ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՈՒՄԸ ՀԵՐԹԱԿԱՆ ՏԱՊԱԼՎԱԾ ԲԱՐԵՓՈԽՈ՞ՒՄԸ ԿԴԱՌՆԱ ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Տեղեկանքի համար հարեւան գյուղ չգնալու, պետական մարմինների անհասկանալի լռության եւ այլ հարցերի մասին Հայաստանում կարծես թե սկիզբ է առնում նոր բարեփոխում: Ինչո՞ւ կարծես թե, որովհետեւ վերջին երկու-երեք տարիներին իշխանությունների ձեռնարկած բարեփոխումներից ոչ մեկը չի հասնում իր տրամաբանական ավարտին: Հայտնվում են «հասարակության շահերը պաշտպանող» քաղաքական գործիչներն ու «ակտիվիստները», եւ կառավարությունը սկսում է նահանջել իր իսկ սկսած գործընթացից` ընդհատելով այն կամ այնպես ձեւափոխելով, որ բարեփոխման նախնական տարբերակից շատ քիչ բան է մնում` համապատասխանաբար նվազեցնելով դրա արդյունավետությունը: Այս անգամ խոսքը համայնքների խոշորացման գործընթացի մասին է, որն ավելի քան 3 տարի առաջ հավանության էր արժանացել կառավարության կողմից, բայց միայն հիմա սկսվում է իրագործվել` փորձնական ծրագրերով: Լոռու մարզի Թումանյանի, Մարցի, Քարինջի, Լորուտի, Շամուտի, Աթանի, Ահնիձորի, Սյունիքի մարզի Շինուհայրի, Տաթեւի, Հալիձորի, Հարժիսի, Սվարանցի, Խոտի, Տանձատափի, Քաշունիի եւ Տավուշի մարզի Դիլիջանի, Հաղարծինի, Թեղուտի, Գոշի, Աղավնավանքի, Խաչարձանի, Հովքի համայնքներում` համայնքների խոշորացման մասին այդ բնակավայրերի կարծիքն իմանալու նպատակով, կառավարությունը որոշել է մայիսի 17-ին անցկացնել տեղական հանրաքվե: Այժմ եւս, այս բարեփոխման դեմ սկսել են հանդես գալ նույն գործիչները, որոնք ամեն ինչ արեցին տապալելու կենսաթոշակային կուտակային համակարգի նախնական տարբերակով իրականացումը, առեւտրի ոլորտում ստվերի բացահայտման համար շրջանառության հարկի փոփոխությունները, ժամանակավոր անաշխատունակության նպաստների ոլորտում չարաշահումները կանխող փոփոխությունները եւ այլն: Բնական է, որ ցանկացած բարեփոխում առաջացնում է հարցեր եւ մտահոգություններ, բայց մեր դեպքում խնդիրն այլ է: Մտահոգություններն արտահայտելու կամ դրանք փարատելու ուղիներ որոնելու փոխարեն, ընտրվում է վերջնագրային տարբերակը` դեմ ենք, չենք ցանկանում, կասեցում եւ այլն: Այս անգամ հավերժ դժգոհողներն ավելի առաջ են գնացել եւ առանց ծանոթանալու, թե ի՞նչ է համայնքների խոշորացման ծրագիրը եւ ի՞նչ արդյունքներ է խոստանում դրանցում ապրողների համար, մերժում են այն` ծրագրի հետ կապ չունեցող պատճառներով: Նրանց գլխավոր փաստարկը, որով ահաբեկում են միավորման փորձնական ծրագրում ընդգրկված բնակիչներին, հետեւյալն է. «ամեն մի տեղեկանքի համար պետք է կիլոմետրերով ճանապարհ կտրեն, գնան հարեւան գյուղ»: Մյուս զավեշտն այն է, որ այս բարեփոխման պատասխանատու կառույցը` տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը ասես պապաձնվել է եւ ոչ մի կերպ չի արձագանքում այս հայտարարություններին ու պարզաբանումներ չի ներկայացնում: Տեղեկանքը տրվելու է նույն գյուղում, խնայված միջոցներն էլ ներդրվելու են տեղերում Առաջինը, որ հարկ է ընդգծել, այն է, որ համայնքների խոշորացման այս ծրագիրը ոչ մի նմանություն չունի խորհրդային տարիներին իրագործած գյուղական բնակավայրերի միավորման գործընթացի հետ: Այն ժամանակ, երբ միավորվեցին մի քանի գյուղական համայնքներ, իսկ վարչական կենտրոն դարձավ դրանցից մեկը, մյուս գյուղերի բնակիչները սովորական տեղեկանք ստանալու համար հարկադրված էին լինում գնալ հարեւան գյուղ, որտեղ գտնվում էր գյուղխորհուրդը: Համայնքների խոշորացման ներկայիս բարեփոխումներում տեղեկանքի համար հարեւան գյուղ գնալու կարիք չի լինելու: Խոշորացված համայնքների բնակավայրերի բնակիչների համար հավելյալ դժվարություններ չստեղծելու համար յուրաքանչյուր բնակավայրում գործելու է այսպես կոչված վարչական ներկայացուցիչը: Նրանք, ըստ էության, փոխարինելու են գյուղապետերին եւ տվյալ գյուղին առնչվող բոլոր` սկսած տեղեկանքի, տարբեր թույտվությունների եւ այլ հարցերով գյուղացիները դիմելու են հենց նրան, այլ ոչ թե գնալու համայնքային կենտրոն: Վարչական ներկայացուցիչներին առաջարկելու է արդեն խոշորացված համայնքի ղեկավարը, բայց թեկնածուն պետք է լինի տվյալ գյուղի ներկայացուցիչների ժողովի կողմից ներկայացվածը: Համայնքների ավագանին ձեւավորվելու է երկու ուղղությամբ: Խոշորացված համայնքի մաս կազմող յուրաքանչյուր գյուղի մեկ ներկայացուցիչ անպայման լինելու է համայնքի ավագանիում, իսկ ավագանու մնացած անդամներն արդեն ընտրվելու են ըստ բնակչության թվի: Սա է այս բարեփոխման կարեւոր կետերից մեկը, որին առաջին հերթին դեմ են հանդես գալիս գյուղապետերը: Թեեւ նրանք կարող են շարունակել աշխատել նույն գյուղում որպես վարչական ներկայացուցիչներ, բայց զրկվում են պետբյուջեից դոտացիաներ ստանալու եւ դրանք տնօրինելու, իրենց ազգականներին տեղական համայնքապետարանի կամ այլ կառույցներում աշխատանքի տեղավորելու հնարավորություններից: Այսինքն, ինչպես եւ ցանկացած բարեփոխման դեպքում, լինելու է մի խավ, որի համար այն ցավոտ է լինելու, բայց ամեն անգամ այդ խավի համար ընդհանուրի շահերը ստորադասելը նշանակում է երբեւէ չգնալ որեւէ բարեփոխումների, որոնք կարող են բարելավել մեր կյանքը, խնայել ռեսուրսներ կամ դրանք ավելի արդյունավետ օգտագործել: Ներկա կացությունը ոչ մի կերպ չի նպաստում թե՛ համայնքների տեղական եկամուտների, թե՛ պետության կողմից տրվող դոտացիաների արդյունավետ եւ նպատակային ծախսմանը: Խոշորացման նպատակը կառավարման արդյունավետության բարձրացումն է: Ի՞նչի շուրջ են միավորվելու համայնքները Ըստ համայնքների խոշորացման ծրագրի փորձագետների, փոքր` մինչեւ 100 բնակիչ ունեցող համայնքներում ոչ մի ծառայություն չի մատուցվում, եւ համայնքային բյուջեի 88 տոկոսը ծախսվում է աշխատավարձի վրա` գյուղապետի, օգնականի, եւ այլն: Միայն 3000 եւ ավելի բնակչություն ունեցող համայնքներում է, որ ծախսերի 20 տոկոսն է բաժին ընկնում աշխատավարձերին, իսկ մնացած գումարով հնարավոր է լինում ծառայություններ մատուցել տվյալ համայնքում ընդգրկված բնակավայրերում` մանկապարտեզ, բուժկետ, գրադարան, մշակույթի կենտրոն, փողոցների լուսավորություն եւ այլն, ինչպես նաեւ հնարավորություններ ստեղծվում բիզնեսի ընդգրկմամբ իրականացնելու նպատակային ծրագրեր: Այս հանգամանքը նշանակում է, որ «գյուղերի հաշվին խնայելու» մյուս մեղադրանքը նույնպես իրականության հետ կապ չունի, իսկ խնայված միջոցները մնալու են նույն գյուղերում վերեում նշված ծախսերն իրականացնելու համար, այլ ոչ թե պետական բյուջե կամ այլ տեղ են գնալու: Տարբեր համայնքների համախմբումը տեղի է ունենալու մի քանի կարեւոր գործոնների շուրջը` ըստ նպատակահարմարության: Դա կարող է լինել համախմբում մեկ ապրանքանիշի շուրջը (օրինակ` Տաթեւ), մեկ քաղաքային համայնքի շուրջը (օրինակ` Դիլիջան, Ջերմուկ, Մեղրի), ընդհանուր բիզնես նախագծի իրագործման շուրջը (օրինակ` Զառիթափ, Սառնակունք), աշխարհագրական եւ ռելիեֆային առանձնահատկություններով: Նույն համայնքի մեջ ընդգրկվող բնակավայրերի միջեւ հեռավորությունը չպետք է գերազանցի 20 կմ-ը: Համայնքների խոշորացման երեք հիմնական արդյունքները Համայնքների խոշորացման ծրագրից ակնկալվող երեք հիմնական արդյունքներն են` ավելի շատ կապիտալ ներդրումներ համայնքներում խնայված միջոցների հաշվին, իշխանության ապակենտրոնացում, քաղաքական համակարգի հետաքրքրությունների ավելացում տեղական ինքակառավարման նկատմամբ: Վերջին հանգամանքը նպաստավոր է քաղաքական ուժերի համար, քանի որ ավելի շահագրգիռ է դարձնում նրանց մասնակցելու խոշորացված տեղական համայնքների ընտրություններինՙ ավագանիում տեղեր զբաղեցնելու համար: Վերադառնալով տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության անհասկանալի լռությանը, կարելի է ենթադրել, որ այս կառույցն այնքան էլ շահագրգռված չի, որ բարեփոխումները կյանքի կոչվեն: Երբ նախկին նախարար Արմեն Գեւորգյանին հարց ուղղեցինք, թե կառավարությունը վճռականություն ունի՞ մինչեւ վերջ տանելու համայնքների խոշորացման բարեփոխումը, նա պատասխանեց, որ ձախողումից խուսափելու համար պետք է իրականացվեն փորձնական ծրագրեր, բացատրական աշխատանքներ, մինչ այդ խոշորացվող համայնքներում անցկացվեն տեղական հանրաքվեներ` բնակչության կարծիքն իմանալու համար, համոզմունք հայտնելով, որ համայնքներում կողմ կլինեն այս բարեփոխմանը: Նույնն էր ասում նաեւ փոխնախարար Վաչե Տերտերյանը: Սակայն, դատելով այն տեղեկատվութունից, որ ստացվում է խոշորացման փորձնական ծրագրում ընդգրկված գյուղերի բնակիչներից, նրանք տրամադրված չեն դրական պատասխանել համայնքների խոշորացման հանրաքվեին, քանի որ տեղյակ էլ չեն, թե ինչի համար է խոշորացումը եւ ինչ է տալու այն իրենց: Այսինքն, նախարարության բացատրական աշխատանքները ինչ-որ չեն երեւում: Սրան էլ ավելացրած գյուղապետերի` «ամենօրյա տեղեկանքի համար հարեւան գյուղ գնալու» սարսափեցնող քարոզը կանխատեսելի է դարձնում հանրաքվեի բացասական արդյունքը: Մինչդեռ, բավականին լուրջ մշակված եւ հիմնավորված բարեփոխման հետ գործ ունենք եւ ցավալի կլինի, եթե այն նույնպես տապալվի: |