RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#009, 2015-03-13 > #010, 2015-03-20 > #011, 2015-03-27 > #012, 2015-04-03 > #013, 2015-04-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 27-03-2015



ԸՆԹԱՑԻԿ

Տեղադրվել է` 2015-03-26 23:40:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 1820, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 12

«ԱՆԹԻԼԻԱՍԻ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ԱԶԳԱՅԻՆ ԵՆ, ԻՍԿ ԷՋՄԻԱԾՆԻՆԸՙ ԱՊԱԶԳԱՅԻՆ»

Դոկտ. ՌՈՒԲԻԿ ՍԱՐԴԱՐՅԱՆ, Թեհրան

2015 թվականի փետրվարի 19-ին տեղի ունեցավ Թեհրանի Հայոց թեմի հերթական Պատգամավորական ժողովի նիստը, որտեղ քննարկվեցին տարբեր հարցեր ու տրվեցին տարբեր գնահատականներ: Առանձնացնում ենք խոսքերը դաշնակցական պատգամավոր պրն. Սեդրակ Գոջամամյանի, որ պարզորեն արտահայտեց ու իր գնահատականը հնչեցրեց Անթիլիասի ու Էջմիածնի հոգեւորականների մասին: Նախ` նա իր զայրույթը հայտնեց այն հարցի կապակցությամբ, թե իբրեւ Թեհրանի Հայոց թեմի Պատգամավորական ժողովում կան այնպիսի մարդիկ, որոնք ավելի շուտ համակրում են Էջմիածնին, այլ ոչ թե Անթիլիասին: Նրա կարծիքով, նման մարդկանց տեղը ԹՀԹ-ի Պատգամավորական Ժողովը չէ: Այնուհետեւ նա արտահայտեց իր «փայլուն» միտքը, որ իբր Անթիլիասի բոլոր հոգեւորականները ազգային են, իսկ Էջմիածնի հոգեւորականները` ապազգային, ու նրանք հեռու են ազգային լինելուց: Ցավալի է լսել այսպիսի եզրակացություն դաշնակցական պատգամավորից: Նման անհիմն ու գռեհիկ գնահատականը կարող է հնչեցնել միայն Էջմիածնի դեմ չարությամբ լցված հասարակ մեկը:

Ստորեւ կանդրադառնանք միայն մի քանի հարցերի, որպեսզի բացահայտվի այդ անհիմն ու պարզունակ գնահատականի բնույթը:

Նման ընդհանուր գնահատականի արծարծումը հասարակ, բայց ոչ հասարակական ու քաղաքական սկզբունքներին ծանոթ մի անձնավորության գնահատական է, որից պետք է խուսափեն մեր հայ ազգային ու հասարակական գործիչները:

Ղարաբաղում եւ ընդհանրապես Հայաստանում բազմաթիվ հոգեւորականներ կան, որոնք գտնվելով Արցախյան պատերազմի առաջին գծում, իրենց կյանքն են վտանգի ենթարկել, մինչդեռ Անթիլիասից նման հոգեւորականների գտնելը շատ դժվար կլինի: Հիմա նման անձնազոհ հոգեւորականներին ապազգային պիտակ փակցնելով պրն Գոջամամյանը արդյո՞ք իրեն վատ չի զգում:

Իրանում եւ ընդհանրապես սփյուռքում Անթիլիասին պատկանող հոգեւորականների կարելի է հանդիպել, ովքեր հոգեւորական դաշտը օգտագործել ու օգտագործում են իրենց անձնական շահերի համար. արդյոք նրանց բոլորին անվանել «ազգային» ու էջմիածնականներին «ոչ ազգային», ճի՞շտ է: Իհարկե նման երեւույթների երկու աթոռներում էլ կարելի է հանդիպել, սակայն այստեղ մեկին լավ, մյուսին վատ ներկայացնելն է այդ կուսակցականի խնդիրը:

Հայտնի չէ, թե ինչ նպատակ է հետապնդում մեր հարգելի պատգամավորը նման արտահայտություն անելով:

Ցավ է պատճառում այն հանգամանքը, թե ինչո՞ւ ԹՀԹ-ի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը նիստին ներկա լինելով, որեւէ ձեւով չի արձագանքել այդ մտքին ու իր լռությամբ հաստատել է նման թեթեւամիտ գաղափարը:

Այս հարցին պիտի արձագանքեն մեր Էջմիածնի ու Անթիլիասի առողջ հոգեւորականները ու թույլ չտան, որ մի կուսակցական պատգամավոր մեր ամբողջ հոգեւորականների համար նման դասակարգում սահմանի, նաեւ պետք է դատապարտեն այդպիսի մոտեցումը: Առաջին մարդը, որ պետք է արձագանքեր այս «փայլուն» գաղափարին, Թեհրանի թեմի առաջնորդն էր, ապա նրա ղեկավարՙ Արամ Ա վեհափառի պարտականությունն է սաստելը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 27-03-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ