RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#009, 2015-03-13 > #010, 2015-03-20 > #011, 2015-03-27 > #012, 2015-04-03 > #013, 2015-04-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 27-03-2015



Տեղադրվել է` 2015-03-26 23:40:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 1459, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՈՐԾԱՆԵԼ ՊԱՏՐԱՍՏՎՈՂՆԵՐԻՆ` ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՈՐԾԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ. Ա.

Չնայած ձեր մեջ նաեւ աղջիկներ կան, բայց` բարեւ ձեզ, տղերք: Ես լավ եմ, դուք` գիտեմ: Չգիտեմ մի բան, երբ ասում եք, որ Ադրբեջանը պետք է կործանվի, ինչի հետ չհամաձայնվելը, մեղմ ասած, հայրենասիրություն չէ, ապա պատկերացնո՞ւմ եք, թե ինչպե՞ս: Ես, օրինակ, չեմ պատկերացնում, հենց պատկերացնեմ` կմիանամ ձեզ` այս բացականչություն-պահանջագիրը Լեւոն Տեր-Պետրոսյանի երկրպագուների ասած` «հիմա» դարձնելու նպատակով:

Եթե ձեր կարծիքով Ադրբեջանը կործանելու մեր ազգային նոր ռազմավարությանը պետք է հասնենք ռուսական զենքի օգնությամբ, ապա ասեմ, որ դրանից իրենք էլ ունեն, կրակել էլ գիտեն, ավելին, դիպուկ էլ կրակում են, հաճախ: Եթե կարծում եք, որ ռուսական զենք մենք ավելի լավ ենք գործածում, դե` ռազմական գործին ավելի գիտակ ենք, ապա ասեմ, որ ռուսական զենքը մեզ տրված է ոչ թե կործանելու Ադրբեջանը, այլ որպեսզի Ադրբեջանի հետ մշտապես գտնվենք կիսապատերազմական վիճակում. զենքի գործածման պայմանագիր կա, բան կա:

Ուրեմն անցնենք ռուսական զենք-ը գործոնը: Էլ ինչպե՞ս. իհարկե մարտական ազգային ոգով: Բայց այստեղ մի նրբություն կա: Պարզվում է, որ հայ մարդու, հայության առհասարակ մարտական ոգին չնայած դիմակայել է բազմաթիվ թշնամիների, բայց երբեք չի կործանել որեւէ թշնամի պետություն: Չի եղել նման բան: Այսինքն հայի մարտական ոգու տեսակը չէ ինչ-որ մեկին կործանելը, նա բոլորովին այլ, գուցե ոչ ճիշտ առաքելություն ունի` ապահովել հայության հարատեւությունը, դիմանալ, մնալ... Հետեւաբար դուք հիմա` հայի մարտական ոգով Ադրբեջանը կործանել պահանջելով պահանջում եք մի բան, որը չի կարողացել անել ոչ մի հայ թագավոր-զորավար Հայաստանի կամ հայ ժողովրդի ոչ մի թշնամի պետության նկատմամբ:

Գուցե Ադրբեջանը կործանել պահանջում ենք մեր ժողովրդավարության մակարդակով, կամ կենսամակարդակով, կամ կրթության մակարդակով, առհասարակ` մակարդակով: Տղերք, այստեղ ես ձեզ չեմ պատասխանի. դուք ինքներդ արդեն ժպտացիք:

Ուրեմն` ինչպե՞ս:

Քանի որ դուք էլ այս հարցի պատասխանը չունեք, փորձեք գնալ որդեկորույս հայ մոր մոտ, ծնկել նրա առջեւ եւ ասել նրան, որ ձեզ հաջողվել է սպանել նրա որդուն սպանողին, ավելին` ձեզ հաջողվել է կործանել այդ մարդասպանի հայրենիքը: Ի՞նչ եք կարծում, նա պիտի գրկի ձեզ ու համբուրի՞, շնորհակալությո՞ւն հայտնի: Վստահ եմՙ ոչ: Վստահ եմ նաեւ, որ դուք ձեր այդ զիլ քայլով ստիպելու եք նրան էլի լացել, հասկանալ, որ իր արցունքները չէին ավարտվել, հիշել, հիշել մեկին, ով էլ չի գալու, թեկուզ Ադրբեջանը կործանվի: Իսկ պատահաբար գիտեք, թե Ադրբեջանը կործանելիս քանի՞ որդեկորույս մայրեր են առաջանալու, գիտե՞ք, թե քանի մայր, ով այսօր Ադրբեջանի սահմանին կենդանի որդի ունի, սարսափում է քնել-արթնանալուց` ձեր այդ պահանջի պատճառով: Գիտե՞ք, որ նա չի ցանկանում, որ իր որդին մասնակցի Ադրբեջանի կործանմանը, որովհետեւ ցանկանում է, որ իր որդին տուն գա:

Եկեք ուրեմն փոխենք պահանջը. ես, օրինակ, առաջարկում եմ հետեւյալը` «Հայաստանը չպետք է կործանվի», խորքային առումով սրա մեջ մտնում է նաեւ Ադրբեջանի կործանումը, բայց` որպես թաքուն, ծպտյալ, քողարկված նպատակ, հետեւաբար` հեշտ հասանելի: Այս նոր պահանջի դեպքում մենք կարող ենք ամրացնել մեր երկիրը, շենացնել այն, աշխատանք գտնել եւ աշխատել մեր երկրում, բարձր աշխատավարձ պահանջել եւ ստանալ, սովորել եւ պահանջել, որ հարգվի գիտելիքն այս` մեր երկրում: Ոչ թե կախվել թշնամուց, այլ` կախել նրան մեզանից, ոչ թե բռնապետությունների նման` ազգովին համախմբվել, այլ ժողովրդավարական երկրների նման` համերաշխվել, հանդուրժել միմյանց... Այ, երբ այս ամենը լինի, վստահ եմ կնայենք մեզանից արեւելք եւ կտեսնենք, որ Ադրբեջանը կործանվել է, ինքն իրեն, նախանձից, մեզ կործանել չկարողանալուց:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 27-03-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ