ՆՈՐ ԿԱՌՈՒՅՑ` ԷՍ ՆԵՂ ՄԱՋԱԼԻՆ Մ. Խ. Ազգային ժողովի թեթեւ ձեռքով, ԱԺ կանոնակարգ-օրենքի փոփոխությամբ, ԱԺ աշխատակազմին կից ստեղծվում է բյուջետային գրասենյակ, որը պատգամավորներին պետք է օգնի պետական բյուջեի խոչուխութերը բացատրելու եւ Վերահսսկիչ պալատի զեկույցներն ուսումնասիրելու գործում` բյուջեի ելքումուտքերի, թիվ ու ռեբուսների մասին տեղեկանքներ տրամադրելով պատգամավորներին, սեմինար կազմակերպելով պատգամավորների համար բյուջեի վերաբերյալ: Մի խոսքով` ստեղծվում է պրոֆեսիոնալ խորհրդատվություն ապահովող կառույց կամ մարմին` փաստորեն վերահսկելով բյուջետային ծախսերը: Փոխանակ ԱԺ-ն ապահովենք պրոֆեսիոնալ պատգամավորներով, ոչ պրոֆեսիոնալներին կից նոր միավորներ ենք ստեղծում փաստորեն` նոր ծախսերի դուռ բացելով: Չնայած այն բանին, որ իրավագետ Գագիկ Ջհանգիրյանը դա համարում էր հակասահմանադրական, ԲՀԿ նաախագահ Նաիրա Զոհրաբյանը կարծում էր, որ պետք է ցրել, ու ոչ թե բազմապատկել իրենց խնդիրները չկատարող նույն տիպի պարազիտ մարմինները, օրինագծի համահեղինակ Արծվիկ Մինասյանն այլ կարծիքի էր եւ համարում էր, որ այս մարմնի միջոցով պատգամավորները ոչ միայն պատշաճ տեղեկատվություն կստանան, այլեւ վերահսկողական լիազորություններ կիրականացնեն: Ըստ մեկնաբանների` այս մարմինը, փաստորեն մի լրացուցիչ լծակ է Ազգային ժողովի ձեռքին` կառավարության դեմ հարկավոր պահին որպես մահակ օգտագործելու համար, ու այս մարմնի ստեղծման ենթատեքստում քաղաքական նպատահարմարությունն է դրված: Այսպես թե այնպես` օրինագիծն առաջին ընթերցում անցավ, իսկ քվեարկության պատկերը հրաշալի ցույց տվեց ԲՀԿ-ի հետ տեղի ունեցածից հետոյի պատկերը խորհրդարանում` դեմ քվեարկեց միայն 20 պատգամավոր` այս է ընդդիմությունը, ՀԱԿ -ԲՀԿ, 88 կողմը մեծամասնությունն էր. այսուհետ հենց այդ տեսքն են ունենալու ամենադժվար քվեարկությունները: Է, լավ, մի կողմից խոսում եք պատգամավորների թվի կրճատման մասին, մյուս կողմից ուռճացնում եք աշխատակազմը: |