RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#009, 2015-03-13 > #010, 2015-03-20 > #011, 2015-03-27 > #012, 2015-04-03 > #013, 2015-04-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 27-03-2015



ՏԵՍԼԱԿԱՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԴԻԿ

Տեղադրվել է` 2015-03-26 23:40:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 2106, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ՍՏԵՂԾԱՐԱՐ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Մեզ, հայերիս, շատ են հետապնդել եւ մենք շատ ենք տառապել դարերի ընթացքում: Դա մեզ ստիպել է հաճախ կախյալ վիճակում լինել անհատ բարեգործներից կամ բարեգործական կազմակերպություններիցՙ լինեն դրանք հայկական թե օտար: Նրանք իրենց գործունեությամբ մեծապես նպաստել են, որ մեր ազգը վերապրի, շարունակի ստեղծագործել:

Բարեգործներին տարբեր խմբավորումների կարելի է բաժանել: Ճիշտ է, որ բոլոր աջակցություններն էլ դրական փոփոխություններ են առաջ բերում, բայց կան աջակցություններ, թվով քիչ, որոնք ավելի մեծ արդյունք են տալիս, որովհետեւ ստեղծագործական մոտեցում են ցուցաբերում կամ ստեղծարար տարրեր պարունակում իրենց մեջ:

Բարեգործներ կան, որոնք նվիրատվություն կատարում են, որովհետեւ որոշակի հեղինակավոր անձնավորություններ կարողանում են համոզել նրանց այդ քայլին դիմելու: Ուրիշներ տեսնում, նկատում են կարիքը եւ անմիջապես արձագանքում: Երրորդները գումարներ տրամադրում են, որովհետեւ իրենց անունները հավերժանալու են շենքերի կամ կառույցների պատերին:

Սակայն քիչ են այն բարերարները, որոնք բարեգործության գլխավոր տարրերը միացնելով պատմություն են կերտում, կամ ներգործում են պատմության վրա: Շատ դեպքերում վերջիններս իրենք իրենց ապավինելու, իրենց գործին նվիրվելու եւ խորաթափանցության շնորհիվ են կարողացել հարստություն դիզել: Նրանք իրենց համայնքներում ակտիվ մասնակցություն են ունեցել, համաքայլ ընթացել բոլոր նրանց հետ, ովքեր զգացել են ժամանակի շունչը: Եվ ամենակարեւորըՙ եղել են տեսլականի տեր մարդիկ:

Մենք հիշում եւ մեծարում ենք շատ բարերարների իրենց թողած արժեքավոր ժառանգության համար, բայց քչերն են իրենց մնայուն հետքը թողել մեր պատմության մեջ: Նրանցից մեկը Ալեքսանդր Մանթաշովն էր, նավթարդյունաբերության խոշոր մագնատը Բաքվից: Նրա առատաձեռնությունը ընդգրկում էր հայկական կյանքի ամենատարբեր ոլորտները: Նրա օժանդակության շնորհիվ էր, որ Կոմիտասը Բեռլինում ստացավ երաժշտական մասնագիտական կրթություն եւ նախագծեց հայկական երաժշտության հետագա կուրսը: Մյուս բարերարը, որ կարողացել էր հարստությունը վերածել իմսատության, Ալեք Մանուկյանն էր, ով նույնպես մասնակիցը լինելով իր ժողովրդին պատուհասած տառապանքներին, կարիք չուներ հորդորներիՙ որոշելու համար իր բարեգործությունների ուղղությունը: Նա ինքն էր գաղափարներ մտահղանում, ծրագրեր մշակում եւ ֆինանսավորում դրանք առատորեն: Նրա կրթական ծրագրերի շնորհիվ իրարահաջորդ սերունդների մտավորական հայեր հարստացրել են սփյուռքահայերի կյանքը: Նա կարողացավ բարեգործությունը զուգորդել իմաստության եւ տեսլականի հետ եւ դրանով իսկ բարձրացավ հմուտ առաջնորդի, ազգային բարերարի պատվանդանին: Նա անչափելի մեծ հետք է թողել 20-րդ դարի երկրորդ կեսում ինչպես սփյուռքի, այնպես էլ Հայաստանի հասարակական, կրթական ու մշակութային կյանքում:

Իհարկե վերոնշյալների թվում պետք է հիշել նաեւ Նուբար փաշայի եւ Գալուստ Գյուլբենկյանի անունները, որոնք իրենց հեռատեսությամբ կարողացան օգնել իրենց ժողովրդին եւ իրենց հյուրընկալած համայնքներին: Համայնականացման (գլոբալիզացիա), տեխնոլոգիաների եւ ժողովրդավարական պատկերի փոփոխման ու զարգացման պայմաններում բարեգործության հին ձեւերը պետք է վերանայվեին, ստիպելով բարերարներին ժամանակին համընթաց քայլեր կատարել:

Ռուբեն Վարդանյանը մուտք գործեց բարեգործության աշխարհը նոր գաղափարներով, նորացված ծրագրերով եւ ավելի լայն, համայնական տեսլականով:

Երբ հայերը նախանձով են նայում հրեաներին, նրանք մի հիմնական, էական փաստ անտեսում են. հրեաները հոգ են տանում ոչ միայն իրենց ժողովրդին եւ իրենց լումաները ներդնում իրենց սեփական բարեգործական ընկերություններին, այլեւ մի շարք այլ նպատակների իրագործմանը: Նրանք առաջատար դեր են կատարում այնպիսի բարեգործությունների հարցում, որոնք երբեմն ամենադույզն առնչությունն անգամ չունեն իրենց էթնիկական, կրոնական, սոցիալական եւ քաղաքական հակումների հետ: Փաստ է, որ հրեա երեխաներին մանուկ հասակից սովորեցնում են իրենց փոքրիկ լուման ներդնել բարեգործությանը, մի հասկացություն, որ դեռ պետք է արմատավորվի մեր հասարակության մեջ: Վարդանյանը կարծես գիտակցում է, որ բարեգործությունը կարող է արդյունավետ լինել, հաջող արդյունք արձանագրել, երբ իրագործվում է համայնական ձեւով, համայնական հասարակությունում: Պատճառը, որ իր նախաձեռնությանը անմիջապես արձագանքեցին համաշխարհային մամուլի առաջատարները, ինչպես Լոնդոնի «Էկոնոմիստը», «Նյու Յորք Թայմսը» եւ ուրիշներ, ճիշտ հաշվարկված գովազդն էր: Հենց սկզբից նա իր ծրագրին մասնակից էր դարձրել համաշխարհային ճանաչման արժանացած այնպիսի անձնավորությունների, ինչպիսիք են Էլի Ուիզելը, Ջորջ Քլունին եւ այլ պետական գործիչներ ու մարդու իրավունքների պաշտպաններ:

Վարդանյանն արդեն հռչակ էր ձեռք բերել հիմնելով եւ ֆինանսավորելով բազմամիլիոն դոլարի արժողությամբ առաջնակարգ միջազգային քոլեջը Դիլիջանում: Նա իր նոր «100 կյանք» ծրագրի իրականացման համար համագործակցում է նման մտածողության տեր ճանաչված անձնավորություններիՙ դոկտ. Նուբար Աֆեյանի եւ դոկտ. Վարդան Գրիգորյանի հետ: Հաջորդ տարի, երբ Ջորջ Քլունին Երեւան կժամանի շնորհելու աշխարհը դրականորեն վերափոխելու համար սահմանված առաջին «Ավրորա» մրցանակը, համաշխարհային մամուլի ներկայացուցիչները կհետեւեն նրան, կժամանեն Հայաստան: Որքա՞ն PR-ի ֆինանսական միջոցներ էին անհրաժեշտ, որպեսզի աշխարհի ուշադրությունը բեւեռեինք Հայաստանի վրա:

Ծրագրի նպատակն է կարեւորել եւ ճանաչելի դարձնել արդարամիտ, խիզախ եւ հանուն համոզմունքների ռիսկի ենթարկվելու պատրաստ անձնավորություններին, որոնք օգնել են հայերինՙ կարիքի ժամանակ: Հայերին, այսպիսով, հնարավորություն է ընձեռվում իրենց երախտագիտությունը հայտնել համայն աշխարհին: Հետաքրքրական է նաեւ այն, որ ծրագիրը կրթաթոշակ է հատկացնում արաբական երկրներից 100 ուսանողների, որոնք կսովորեն Դիլիջանի քոլեջում:

Թուրք մահմեդականների հանդեպ տածած թշնամանքը շատ հաճախ հայերին մոռացության է տալիս այն հանգամանքը, որ Ցեղասպանությունը վերապրածներին գրկաբաց ընդունեցին մյուս մահմեդական, արաբական երկրները, որտեղ նրանք նաեւ բարգավաճելու հնարավորություն ստացան: Շնորհված կրթաթոշակները խորհրդանշում են այն երախտագիտությունը, որ հայերը զգում են այդ հյուրընկալ մահմեդական երկրների հանդեպ:

Ցեղասպանության հարյուրամյակի շեմին այս դրական քայլը որպես ողջունելի զարգացում, լույսի հուսադրող շողի նման հեղեղում է միջազգային լրատվական միջոցները: Վարդանյանի մինչ օրս տված հարցազրույցներից պարզվում է, որ նա հրաշալի տիրապետում է անգլերեն լեզվին: Բայց առավել տպավորիչ է հայոց պատմության նրա իմացությունը: Զարմանալի չէ, քանի որ մեծ հայրը պատմություն է դասավանդել Երեւանի պետհամալսարանում:

Մինչ օրս բարեգործությունը օգտագործել ենք հաղթահարելու համար թշվառությունը, չքավորությունը: Վարդանյանի նախաձեռնությամբ բարեգործության նոր, լուսավոր կողմն է բացահայտվում: «Ճիշտ է, մենք պետք է հիշենք եւ մեծարենք զոհերի հիշատակը եւ հետամուտ լինենք Ցեղասպանության ճանաչմանը օտար երկրների, հատկապես Թուրքիայի կողմից, բայց մեր գլխավոր պատգամը աշխարհին այն է, որ մենք կանգ ու հզոր ենք», ասել է նա:

Միջազգային զանգվածային լրատվական միջոցները ամենայն մանրամասնություններով լուսաբանեցին այս հսկայական բարեգործական նախաձեռնությունը: Վստահ ենք այլ մանրամասներ դեռ երեւան կգան առաջիկա ամիսներին եւ տարիներին: Հուսով ենք ժամանակից շուտ չափազանց շատ չենք ոգեւորվում այս ծրագրով:

Ցանկանում ենք, որ այս լուսավոր նախաձեռնությունը հարատեւի եւ ունենա մնայուն հետեւանքներ: Մենք դրան տալիս ենք ստեղծարար բարեգործություն բնութագրումը, որի նպատակն է «սովորել անցյալից, արդյունավետ օգտագործել ներկան եւ ձեւավորել ապագան»:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ.Ծ.

Նկար 1. Ալեքսանդր Մանթաշով

Նկար 2. Պողոս Նուբար Փաշա

Նկար 3. Գալուստ Գյուլբենկյան

Նկար 4. Ալեք Մանուկյան

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 27-03-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ