RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#009, 2015-03-13 > #010, 2015-03-20 > #011, 2015-03-27 > #012, 2015-04-03 > #013, 2015-04-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 27-03-2015



ՄԱՏՆԱՆՇՈՒՄՆԵՐ

Տեղադրվել է` 2015-03-26 23:40:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 1481, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՃԱԿԱՏ

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Հայաստանում ժամանակ առ ժամանակ բռնկվող հակառուսական հիստերիան, իհարկե, աննկատ չի մնում Ռուսաստանում: Մի կողմ դնենք Գյումրիի հիրավի սահմռկեցուցիչ իրադարձության արձագանքները, որ զգացմունքային առումով միանգամայն ըմբռնելի է: Սակայն ավելի հաճախ տպավորություն է ստեղծվում, որ սեփական որոշակի ազգային անկատարությունների մեջ Հայաստանում քավության նոխազ են դարձնում հենց Ռուսաստանին, «բռնապետ» Պուտինին: Գրեթե ամեն ինչում մեղավոր են ռուսները: Խոսքը չի վերաբերում անհարկի ռուսասիրությանը, ռուսները դրա կարիքը չեն էլ զգում: Բայց եթե նրանք ուզում են պատասխանել, որ հաճախ չի լինում, ապա գերադասում են կիրառել նույն «հայկական» ոճը: «Հայաստանը դեռեւս կարող է հավասարակշռություն պահպանել Ադրբեջանի հետ սահմանում, սակայն միայն Ռուսաստանի աջակցությամբ, ռուսական ռազմաբազայի առկայությամբ: Հայաստանում ոչ ոք չգիտե, թե ինչ կլինի երկրի հետ, եթե, ասենք, ռուսական պետությունը փուլ գա սեփական խնդիրների ծանրության տակ կամ թեկուզեւ որոշի փոխել դաշնակիցներին Անդրկովկասում»: «Եվ երբ գալիս է ճշմարտության պահը, Հայաստանի քաղաքացին բառացիորեն զգում է, որ իրեն ոչ ոք չի պաշտպանում, որ իր նախագահը փոխարքա է, եւ ոչ թե ազգային լիդեր: Այդ քաղաքացին փողոց է դուրս գալիս, ենթարկվելով ոչ թե բողոքի զգացումին, այլ ինքնապաշտպանության բնազդին»: Սրանք ընդամենը լրագրային մեջբերումներ են: Ըստ երեւույթին պետք է հաշտվել այն մտքին, որ Ռուսաստանը քաղաքական, տնտեսական, ռազմական ամենաազդեցիկ ուժն է ղարաբաղյան հիմնախնդրով պարփակված մեր երկրի համար: Տարօրինակ է, որ հայաստանցի ռուսատյացին (բոլոր կարգի) ոչինչ չի սովորեցնում հարեւան Վրաստանի օրինակը, երբ վրացիներն այսօր արդեն իրենք են խոստովանում, որ Սաակաշվիլին բութ էր իր ռուսատյացությամբ եւ կույրՙ ամերիկասիրությամբ: Հիմա են ողբում, որ կորցրին իրենց երկրի տարածքի 20 տոկոսը:

Եկեք չխորանանք մեծ եւ փոքր պետությունների փոխհարաբերությունների «միակողմանիության» հանրահայտ խնդրի մեջ: Ավելի լավ է ռուսահայության աչքով նայենք մեր տառապյալ հայրենիքում տեղի ունեցած վերջին արտասովոր իրադարձություններին: Առավել եւս նկատի ունենալով, որ այդ հանրության ներկա ամենաակտիվ խավը կազմում են արտագաղթած հայաստանցիները:

Եվ այսպես, հայոց ղեկավարությունը հերթական փայլուն հաղթանակը տարավ ընդդիմության դեմ: Ոչինչ, որ երկիրը տնտեսական խոր ճգնաժամի մեջ է, իսկ արտագաղթի գլխավոր պատճառը դառնում է երկրի անհեռանկարության մտայնությունը: Թվում էր եւս մի քիչ եւ ընդդիմության ընթերցասեր լիդերը իր անվեհեր վճռականության հավատ կներշնչի ժողովրդին եւ կհասնի եթե ոչ իշխանափոխության, ապա գոնե կհարկադրի իշխանություններին ինչ-որ քայլեր ձեռնարկել հօգուտ սեփական քաղաքացիների «գաղջ» մթնոլորտը փոխելու: Բայց ինչ կատարվեց: Բառացիորեն մի քանի օրում առնական ու խրոխտ առաջնորդը վերածվեց ընդամենը... գրասենյակային գույքապահանջատիրոջ: Անզուգական օպերացիա: Ինչ-ինչ, ներկա ղեկավարությունը հիրավի վիրտուոզ է իշխանատիրության, ընդդիմությանը մեկուսացնելու իր անողոք գործողություններում: Մխիթարականն այն է, որ գոնե այս մարտ ամիսը ավարտվեց առանց արյունահեղության:

Ինչ ստացվեց արդյունքում: Հայ քաղաքական իրականությունը կրկին կանգնեց կոտրած տաշտակի առաջ (հնամյա այս արտահայտությունը առավելագույնս է սազում հայ ընդդիմությանը): Ասել է թե երկրի ղեկավարությունը ինչպես չուներ, այնպես էլ առավել եւս հիմա չունի հակազդող որեւէ իրական ուժ: Իսկ սա կարող է հանգեցնել, իհարկե, ոչ թե պուտինյան, այլ իսկական բռնապետության որեւէ տարատեսակի:

Ինչ ենք առաջարկում ընդդիմության անդեմության բացը գոնե մասամբ մեղմելու համար. 2011 թվականի մայիսին Ռուսաստանում ստեղծվեց Համառուսաստանյան ժողովրդական ճակատ, որը միավորելով երկրում գործող հարյուրավոր հասարակական կազմակերպությունների, նպատակ դրեց ուսումնասիրել ու զբաղվել մարդկանց հուզող հրատապ խնդիրներով, իշխանական կառույցների գործունեության արդյունավետության հարցերով: Ընդ որում, համազգային հայրենասիրական այս գործին կարող են լծվել նաեւ կուսակցական թե անկուսակցական, քաղաքական տարբեր հայացքներ ունեցող անհատներ: Ճակատն օժտված է լայն լիազորություններով, որոնք նրան թույլ են տալիս ուսումնասիրություններ կատարել դաշնային գերատեսչություններում, նահանգներում, խոշորագույն ընկերություններում եւ այլն: Եվ ամենահատկանշականըՙ կազմակերպությունը գործում է հրապարակայնորենՙ իր աշխատանքի արդյունքներով ու հանձնարարականներով հանդես գալով լրատվամիջոցների ներկայացուցիչների առջեւ, իսկ անհրաժեշտության դեպքում կարող է դիմել իրավապահ մարմիններին: Պակաս ուշագրավ չէ նաեւ այն պարագան, որ ժողովրդական ճակատի գործունեության առաջնային ուղղություններից մեկն է ի հայտ բերել նոր դեմքեր, անհատականություններ, թարմ գաղափարներ ու առաջարկություններ:

Նման հասարակական-քաղաքական կազմակերպությունՙ Համահայկական ժողովրդական ճակատ կամ այլ մի անվանումով, կարող է իր մեջ ներառել նաեւ սփյուռքի ներկայացուցիչներինՙ կոլեկտիվ թե անհատական: Նրբագույն մի պահ. Համառուսատանյան ժողովրդական ճակատի հիմնադիրը երկրի այն ժամանակվա վարչապետ... Վլադիմիր Պուտինն էր: Սակայն նրա հեղինակությունը իր ժողովրդի մոտ անչափ բարձր է: Հայաստանում նման շարժում պետք է ծավալել ոչ թե վերեւից, այլ ներքեւից: Երկրում, սփյուռքում շատ կան չարատավորված անունով հասարակական հայտնի գործիչներ, ճանաչված անձինք: Միայն նման մարդկանց հեղինակությունը կարող է բացել, ասենք, էկզոտիկ մականունով օլիգարխի փակի տակ պահվող կալվածքների դռները:

Հ.Գ. Ակնկալվելիք կազմակերպությունը, օրինակ, կարող է որպես իր գործունեության առաջին քայլ հայոց խորհրդարանում հանդես գալ առաջարկությամբՙ քրեական դատվածությամբ անձանց (էլ չենք խոսում եռահանցագործության մասին) կտրանականապես արգելել զբաղեցնելու որեւէ պետական պաշտոն:

Մոսկվա

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 27-03-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ