RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#009, 2015-03-13 > #010, 2015-03-20 > #011, 2015-03-27 > #012, 2015-04-03 > #013, 2015-04-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 27-03-2015



ՍՏՈՒԳԱԲԱՆՈՒՄ

Տեղադրվել է` 2015-03-26 23:40:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 2531, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ՎԵԳՆԵՐԸ ԵՎ ԼԵՄԿԻՆԸ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՐՄԻՆԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

ԱԼԲԵՐՏ ՄՈՒՇԵՂՅԱՆ

Արմին Թեոֆիլ Վեգները, երբ առաջին անգամ հոր գրասեղանին` մի լրագրում հաղորդագրություն է տեսել հայերի կոտորածների մասին, 9 տարեկան էր: Ինձ թվում է, թե այդ տարիքից նա իր` Արմին, եւ արմեն ժողովրդի անունների միջեւ տեսել է կապ, նմանություն ու մինչեւ իր սրտի վերջին տրոփյունը (92 տարեկան վախճանվել է Հռոմում) այլեւս անբաժան էր «հայ» ու «Հայաստան» հասկացություններից: 1960-ական թվերի սկզբին իմ ձեռքն ընկան Վեգների 1915-16 թվականներին Միջագետքից գրած նամակներից մի քանիսը, որոնցում նա նկարագրում է անապատ քշված հարյուր-հազարավոր հայերի մահվան ճամբարները: 1921 թվականին Վեգները, որպես վկա, Բեռլինում ներկա է եղել Սողոմոն Թեհլիրյանի դատավարությանը եւ հրատարակել նրա ողջ ընթացքի սղագրությունը «Թալեաթ փաշայի դատավարությունը» վերնագրով: Այս վերնագիրն ինքնին վկայում է նրաՙ հրապարակախոս-իրավագետի դիրքորոշման մասին: Փաստորեն Բեռլինի երդվյալների դատարանը դատում էր մի հայ ուսանողիՙ Պրուսիայի 1871 թվականի քրեական օրենսդրության կանխամտածված մարդասպանության հոդվածով, բայց Վեգները, ելնելով դատավարությունում Թալեաթին ներկայացրած եղեռնագործության բազմաթիվ սահմռկեցուցիչ փաստերից, իր նախաբանում այնպես է ներկայացնում, որ մեղադրյալի աթոռի մոտ կանգնած էր ոչ թե Թալեաթին սպանած վտիտ հայ պատանին, այլ մի հաղթանդամ մեռելիՙ իսկական մարդասպանի արյունոտ ուրվականը, որը շաղախված էր բնաջնջված մի ժողովրդի արյան մեջ: Ահա թե ինչու Բեռլինի դատավարությունը նա անվանում է «Թալեաթ փաշայի դատավարությունը», որը իր նշանակությամբ վերաճում է համամարդկային դատավճռի եւ դառնում համաշխարհային պատմական տրիբունալ, որտեղ հաղթանակեց վրիժառության ոգին: Թեհլիրյանին նա դիտում էր որպես մի հյուլե, որը կոչված է իրագործելու իր ցեղի վրեժխնդրությունը: «Թալեաթ փաշայի դատավարության» նախաբանում, որը մի հրացայտ պամֆլետ է եւ ոչ միայն նախաբան, մեծարանքի ամենաբարձր խոսքով Վեգները դրվատում է ժողովրդական վրիժառու Սողոմոն Թեհլիրյանին եւ նրա սխրանքը.

«Հանգամանքների անակնկալ շրջադարձով տեղի է ունենում այն, որ ամբաստանյալը մի տառապող ու անմռունչ զոհ, առանց իսկ այդ մասին անձամբ գեթ մի բառ արտասանելու, սոսկ իր հետեւում կանգնած փաստերի զորությամբ դառնում է մեղադրող, եւ որ այլեւս ոչ թե Սողոմոն Թեյլիրյանն է կանգնում մեղադրյալի աթոռի մոտ, այլ մի մեռելի արյունոտ ստվերըՙ խորապես բացահայտելով այն խորհրդավոր խոսքը, թեՙ «Ոչ թե սպանողը, այլ սպանվածն է մեղավոր»: Բայց Թալեաթ փաշայի դերի բացահայտմամբ անգամ չի սպառվում այս դատավարության ողջ նշանակությունը. նրանք երկուսն էլՙ վտիտ հայ ուսանողն ու հաղթանդամ թուրք պետական գործիչը, հետին գիծ են մղվումՙ գրեթե կիսով չափ բնաջինջ արված մի ամբողջ ժողովրդի սոսկալի ողբերգության առջեւ, որ վեր է հառնում իր շիրիմներից, որ կարկառում է իր ծյուրված բազուկներն ընդդեմ պատերազմի արհավիրքի, ընդդեմ իր դահճի գազանության, եւ այս դատարանի ամբիոնից մի անգամ եւս աշխարհն ի մեկ աղաղակում իր անասելի վիշտը: Ահա թե ինչն է այս դատը դարձնում մեկն այն ամենահիշարժան դատավարություններից, որ երբեւէ տեղի են ունեցել Գերմանիայում, քանզի նրանում ի հայտ եկած դեպքերն այնքան խոր, ցնցող ուժով են ներգործում, որ չնայած բացահայտ բռնի սպանությանը, երդվյալներն արդարացման վճռի հանգեցին, որով այս դատավարությունը, հակառակ նրան քաղաքական բնույթ չտալու բոլոր ջանքերին, փշրում է արգելքները եւ վերաճում համամարդկային տրիբունալի, իսկ նրա վճիռը դառնում է համաշխարհային պատմական նշանակություն ունեցող դատավճիռ:

Ինքըՙ Սողոմոն Թեյլիրյանը, խորհրդանիշ է միայն, մի հյուլե, որի մեջ կուտակված է մի ողջ անիրավված ցեղի տառապանքը, ցեղ, որն օրհասական ինքնապաշտպանության պահին ի կատար է ածում իր հատուցումը»:

1965 թվականին, երբ Խորհրդային Հայաստանում առաջին անգամ երթերով եւ ցույցերով նշվում էր Մեծ եղեռնի հիսնամյա տարելիցը, թարգմանեցի Թալեաթ փաշայի դատավարության սղագրության առթիվ Վեգների գրած վերոհիշյալ նախաբանը «Սովետական գրականություն» ամսագրի համար, որը պետք է տպագրվեր 1965 թվականի 4-րդ համարում, բայց ապրիլի 24-ի նախընթաց գիշերը գրաքննությունը համարից հանեց այդ թարգմանությունը եւ իմ ձեռքն անցան միայն շարվածքի էջերը (էջ150-157)ՙ տպարանի գիշերային գրաշար, այժմ ճանաչված գրող-հրապարակախոս Հրաչյա Մաթեւոսյանի շնորհիվ:

Դրանից հետո ես հաջողում էի Վեգներից թարգմանաբար տարբեր թերթերում տպագրել առանձին նամակներ միայն, այսպես ասածՙ «աննկատ» օրերին, բայց տարելիցներինՙ երբեք:

1974 թվականի սեպտեմբերի 8-ին, երբ Արմին Վեգները 88 տարեկան էր, գտա նրա հասցեն եւ մի նամակ գրեցի Հռոմումՙ Ստրոմբոլիում բնակվող հայ ժողովրդի անձնվեր բարեկամին, նախ երախտագիտություն հայտնելով նրա կյանքի մեծագույն գործի համար եւ ապա թույլտվություն խնդրեցի թարգմանելու եւ հրատարակելու այդ նամակները: Ինը օր հետո ի պատասխան` Վեգներն ինձ ուղարկեց գրական մեծ արժեք ունեցող մի նամակ: Երկուերեք տարի առաջ, երբ Գերմանիայի Վեգներյան ընկերությունն իմացավ այդ եւ հաջորդ նամակների մասին, որոնք ես ստացել եմ նրա կնոջից` Իրենե Կովալիսկայից, ընկերության նախագահ Հաակերը խնդրեց այդ նամակների պատճենները, իսկ բնագրերը պահում եմ իմ անձնական արխիվումՙ որպես մասունքներ. դրանք ինձ համար վեգներյան ամենաթանկ հիշատակներն են: Ուզում եմ այստեղ հիշատակել նաեւ, որ Իրենե Կովալիսկայի պատվերով 1982 թվին Բեռլինից ինձ ուղարկեցին Վեգների նոր լույս տեսած երկերի ժողովածունՙ «Աշխարհների խաչմերուկում» վերնագրով, որից ես թարգմանեցի Հայոց եղեռնին վերաբերող նաեւ ուրիշ գործեր:

Վեգները եղել է ամենաականավոր ականատեսը Հայոց ցեղասպանության: Միջագետքի անապատում նա այցելել է մահվան ճամբարներ: 1916 թվին Բաղդադից Գերմանիա վերադառնալիս երկրորդ անգամ է անցել այդ տեղերով, եւ նախկին` հոծ բազմության փոխարեն անապատի ավազուտներում տեսել արեւի տակ շլացուցիչ սպիտակին տվող ոսկերոտիք: Բարձր Հայքից եւ Փոքր Ասիայից տեղահանված եւ Ամանոսի ու Տավրոսի լեռներով անապատներ քշված ժողովուրդը 10 ամսվա ընթացքում վերածվել էր ցաքուցրիվ ոսկորների... Եվ այս կսկիծը նրան ուղեկցել է ողջ կյանքում... Նա հաճախ է խորհել պատմության դասերի մասին: Նշում է, հատկապես մեզ համար, որ այն ժողովուրդը, որը դասեր չի քաղում պատմությունից, դատապարտված է կրկնելու իր ճակատագիրը: Տեսնես` ե՛րբ պետք է դաս քաղենք մեր անցյալից...

Թալեաթ փաշայի դատավարության վերոհիշյալ նախաբանում, իրավագիտության դոկտոր Արմին Թ. Վեգները տալիս է նաեւ հայ ժողովրդին բնաջնջելու երիտթուրքերի իրագործած ոճրի քրեա-իրավական գնահատականը:

Դատապարտելով երիտթուրքերի շինծու պատրվակըՙ հայերի տեղահանությունը պատճառաբանելու «ռազմական միջոցառումների» անհրաժեշտությամբ, նա ընդգծում է. «Ռազմական միջոցառումների շինծու անհրաժեշտությունը, որպես կանոն, սոսկ մի պատրվակ է, «անապատում վերաբնակեցնելը» մի փուչ դատարկաբանությունՙ ներկա դարի ամենաարյունալի ոճիրը սքողելու համար, որի նպատակը ոչ այլ ինչ է, քան մի ժրաջան եւ բարձրակարգ ռասայի իսպառ ոչնչացում»: Այստեղ «Vernichtung einer Rasse» արտահայտությամբ իրավագիտության դոկտոր Վեգներն առաջին անգամ տալիս է ցեղասպանություն քրեական ոճրագործության իրավական բնութագիրըՙ որպես մարդու հայ տեսակի բնաջնջում եւ համարում է այն 20-րդ դարի ամենաարյունալի ոճրագործություն ընդդեմ մարդկության:

Դեռ տարիներ առաջ գրել եմ, որ իրավաբան Ռաֆայել Լեմկինը` ծագումով լեհական հրեա (1900-1959), արդեն իսկ 20-ական թվականների սկզբին Հայոց ցեղասպանության մասին իր առաջին տպավորությունները ստացել է Արմին Վեգների հրապարակումներից, հատկապես Սողոմոն Թեհլիրյանի վրիժառությունն արդարացնող Թալեաթ փաշայի բեռլինյան դատավարությունից եւ այդ սղագրությունը հրատարակող Վեգների նախաբանից: Մեր օրերի գերմանացի ցեղասպանագետ Գեորգ Բարթը հաստատում է, որ Լեմկինը, որպես իրավաբան, ժողովուրդների ցեղասպանության թեմայի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերեց 1920-ական թվականների սկզբին, երբ իրավագիտություն էր ուսանում Լվովի համալսարանում: «Նրա վրա այն ժամանակ մեծ տպավորություն թողեց երիտասարդ մի հայի ձեռքով Բեռլինում Թալեաթ փաշայի սպանությունը, որն իբրեւ թուրքական նախկին ներքին գործոց նախարար, հատկապես պատասխանատվություն էր կրում հայերի բնաջնջման համար» :

1926 թվականին պաշտպանած ատենախոսության մեջ Լեմկինն անդրադառնում է Սողոմոն Թեհլիրյանի սխրանքին, ներկայացնում է ցեղասպանության նախապատմությունը, հայ ժողովրդի ծագումը` հեթանոսական ժամանակներից եւ այլն: Ամերիկահայ իրավաբան Վարդգես Եղիայանը մի քանի տարի առաջ հրատարակեց Լեմկինի այդ ձեռագիր աշխատությունը, որը հենց հիշածս ատենախոսությունն է: 1933 թվականից, աշխատելով Ազգերի լիգայի Մադրիդի կենտրոնում, բազմիցս բարձրացրել է հայոց ցեղասպանության դատապարտման գաղափարը: Պատերազմի ժամանակ կորցնելով ընտանիքըՙ մի կերպ փախչում է Միացյալ Նահանգներ:

Նախորդ տարիների մի քանի հրապարակումներում ցույց եմ տվել, որ 1943 թվականի նոյեմբերին իր «գենոցիդ» լատիներեն բառը ստեղծելիս Լեմկինն ըստ էության հիմք է ընդունել 1921 թվականին «Թալեաթ փաշայի դատավարությունը» նախաբանում Վեգների գործածած գերմաներեն Vernichtung einer Rasse (ռասայի ոչնչացում) արտահայտությունը, եւ գերմաներեն այդ երկու բառերը փոխարինել է լատիներեն երկու արմատովՙ genus+cid (caedere=ոչնչացնել բայից): Այդ տերմինը նա առաջին անգամ պաշտոնապես գործածեց 1944 թվականին վտարանդի լեհական կառավարության պատվերով հրատարակած «Առանցքի տերությունների վարչակարգը օկուպացված Եվրոպայում» աշխատության մեջ, որտեղ լայնորեն մեկնաբանում է լեհերի եւ հրեաների զանգվածային կոտորածները:

Այսպիսով Վեգների գերմաներեն Vernichtung einer Rasse, Լեմկինի լատիներեն genocide եւ հայերեն «ցեղասպանություն» երեք տերմիններն իրենց բառակազմությամբ եւ քրեա-իրավական նշանակությամբ իրար լիովին համարժեք են եւ բնութագրում են միեւնույն ոճրագործությունըՙ մարդու տեսակի, հատկապես մի ցեղի բնաջնջում, որպիսի իմաստ չի արտահայտում հրեաների հոլոքոստը (ֆրանս. «ողջակեզ»): Ահա թե ինչու ականավոր իրավագետ եւ հումանիստ Ռաֆայել Լեմկինը կտրուկ հրաժարվեց ՄԱԿ-ի կոնվենցիայումՙ որպես ցեղասպանություն բնութագրող տերմին ընդունել «հոլոքոստ» բառը եւ դրանով հավատարիմ մնաց Արմին Վեգների գաղափարին: Ինչպես նշում է գերմանացի ցեղասպանագետ Բորիս Բարթը, առնվազն չորս անգամ առաջադրվելով խաղաղության Նոբելյան մրցանակի, Լեմկինը չկարողացավ մինչեւ կյանքի վերջը հրատարակիչ գտնել իր անգլերեն «Ցեղասպանության պատմություն» եռահատոր աշխատության համար եւ 1959 թվին վախճանվեց Նյու Յորքում աղքատության մեջ:

Ռաֆայել Լեմկինի համար չափազանց կարեւոր էր, որ «genocide» (ցեղասպանություն) նորաբանությամբ դատապարտվեն առաջին հերթին անցյալում կատարված բոլոր ցեղասպանությունները, որպեսզի կոնվենցիային հաջորդած ժամանակաշրջանում կանխվեն մարդկությանը սպառնացող նման երեւույթները: Այս պատճառով կոնվենցիայի ընդունման նախօրյակին իր հրապարակած հոդվածում նա անխտիր «genocide» (ցեղասպանություն) նորաբանությամբ բնորոշեց պատմական խորը հնադարից մինչեւ ներկա ժամանակը շատ ժողովուրդներին, այդ թվում հայերին վիճակված բնաջնջման փաստերը: Հենց այդ նպատակով Լեմկինի առաջարկով «genocide» (ցեղասպանություն) նորաբանության հետ կոնվենցիայի մեջ մտցվեց նաեւ նախկինում լայն տարածում գտած մի այլընտրանք: Հենց այդ նպատակով էլ 1948 թվականի դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի ընդունած միայն անգլերեն եւ ֆրանսերեն բնագրերում է տեղ գտել լատիներեն «genocide» (ցեղասպանություն) նորաբանությունը, իսկ գերմաներեն բնագրում օգտագործվել է գերմաներեն VՓlkermord տերմինը, որը 20-30-ական թվականներին միջազգային ֆորումներում եւ Ազգերի լիգայում պաշտոնապես գործածվում էր հենց Հայոց ցեղասպանությունը բնութագրելու առիթով: Լեմկինի հղացմամբ, անցյալում գործածված այդ գերմաներեն տերմինն անհրաժեշտ էրՙ ցույց տալու համար, որ կոնվենցիան տարածվում է նաեւ մինչ այդ կատարված հայերի, հրեաների, լեհերի, ասորիների ցեղասպանությունների վրա:

Թվում է, թե մեր դիվանագետները տեղյակ չեն, որ ՄԱԿ-ի որոշմամբ «ցեղասպանություն» բնութագրող միջազգային տերմին է ոչ միայն «գենոցիդ» նորաբանությունը, այլեւ գերմաներեն VՓlkermord (ժողովրդի սպանդ) տերմինը: Միջազգայնորեն ընդունված գերմաներեն տերմինն օգտագործելովՙ մեր հայ դիվանագետները կարող էին հենց ՀՀ անկախության սկզբից ոչ միայն հասնել մի ամբողջ շարք գերմանախոս պետությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանըՙ նրանց համար հարազատ «VՓlkermord» գերմաներեն տերմինի օգնությամբ, այլեւ ՄԱԿ-ի կոնվենցիան օգտագործելով որպես «VՓlkermord» եւ «genocide» երկու տերմինների նույնությունը հաստատող միջազգային օրենք, առհասարակ բացարձակ շանս ունեին Հաագայի դատարանի միջոցով Թուրքիային պարտադրել ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Ցավոք, կոնվենցիայի ընձեռած այս հնարավորությունը մինչեւ այժմ չի օգտագործվել: Մինչեւ հիմա էլ գերմանախոս պետություններից պահանջում ենք ճանաչել հայոց գենոցիդը ՙ փոխանակ դիմելու նրանց մայրենի «VՓlkermord» գերմաներեն տերմինի միջնորդությանը: Ամեն ապրիլի 24-ին անհամբեր սպասում ենք, թե ո՞ր պետության ղեկավարը կարտասանի գենոցիդ մոգական բառը:

Նկար 1. Արմին Թեոֆիլ Վեգներ

Նկար 2. Ռաֆայել Լեմկին

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 27-03-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ