւ` ցեղասպանության ենթարկված հայերիս տուրքը նույն ողբերգությանը ենթարկված ուրիշ երկու բախտակից ազգերին, որոնցից մեկը պետություն չունի, մյուսն էլ` Հունաստանը, հույների մի հատվածի ցեղասպանությունը չի դիտարկում իր արտաքին քաղաքականության օրակարգի հարց: Բացի այդ` նախաձեռնության համամարդկայն ենթատեքստը նույնպես չպետք է անտեսել` ժխտողականության դատապարտումը կարող է կանխարգելիչ դեր ունենանալ առհասարակ:

Մի առանձին խորհուրդ կար նաեւ այն բանի մեջ, որ հարցը ներկայացնում էր ազգությամբ հույն պատգամավոր` Էդուարդ Շարմազանովը, որը ծնվել-մեծացել է Հայաստանում, հայերի կողքին իրեն երբեք օտար չի զգացել, ավելինՙ երբեմն թվում է` նա իրեն ավելի հայ է զգում, քան շատ հայեր, եւ գլխավորը` այս երկրում նրա ծագումը, ինչպես օրինակ Թուրքիայում է հայկական ծագման դեպքում, բացարձակապես խոչընդոտ չի դարձել նրա առաջխաղացման համար մինչեւ բավական բարձրՙ ԱԺ փոխխոսնակի պաշտոն: Թուրքերն այս առումով սովորելու շատ բան ունեն մեզանից. «Հայտարարության ընդունումը կլինի Հայաստանի ներդրումը ցեղասպանությունների դեմ միջազգային պայքարում», այսպես գնահատեց հայտարարությունը Է. Շարմազանովը, ըստ որի` Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության զոհ է դարձել 1 մլն հույն, 250-300 հազար ասորի:

Հայտարարությունն առիթ դարձավ, որպեսզի վեր հանվեն պատմության անագորույն փաստեր հայերին եղբայր ժողովուրդների կյանքից, ովքեր քրիստոնյա լինելու պատճառով նույնպես կրեցին հայերի ճակատագիրն Օսմանյան Թուրքիայում, եւ վերստին ընդգծվեց մարդկությանն ուղղված ուղերձը` մարդկության դեմ կատարված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն: Ընդ որում` Օսմանյան Թուրքիայում կոտորածների են ենթարկվել նաեւ եզդիները, որին Ազգային ժողովը գուցե նաեւ առանձին անդրադարձ կանի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 27-03-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ